«Սփյուռքի մի հատվածի կազմակերպած բողոքը ոչ կարող է օգնել Հայաստանին և ոչ էլ խանգարել՝ բացառապես ներքաղաքական դիմակայության դրսևորում է». Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին Հայաստանի վարչապետի հայտնի հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստերը և դուրս եկել փողոց: Ասում են՝ նպատակ ունեն փրկելու Արցախը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Չգիտեմ, թե փողոց ելած ընդդիմությունը կոնկրետ ի՛նչ է հասկանում վարչապետ Փաշինյանի «նշաձող իջեցնելու» ակնարկի տակ, բայց, իրավական տեսանկյունից, եթե այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ առանց համապատասխան նախապայմանների որևէ փաստաթուղթ կնքի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, դա ինքնին կնշանակի, որ պաշտոնական Երևանը ճանաչում է Ադրբեջանի ներքին օրենսդրությամբ սահմանված վարչատարածքային ներքին բաժանումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչական միավոր գոյություն չունի՝ ժամանակին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերացվել է և ներառվել մի քանի այլ շրջանների կազմում:

Բաքվի այդ քայլը իրավաչափ չի եղել, և այն պետք է նախ վիճարկվի ու չեղարկվի, ապա նոր խոսք գնա Բաքվի ու Երևանի միջև համապարփակ միջպետական պայմանագիր ստորագրելու մասին: Այդ դեպքում նաև Ստեփանակերտ-Բաքու հարաբերությունների գիծն իր զարգացումն ունենալու հեռանկար կստանա:

– Ընդդիմությունը պահանջում է իշխանություններից ասել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ իշխանությունն էլ այդպես ուղիղ չի ասում, ինչն էլ դժգոհություն է հարուցում: Ի՞նչ կարծիքի եք: Ընդհանրապես, ըստ ձեզ, ինչպե՞ս է հնարավոր փրկել Արցախը: Օրինակ՝ իշխանությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարց է բարձրացնում և դրա համար առաջ մղում խաղաղության օրակարգը:

– Արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը կարևոր է, բայց եթե գալիս ենք դրան, ապա պետք է խոսվի ողջ ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության մասին: Այսինքն՝ խոսքը պետք է վերաբերի 150.000 արցախահայերին և ավելի քան կես միլիոն Ադրբեջանից բռնի տեղահանված ադրբեջանահայ փախստականներին:

Բայց արի ու տես, որ ՀՀ գործող իշխանությունները իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը դիտարկում են բացառապես արցախահայության պարագայում, բայց պատրաստ են դա անելու առանց տարածքային չափման մեջ այդ իրավունքների իրագործման պահանջը դիտարկելու պարտադիր պայման առաջ քաշելու:

– Պարո՛ն Մելիքյան, ՀՀ առաջին նախագահն ասում է՝ ով էլ լինի երկրի ղեկավարը «հլու-հնազանդ ընդունելու է այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Դա իր սկզբունքային մոտեցումն է: Սկզբունքայնությունը հարգանքի արժանի հատկություն է: Այդուհանդերձ համաձայն չեմ, որ դա է միակ տարբերակը, թեև գիտակցում եմ, որ այլ արդյունք ունենալու համար լուրջ ջանքեր են հարկավոր լինելու: Իրականում անիրագործելի նպատակներ չկան, կա նպատակին հասնելու համար տրվելիք գնի խնդիր: Անհրաժեշտ է նախ ձևակերպել ստույգ նպատակը:

– Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է սպասվում: Ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից:

– Հատուկ սպասելիքներ չունեմ: Գուցե այդ հանդիպումը մեզ ավելի լավ պատկերացում տա այն մասին, թե ՀՀ գործող իշխանությունների զիջողականությունը որչափ է առաձգական:

– Եվ, պարո՛ն Մելիքյան, որպես նախկին դիվանագետ՝ շատ կուզեինք մեկնաբանեիք այս օրերին Նիդերլանդներ, մինչ այդ՝ ԱՄՆ պաշտոնական այցերի ընթացքում տեղերում հայերի բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվել են հայհոյանքներով և նմանաբնույթ այլ վանկարկումներով: Դրանք չե՞ն ազդում երկրի հեղինակության վրա:

-Երկրի միջազգային հեղինակության վրա առաջին հերթին ազդում են իշխող վերնախավի կողմից վարվող քաղաքականությունն ու պետության շահերի ապահովման արդյունավետությունը: Կոնկրետ ձեր նշած դեպքում հավանաբար գործ ունենք ներքաղաքական դիմակայության «արտահանման» երևույթի հետ:

– Ի՞նչ եք կարծում նման ակցիաներով սփյուռքն ավելի շատ օգնո՞ւմ, թե վնասում Հայաստանին։

Այս դեպքում մենք գործ ունեք սփյուռքի մի հատվածի կազմակերպած բողոքի դրսևորման հետ, որն ինքնին միջազգային հարաբերությունների ոլորտում ոչ կարող է օգնել Հայաստանին և ոչ էլ խանգարել՝ բացառապես ներքաղաքական դիմակայության դրսևորում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am