Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին

Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին
Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին

  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում անցկացված «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են փորձնական ծրագրի շրջանակում իրենց ստացած գիտելիքները, պարային և երաժշտական հմտությունները: Բայց դասից հետո նախարարը խորհրդակցություն է անցկացրել փորձնական ծրագրում ընդգրված դպրոցի տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, […]

 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում անցկացված «Ազգային երգ և պար» առարկայի բաց դասին, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են փորձնական ծրագրի շրջանակում իրենց ստացած գիտելիքները, պարային և երաժշտական հմտությունները: Բայց դասից հետո նախարարը խորհրդակցություն է անցկացրել փորձնական ծրագրում ընդգրված դպրոցի տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես,  մանկավարժական կադրերի պատրաստման, դասագրքերի, ֆինանսական միջոցների տրամադրման և այլ հարցեր:
 
Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փորձնական ծրագրում ներգրավվել են ազգային երգ ու պարի լավագույն մասնագետները: «Թեև ծրագիրը փորձնական է, բայց իր հանրային հետաքրքրությամբ այն աննախադեպ է: Հենց սկզբից էլ ծրագիրը մեծ հնչեղություն է ստացել. հանրության ճնշող մեծամասնություն կողմ է ծրագրին, սակայն կան քննադատողներ, ովքեր գտնում են, որ ժամանակակից դպրոցում «Ազգային երգ և պար» առարկային տրված դասաժամերը պետք է ուղղվեն մաթեմատիկա, քիմիա կամ ֆիզիկա առարկաների լրացուցիչ պարապմունքներին: Իհարկե, յուրաքանչյուր առարկա ունի իր տեղն ու նշանակությունը. բնագիտությունը և ճշգրիտ առարկաները շատ կարևոր են, բայց ժամանակակից դպրոցի առաքելությունը ժամանակակից հայ դաստիարակելն է` հակառակ պարագայում մենք չենք կարող խոսել ազգային դպրոցի մասին: Հայագիտական առարկաների այն ծաղկեփունջը, որ ունենք դպրոցում, պետք է հարստանա մի մշակութային գեն, կոդ բացահայտող այսպիսի առարկայով: Իմ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որում ներգրավված են մշակույթի նախարարության աշխատակիցներ, ոլորտի լավագույն մասնագետներ, մանկավարժներ, փորձնական ծրագրին հընթացս մշակում է առարկայի դասավանդման մեթոդաբանություն, ծրագրի բովանդակություն`  առարկան առավել հետաքրքիր ձևաչափով դարձնելու համար: Իրավամբ, այս առարկան մեր մեջ վերաբացում է մեր ազգային ինքնության երբեմն խամրող տարրերը: Ազգի ակունքներից եկող պարային շարժումները և մեղեդային ելևէջներն առաջին հայացքից կարող են թվալ պարզունակ, իսկ իրականության մեջ դրանք շատ խորքային, մշակութային ֆենոմեն են: Առարկայի շնորհիվ աշակերտների մոտ յուրահատուկ համախմբվածություն, թիմային զգացողություն, սեփական հողին կառչելու, դրա վրա ապրելու, սովորելու զգացում ենք ուզում արթնացնել»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ներկայումս ի մի են բերվում փորձնական ծրագրի արդյունքները և մոտ ապագայում կմշակվեն համապատասխան ծրագրեր, տեսաերիզներ, սկավառակներ, ուսուցողական նյութեր, որպեսզի ամեն տարի ընդլայնվի դպրոցների ցանկը: «Ծրագիրն ընթանում է ավելի լավ, քան սպասվում էր: Վստահ եմ, որ կգա մի օր, երբ առարկան կդառնա պարտադիր, ազգային դպրոցի բաղկացուցիչ և կարևորագույն տարրերից մեկը»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար: Համաձայն ծրագրի` «Ազգային երգ ու պար» առարկան 5-րդ դասարանում պետք է հիմք դնի մշակույթի միջոցով և մեր հազարամյա երաժշտական ավանդույթների փոխանցման շնորհիվ նոր սերնդի ազգային ինքնագիտակցության և գեղագիտական ճաշակի բարձրացման, մտավոր, հոգևոր զարգացմանն ու ազգային հոգեկերտվածքի հզորացմանը:
 «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթը 1,5 դասաժամ, ընդամենը՝   51 ժամ:
Ծրագրերը փորձարկում են անցնում ՀՀ հետևյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Երևանի թիվ 11, թիվ 20, թիվ 52, թիվ 92, թիվ 131, թիվ 150, թիվ 162, թիվ 200, Աբովյանի թիվ 2  և  Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցներում: