Արտասահմանյան դիվանագետներ են այցելել Հակարիի կամրջին գտնվող ադրբեջանական անցակետ. «Ազատություն»

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր մի խումբ արտասահմանյան դիվանագետներ են այցելել Հակարիի կամրջին գտնվող ադրբեջանական անցակետ։ Թե կոնկրետ ովքեր են եղել Լաչինի միջանցք այցելած դիվանագետների խմբում, չի հաղորդվում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

ԱՊԱ պետական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներից մեկի համաձայն՝ այդ պատվիրակության կազմում էր Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբբաս Մուսավին։

Արցախն ամբողջական շրջափակման մեջ պահելուց մեկ շաբաթ անց ադրբեջանական կողմը հինգշաբթի օրն էլ Հակարիի կամրջի իր կողմում, անցակետից ոչ շատ հեռու բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։ Ստեփանակերտը Բաքվի այդ քայլը սադրանք ու հանցավոր գործողություն է որակել՝ շեշտելով, որ Ադրբեջանն արգելում է անգամ Կարմիր խաչի և խաղաղապահների երթևեկությունը։ Հակարիի անցակետով Ադրբեջանը ելումուտը արգելել է դեռ հունիսի 15-ից՝ հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման՝ կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո։

Նախօրեին պաշտոնական Մոսկվան Բաքվին կոչ է արել ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ շեշտելով, որ նման գործողություններով խախտվում են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Հուլիսի 15-ից Լաչինի միջանցքի «գրեթե ամբողջական շրջափակման» կապակցությամբ խորը մտահոգություն էր հայտնել Բրյուսելը: Նախօրեին տարածած հայտարարությամբ միությունը շեշտել է, որ միջանցքի արգելափակումը ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանը և լուրջ մտավախություններ առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: