Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ից ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղուկասյանը:

«Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ,

Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենաազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար»,–նշել է նա:

Ղուկասյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել է ապահովել առաջընթաց՝ հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն իրենց տեսանելի արդյունքն են ունեցել ու կշարունակեն ուղենիշ լինել հետագայի համար։

«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,–հավելել է Ղուկասյանը: