Հրանտ Բագրատյանի կեղծ հայտարարություններն Ազատության հրապարակից. Fip.am

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացնում են նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության իրենց տարբերակը, հայտարարում, որ Արցախում թուրք խաղաղապահներ են լինելու, իսկ հայկական կողմը լռում է այդ մասին։

Բագրատյանի այս և մի քանի այլ հայտարարությունները, սակայն, հիմնավորված չեն։

Կեղծ թեզեր ստորագրված հայտարարության մասին

«Ադրբեջանը, Թուրքիան հայտարարում են, որ թուրքական խաղաղապահները էնտեղ պետք է լինեն, և Էրդողանն ու Ալիևը ցույց են տալիս պայմանագրի իրենց տարբերակը ստորագրած․․․ Հայկական կողմը լռում է, մենք չգիտենք այդպիսի բան կա, թե չէ»,- Ազատության հրապարակում հայտարարել է Հրանտ Բագրատյանը։ 

Իրականությունը, սակայն, այն է, որ նախքան ռազմական գործողությունների դադարեցման պաշտոնական տեքստի հրապարակումը, համացանցում շրջանառվում էր մեկ այլ՝ ոչ պաշտոնական տարբերակ, որը որոշ հակասություններ ուներ ավելի ուշ հրապարակված պաշտոնական փաստաթղթի հետ։ Նշվում էր, օրինակ, որ Տավուշի մարզից ևս Ադրբեջանին տարածք է հանձնվելու։ Իսկ Ադրբեջանը և Թուրքիան ոչ թե ցույց են տվել պայմանագրի իրենց տարբերակը, այլ մի շարք չհիմնավորված հայտարարություններ են արել ժողովրդին ուղղված կոչերում` ասելով, որ ռուս խաղաղապահների հետ Արցախում տեղակայվելու են նաև թուրք խաղաղապահներ։ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված պայմանագրի տեքստում, սակայն, որևէ բառ չկա թուրք խաղաղապահների մասին։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նշեց, որ «ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա, կեղծ է նաև Տավուշից հանձնվող տարածքների  մասին կետը»։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին ռուսական և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ևս հայտարարել է, որ թուրք խաղաղապահներ Արցախի տարածքում չեն լինելու։  

Հղում՝ գոյություն չունեցող նյութի

Հրանտ Բագրատյանը նաև հայտարարել է, որ բրիտանական «Էկոնոմիստ» (The Economist) պարբերականը երեկ նյութեր է հրապարակել, թե իբր «ամբողջ օպերացիան կազմակերպված է եղել Բրիտանիայի հետախուզության պետ, այդ հիմնարկը կոչվում է ԱԳՆ հետախուզություն, Ռիչարդ Մուրի կողմից»։ «Փաստերի ստուգման հարթակին», սակայն, չհաջողվեց գտնել որևէ նմանատիպ նյութ՝ հրապարակված այս պարբերականի կողմից։ Եվ անհասկանալի է, թե ինչ հոդվածի կամ նյութի մասին է խոսում նախկին վարչապետը։ 

Անի Ավետիսյան

Fip.am