Թագուհի Թովմասյանն Ադրբեջանի քայլերի հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին:

«Սիրելի’ հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ և հրաժարվում են բացել: Այսօր նաև տեղեկացանք, որ ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում նաև կանանց, երեխաների և ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ:

Ադրբեջանի այս գործողությունները սահմանափակում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքները և պետք է միջազգային կառույցների կողմից դիտարկվեն որպես թշնամական գործողություն և դաժանություն ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը: