Երկու մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մայիսի 29-ին, ժամը 14.30-ին Շարուրի փողոցի «Էլեկտրոն» ընկերության արտադրամասում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Արարքը նախատեսում է ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, հաղորդում է Epress.am-ն ու հիշեցնում, որ պայթյունի հետևանքով ընկերության փոխտնօրեն՝ 65-ամյա Ազիզբեկ Բարսամյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի պետ՝ 72-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

© Medialab.am