Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումքային արտադրանք, ներմուծել մեքենաներ, սարքավորումներ

Հայաստանի արտահանման ծավալներում 2020-ին ամենամեծ բաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը, իսկ ներմուծման ծավալներում՝  մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանել է 2մլրդ 544 մլն 482.7 հազար դոլարի ապրանք՝ 2019-ի 2 մլրդ 648 մլն 582.8 հազար դոլարի համեմատ: Այսպիսով արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով:

2020-ին արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին: 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 828 մլն 075.4 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, ինչը 2019-ի նույն ժամանակի համեմատ ավելի է 11.5 տոկոսով: Թեև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը 2020-ին 2019-ի համեմատ նվազել է 12.8 տոկոսով, սակայն ընդհանուր արտահանման ծավալում այն երկրորդն է: 2020-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել է 559 մլն 921.9 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալը 2020-ին կազմել է 365 մլն 949.8 հազար դոլար, թեև դա 2019-ի համեմատ պակաս է 11.8 տոկոսով: 

2019-ի համեմատ 2020-ին էապես՝ 50.9 տոկոսով նվազել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը: Մեծապես՝ 52.7 տոկոսով աճել է կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքների արտահանումը՝ կազմելով 78 մլն 413.1 հազար դոլար: Իսկ տարբեր արդյունաբերական ապրանքների արտահանումը 2020-ին 2019-ի համեմատ ավելացել է 41.7 տոկոսով: