«Մենք այս բանակն այսպիսին չենք հիմնադրել, մեր հիմնադրած բանակը, որ հաղթել է թշնամուն, յուրահատուկ էր իր լավ բարքերով». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Վերջին օրերին բանակում միջադեպեր են գրանցվում, մի դեպքում՝ վթարից զինվորներ են զոհվում, մյուս դեպքում՝ զինվորը հանկարծամահ է լինում։ Այս ամենն ինչի՞ մասին է խոսում, պատճառները որտե՞ղ պետք է փնտրել, որ հնարավոր չի լինում բանակում զոհերը կանխել։

– Դրանք դժբախտ պատահարներ են, բայց երբ զոհերը լինում են միջանձնային հարաբերությունների հողի վրա, այդ հարաբերությունները ճշտող կառույցները պետք է կրճատել և համապատասխանեցնել իրական վիճակին։

Նախկինում իրավապահ մարմինները ստեղծել են անձերի համար, օրինակ՝ ժամանակին Վազգեն Սարգսյանը Վովա Գասպարյանի համար ստեղծել է ռազմական ոստիկանությունը։ Ու հիմա ռազմական ոստիկանությունը մեծ վնաս է հասցնում բանակին, որովհետև ամբողջ աշխարհում միջանձնային հարաբերությունները ճշտող երեք համակարգ կա՝ հրամանատարական հետաքննություն, զինդատախազություն և զինդատարան։ 

Իսկ մեզ մոտ ֆորմալ կա հրամանատարական հետաքննություն, բայց իրականում գոյություն չունի, որովհետև ռազմական ոստիկանությունը չի թողնում, որ տեղի ունենա հրամանատարական հետաքննություն, նրա լիազորությունները չարաշահված են, ուռճացված են ռազմական ոստիկանության լիազորությունները, և նրանք շատ մեծ միջնորդություններ են անում բանակում։ Հետո կա քննչական համակարգ, կա դատախազության համակարգ, կա քրեական հետախուզություն, քրեական հակահետախուզություն և այլն։ 

9 համակարգ կա, և բոլորն էլ ուլունք են փնտրում կեղտի մեջ։ Նրանք նույնիսկ պլան են կազմում, թե այս ամիս քանի մարդու պետք է դատեն և դատում են՝ դրանով կազմաքանդելով բանակը։ 

Այն, որ այսօր ռազմական ուսումնարանները դատարկ են, երիտասարդները չեն ցանկանում սպա դառնալ, նրանից չէ, որ վախենում են պատերազմից, այլ նրանից, որ գիտեն, որ բոլոր սպաները դատվում են։ Գիտեն, որ գլխներին սարքում, դատում են։ Փաստորեն, հրամանատարը ունի բազմաթիվ պարտականություններ, բայց զորամասում չունի իրավունքներ։ 

Սրա մասին պետք է մտածի պաշտպանության նախարարը։ Իսկ այսպես որքան էլ ստուգայցեր, հանկարծակի ստուգումներ անցկացնի, միևնույն է՝ նման երևույթները կանխել հնարավոր չէ։ Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչի մասին այստեղ թվարկեցի, նախարարը գաղափար չունի, որովհետև եթե ինքը կանչի որևէ հրամանատարի, ասի՝ բացատրեք, իրեն չեն բացատրելու։ 

– Այսինքն՝ ամեն ինչ հին իներցիայո՞վ է գնում։

– Այո՛, հին իներցիայով, հին բարքերով են առաջ գնում, ոչ մի նոր բան չկա։ Պաշտպանության նախարարն էլ նոր մարդ չի, հին մարդ է համակարգում, կապ չունի, որ հեղափոխությունից հետո է նշանակվել։ Նա այդ համակարգը նախկինում էլ ղեկավարել է փոխնախարարի կարգավիճակով, ծանոթ է կառավարմանը և ինքն իր իմացած հին ձևով է կառավարում։ 

Օրինակ՝ իմ բոլոր ընկերներն էլ գիտեն, թե ի՛նչ է պետք միջին սպայական կազմին կրթելու համար, և մենք էլ գիտենք, որովհետև այս բանակը ծնողներից ենք։ Մենք այս բանակն այսպիսին չենք հիմնադրել, մեր հիմնադրած բանակը, որ հաղթել է թշնամուն, մեր առավելություններից մեկը այն է եղել, որ մեր բանակը յուրահատուկ էր իր լավ բարքերով, իր կազմակերպչական կողմերով։

Հիմա դա չկա, վերջին 2 տասնամյակում ձևավորվել են խորհրդային բանակի կառուցվածքով զինված ուժեր, որտեղ կան միջանձնային հարաբերություններ ճշտող ուռճացված մարմիններ՝ չհաշված մնացած բացասական երևույթները։ 

– Վերջին շրջանում շատ է խոսվում բանակում սննդի որակի կտրուկ բարելավման մասին։

– Դա շատ լավ է, հոյակապ է, կարող ենք մրցել աշխարհի լավագույն բանակների ճաշարանների և սննդի հետ։ Սննդին մեծ ուշադրություն է դարձվել, հարցը կարգավորված է, սպառազինությանը նույնպես ուշադրություն է դարձվում, բայց եթե ուշադրություն դարձվի նաև այն խնդրին, որի մասին նշեցի, ապա չեն լինի սպանություններ, ինքնասպանություններ կամ հանկարծամահություններ։ 

Օրինակ՝ ի՞նչ իրավունք ունեն հիվանդ տղային զորակոչել բանակ։ Ո՞վ է զորակոչել։ Հրամանատարի՞ն պետք է մեղադրել, որ անփույթ է եղել։ Իհարկե ոչ, որովհետև հրամանատարը գիտի, որ ստանում է առողջ զինվորներ, որպեսզի ինքը նրանց բաշխի, թե ով որտեղ պետք է ծառայի՝ ըստ ընդունակությունների։

Եթե զինվորը հանկարծամահ է եղել, նշանակում է խնդիր է ունեցել, ուրեմն նրան պետք չէր զորակոչել բանակ։ 

– Մի քանի օր առաջ էլ հրապարակվեց, որ կան, այսպես կոչված, «էլիտար» զորամասեր։ ձեզ համար նորությո՞ւն էր դա, և ինչո՞ւ նոր Հայաստանում պետք է լինեն նման զորամասեր։ 

– Նման բան չկա, ի՞նչ է նշանակում «էլիտար» զորամաս։ Բոլոր զորամասերը հավասար են։ Կան զորամասեր պարզապես, որ առաջնագիծն են պահում, կան զորամասեր, որ հրետանային պաշտպանությունն են ապահովում, կամ տանկային են, հակաօդային պաշտպանություն են։

– Նշվում է, որ այդ զորամասում հայտնի անձանց երեխաներ են ծառայում։

– Գոնե լավ է, որ ծառայում են, առաջ չէին էլ ծառայում։ Հիմա եթե իրենք ինչ-որ բարքեր են ստեղծել, թող պատասխան տան այդ ստեղծողները։ Անաչառ քննությունը դրա պատասխանը պետք է տա, մենք կարծիք կազմելու իրավունք չունենք։ Դրանք այնպիսի հարցեր են, որ կարծիքով չի լինի, պետք է լինեն ստույգ ու ճշգրիտ իրավական գնահատականներ, իսկ դա կտա միայն քննությունը։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակի խնդիրները ամբողջությամբ չեն գիտակցվել ղեկավարության կողմից։ 

– Իմ բարձրացրած հարցերը շատ ակտուալ են և պետք է վերանայվեն բանակում։ Եթե դրանք չվերանայվեցին, մենք չենք կարողանալու բանակում ստեղծել ռեալ կարգուկանոն, սպայական կազմի համալրում տեղի չի ունենալու։ Իմ նշած կառուցվածքային փոփոխությունները պետք է անհապաղ կատարվեն զինված ուժերում։ Ամեն ինչի հիմքում դա է ընկած։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am