3-4 շաբաթ անց ստիպված ենք լինելու վերաբացել փակված հիվանդանոցները․ բժիշկ

Կրծքային վիրաբույժ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լավագույն ժամանակը պատվաստվելու հիմա է։ Կարծում եմ մոտակա 5 ամիսների ընթացքում չի լինելու նման հնարավորություն։ Վարակվածության թվի ավելացումը և այլ երկրների օրինակները համադրելով, կարելի է ասել, որ 3-4 շաբաթ անց ստիպված ենք լինելու վերաբացել փակված հիվանդանոցները։

Ունեցած ժամանակը օգտագործվել և շարունակվում է օգտագործվել ոչ արդյունավետ։ Հենց հիմա է պետք խստացնել հակահամաճարակաբանական կանոնները, որովհետև տարածվելու դեպքում հետևից չենք հասնելու։

Պատվաստված է բնակչության 26.5%-ը։ Չկա պատվաստանյութի խնդիր, ոչ մեկի ձեռքերը կապված չէ խստացումներ անելու համար, չկան ճնշումներ արտաքինից։ Բայց, կա գերխնդիր` այն է կանխել մահերը։ Մահերի թիվը անցել է 8000-ը։ Անգործ նստելու դեպքում եթե ոչ մարտի վերջ, ուրեմն ապրիլ ամսին օրական վարակման թիվը հասնելու է 3000-ից 5000-ի, լավագույն դեպքում։ Գնացեք ու պատվաստվեք հիմա։ Մի թողեք դանակը հասնի ոսկորին»։