Ո՞րն է գլխավոր պատճառը, որ ՆԱՏՕ-ն լռելյայն օժանդակում է Թուրքիային. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Զգուշորեն ենթադրում եմ, որ Թուրքիան արցախյան այս պատերազմը Ադրբեջանին «պատվիրել» և ամեն գնով օգնում է՝ կանխարգելելու համար 1921թ. մարտի ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի 100-րդ տարելիցին՝ 2021թ. մարտին պայմանագրի գործողության ժամկետի դադարեցման պարբերաբար բարձրացող խնդրի բարձրացումը:

Այս պայմանագիրը գլխավորապես Թուրքիայի հետ Հայաստանի և Վրաստանի սահմանների, ինչպես նաև Նախիջևանը փաստացի Հայաստանից օտարելու և Ադրբեջանին հանձնելու մասին է և կնքվել է առանց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցության:

Միայն թե ռուսական կողմը պարտավորվել է կովկասյան հանրապետություններին ստիպել ընդունելու պայմանագրի պայմանները, ինչը և արել է նույն տարվա աշնանը Կարսի պայմանագրով:

Մոսկովյան պայմանագրի վերանայումը միայն Ռուսաստանին և Թուրքիային չի վերաբերում, դրան անխուսափելիորեն հետևում է Կարսի պայմանագրի վերնայումը կամ չեղարկումը, որով նաև Նախիջևանի նկատմամբ մասնավոր կետը՝ Էրիվանի նահանգի Նախիջևանի գավառը և Էրիվանի գաւառի Շարուր-Դարալյագայզի մասը Ադրբեջանի պրոտեկտրատ հանձնելու մասին պայմանով, որ այն չի հանձնվելու երրորդ երկրի հովանավորության: Հասկանալի է, որ Մոսկովյան և Կարսի պայմանագրերի վերանայման հնարավորության խնդիրը Թուրքիայի համար չափազանց անցանկալի է:

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը հնարավոր դարձավ 1920թ. սեպտեմբերին ապստամբ Մուսաֆա Քեմալի կողմից Հայաստանի վրա հարձակումով: Հարյուր տարի անց, 2020թ. սեպտեմբերին Մուստաֆա Քեմալի փառքը երազող Էրդողանը Արցախի դեմ շարժեց Ադրբեջանին:

Եթե Մոսկվայի և Անկարայի կառավարությունների միջև ներկայումս կան ինչ որ գաղտնի դիվանագիտական քննարկումներ Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարելիցի կապակցությամբ, ապա այդ քննարկումներում անխուսափելիորեն առկա են թե Հայաստանին, թե Ադրբեջանին ուղղակիորեն առնչվող խնդիրներ: Կարելի է ենթադրել, որ համաձայնության գալու համար կողմերին կամ կողմերից առնվազն մեկին՝ Թուրքիային անհրաժեշտ է ուժի այնպիսի ցուցադրություն, որը մյուս կողմին~ Ռուսաստանին «կհամոզի» համապատասխան չափով զիջող լինել: Բոլորիս, և ոչ միայն հայերին, պարզ է, որ սա արցախյան պատերազմ չէ, սա թուրքական պատերազմ է Հայաստանի և հայության դեմ՝ հանուն ռուս-թուրքական հարաբերությունների հստակեցման:

Կարծում եմ սա է գլխավոր պատճառը, որ ՆԱՏՕ-ն ըստ էության լռելյայն օժանդակում է Թուրքիային: Կարծում եմ նաև այս պատճառով է Ռուսաստանն այսօր Կասպից ծովի ջրերում Կասպյան նավատորմի մասնակցությամբ զորավարժություններ սկսել»։