Կողմնակից եմ, որ բացվեն կրտսեր դպրոցները՝ 1-4-րդ դասարանների համար և նաև գյուղական փոքր դպրոցները. Կրթության փորձագետը՝ վտանգների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, որոշվել է սեպտեմբերի 15-ից վերաբացել դպրոցները։ Պարետատունն արդեն կանխատեսում է, որ հնարավոր է հիվանդացությունը բարձրանա այդ դեպքում։ 

Արդյոք ճի՞շտ է նման քայլի գնալ, ինչպե՞ս ապահովել այն պայմանները, որ մի կողմից համավարակի պատճառով կրթությունը չտուժի, մյուս կողմից էլ՝ ապահովվի երեխաների առողջությունը։

– Իմ առաջարկած լուծումը երկարաժամկետ է։ Դպրոցները բացելը շատ-շատ կարևոր է, որովհետև հեռավար կրթության դեպքում որակի խիստ անկում է լինելու, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է դպրոցներն այնպես բացենք, որ հետո ստիպված չլինենք լրիվ փակել։ 

Դրա համար ես ավելի կողմնակից եմ այն մոտեցմանը, որը մի շարք երկրներ կիրառում են։ Օրինակ՝ Հոնկոնգում, որտեղ կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանի դեպքերից մի քանի անգամ քիչ է, բնակչությունն էլ՝ երկու անգամ մեծ, բացում են միայն կրտսեր դպրոցը։ 

Ես կողմնակից եմ, որ բացվեն կրտսեր ու փոքր դպրոցները՝ 1-4-րդ դասարանների համար և նաև գյուղական փոքր դպրոցները։ 

Օրինակ՝ մենք ունենք 400 դպրոց, որտեղ մինչև 100 աշակերտ կա։ Լավ, կարող ենք վերցնել նաև 200 հոգանոց դպրոցները։ Մանավանդ գյուղերում շատ հեշտ է կառավարել վիրուսի տարածումը։ 

Երևանը մեծ քաղաք է, և այդ իմաստով շատ վտանգավոր է։ Հատկապես ավագ դպրոցներում, քոլեջներում մենք ունենք երեխաների մեծ տեղաշարժ։ Ավագ դպրոց հասնելու համար երեխան մի թաղամասից գնում է մյուս թաղամաս, նույնը՝ քոլեջ գնալու դեպքում։

Իմ ասած տարբերակի դեպքում, եթե բացենք 1-4-րդ դասարանները, այստեղ կարևոր առավելությունն այն է, որ մի շարք բժիշկներ ընդունում են, որ մինչև 10 տարեկան երեխաները կամ ընդհանրապես չեն տարածում կորոնավիրուսը, կամ շատ քիչ է իրենց տարածելու հավանականությունը։ Դրա համար էլ աշխարհում շատ երկրներ գնում են կրտսեր դպրոցները բացելու ճանապարհով։

Իսկ կրթության տեսանկյունից որքանո՞վ է արդարացված միայն կրտսեր դպրոցները բացելը։

– Կրթությունն իհարկե տուժում է, հեռավար կրթության դեպքում ցանկացած պարագայում տուժելու ենք։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ եթե մենք գնում ենք տոտալ բացման, կարող ենք երկու-երեք շաբաթ հետո գնալ տոտալ փակման։ 

Եվ այդ դեպքում կստացվի, որ ոչ մի օգուտ էլ չեղավ, ընդամենը 2-3 շաբաթ երեխաները գնացին դպրոց, դեպքերն ավելացան։ Հիշեք, թե սեպտեմբեր ամսին Երևանի ավտոբուսներն ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ Դրան ավելացրեք այն, որ ներսում բոլորը դիմակով են, և այդ ավտոբուսը խցանման մեջ է։ Առանց դիմակի էլ անտանելի էին այդ խցանումներն ու շոգը։ Եվ պատկերացրեք, թե այդ ավտոբուսները վարակի տարածման ինչ աղբյուր են լինելու։

– Այսինքն՝ դա շղթայական նաև տրանսպորտի վրա՞ էլ է տարածվելու։

– Այո՛, կրթության համակարգի միջոցով տարածվելու է, բավական է այդ ավտոբուսում մի քանի վարակված անձ լինի, կտարածվի։ 

Մենք պետք է ընտրություն կատարենք երկու տարբերակի միջև՝ գնում ենք կրտսեր ու փոքր դպրոցները բացելու, այդ դեպքում գոնե հնարավոր կլինի ավելի երկար դիմանալ։ 

Դպրոցների համար էլ հեշտ կլինի ապահովել սանիտարահիգենիկ պայմանները, չորրորդ դասարանցիներն ավելի ենթարկվող են ու լսող։ 

Դպրոցում 8-9-րդ դասարանների տղաներն սկսելու են դիմակ չկրել, դիմակով իրար խփել, չմոռանանք, որ մենք անկարգապահ ազգերից ենք այդ առումով։

Բայց ես ուզում եմ շեշտել՝ իսկապես ահավոր կլինի, եթե ևս մեկ տարի դասերը հեռավար անցկացվեն։

– Ի՞նչ վնաս է կրել կրթության համակարգը հեռավար կրթության հետևանքով։

– Փոքր երեխաների համար հեռավար կրթությունը շատ վատ բան է։ Այդ երեխաներին դժվար է կառավարել համակարգչի դիմաց, այդ բանտարկյալի կարգավիճակն ազդում է երեխաների վրա, ծնողներն աշխատում են։ 

Դրա համար, եթե մենք կրտսեր դպրոցը բացենք, գոնե ծնողներին այդ առումով էլ կօգնենք, որ կարողանան աշխատել։ Կրթության որակի վրա էլ է ազդել, բայց հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ նժարի վրա դրված է այլ հարց, միայն կրթության հարցը չէ։ 

Ավելի լավ կլիներ շուտ բացել, բայց մյուս կողմից էլ՝ նախարարությունը երևի մտածում է, որ սեպտեմբերի սկզբին անտանելի շոգ է լինելու, երեխաների համար դիմակով դասերին նստելը դժվար է լինելու։

Ինչ վերաբերում է բուհերում դասերը վերսկսելուն, սա ամենաբարդ հարցն է, որովհետև եթե ուսանողները գնացին դասի, Երևանի տրանսպորտը «պայթելու» է։ 

Կամ քաղաքապետը պետք է կրկնապատկի տրանսպորտի շարժակազմը, որպեսզի հնարավոր լինի ավտոբուսի ներսում հեռավորություն պահել, կամ էլ դարձյալ հնարավոր է մի երեք շաբաթ աշխատի, ու փակվի համակարգը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am