«Երևի Քիմ Քարդաշյան պետք է ըլլայի, որ զիս մի բանի տեղ դնեին». հայ կինոռեժիսորի` աշխարհում մեծ համբավ վայելող ֆիլմը վերջապես Հայաստանում է

1915 թվականի Հայոց ցեղասպանության հետքերի մասին պատմող շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «ՏԱՏԻԿԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ» ֆիլմը ապրիլի վերջին վերջապես կցուցադրվի Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում:
Օսմանյան Թուրքիայի հայատյացության ու իրականացրած եղեռնի նկարագիր այս ֆիլմում Խարտալյանը ցույց է տվել իր տատի և այլ 300.000 հայուհիների ստրկության դաջվածքները: Ռեժիսորի տատը 1915-ին 12 տարեկան էր, երբ թուրքերը որպես սեփականության նշան դաջվածքներ արեցին նրա մարմնի` գլխի, դեմքի, ձեռքերի վրա:
Հանրահայտ ֆիլմը ապրիլի 23-ին կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, ապրիլի 25-ին` Վանաձորում, 26-ին՝ Գյումրում, իսկ ապրիլի 28-ին «կուղևորվի» Ստեփանակերտ: Խարտալյանը ներկա կլինի բոլոր ցուցադրություններին:

Նախաձեռնության հեղինակը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի հանձնախումբն է:

«Մեծ եղեռնի հիշատակման օրերին կինոռեժիսորին հրավիրել ենք Հայաստան` ցուցադրելու այս մեծ աղմուկ հանած ֆիլմը առանց կոմերցիոն նպատակների»,- նշում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանը:

Լրագրող և ռեժիսոր Սյուզան Խարտալյանի ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 21-ին Ստոկհոլմում, որից անմիջապես հետո թուրքական համայնքը մեծ աղմուկ է բարձրացրել: Մինչ այդ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում, Լիբանանում, Թուրքիայում: Իսկ արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով ֆիլմը ցուցադրվել է մի քանի անգամ փրայմ-թայմերին:

Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը սպասվում էր դեռ 2011-ի աշնանը` «Կին» կինոփառատոնի շրջանակներում, սակայն մինչ ՀՀ մշակույթի նախարարությունից «Մեդիալաբին» հավատացնում են, որ հրավիրել էին Խարտալյանին, կինոռեժիսորը հակառակն է պնդում:

«Երևի Քիմ Քարդաշյան պետք է ըլլայի, որ զիս մի բանի տեղ դնեին»,- հումորով ասում է Խարտալյանը՝ նշելով, որ ֆիլմը հավանաբար նախարարությանը չի հետաքրքրել, կամ ինքը չի հայտնվել նախընտրելիների ցուցակում:

Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարությունների ու սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետների միջև առկա խնդիրը, ըստ ռեժիսորի, ճաշակի տարբերությունն է.

«Իրապես խնդիրներ կան: Երբեմն ան տպավորությունն ունիմ, թե ես երկրորդ դասի հայ կը համարվիմ Հայաստանում: Հետո` ես քիչ մը քննադատական եմ իմ ֆիլմերուն մեջ, կրնա ըլլալ այդ ևս մարդկանց դուր չգա: Բայց և այնպես, ես ոչ մեկ հարց չեմ տեսներ, որ իրենց կողմե հրավեր չեղավ. ես անկախ ստեղծագործող եմ»:

Մինչդեռ մշակույթի նախարարությանն առընթեր «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Մեդիալաբին» հաղորդում է, որ իրենք երբեք չեն հրավիրում ռեժիսորների կամ դրսից ֆիլմ չեն բերում Հայաստանում ցուցադրելու:

«Այդ հրավերը կատարում են փառատոները կամ կինոթատրոնները, քանի որ ֆիլմ ցուցադրելը ենթադրում է ֆիլմի գնում կամ վարձում»,- բացատրում է Գևորգյանը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

© Medialab.am