«Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում». ըստ իրավապաշտպանի, Հայաստանի զինված ուժերում «հիվանդ վիճակ» է

«Ծածկադմփոցով  հարցերը չեն լուծվում». ըստ իրավապաշտպանի,  Հայաստանի զինված ուժերում «հիվանդ վիճակ» է
«Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում». ըստ իրավապաշտպանի, Հայաստանի զինված ուժերում «հիվանդ վիճակ» է

Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների ու հարազատների բողոքի յուրօրինակ ակցիան անակնկալի բերեց շատերին: Հիշեցնենք, որ սպանված զինծառայողի հարազատները մայիսի 18-ին փորձում էին նրա դին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բերել Երևան՝ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: 

Ռազմական ոստիկանությունը, սակայն, Սևան-Երևան մայրուղում փակեց ճանապարհը, իսկ դեպքի վայր ժամանած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զինծառայողի ծնողներին համոզեցին հետ տանել տղայի դին և հուղարկավորել գյուղում:

Սա առաջին դեպքն է, երբ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի ծնողները նման կտրուկ քայլի դիմեցին, մինչ այդ տարբեր տարիներին բանակում մահացած զինվորների ծնողները պարզապես բողոքի ակցիաներ էին անցկացնում տարբեր գերատեսչությունների առաջ:

Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ մարդիկ ի վերջո այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը: Մահացության դեպքերի շարանն ու դրանց շարունակականությունը, ըստ Սաքունցի, մարդկանց դրդում է դիմելու բողոքի ծայրահեղ միջոցների:

«Այսինքն՝ իրավիճակն իսկապես բավականին լուրջ է, և ոչ թե պետք է գնալ բողոքի ցույցի առաջ կանգնել կամ դիակը տանել-հուղարկավորել, այլ գործ պետք է անել հենց զինված ուժերում»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ պետք է զինվորական պարտականությունների կատարմանը ցուցաբերվի պրոֆեսիոնալ մոտեցում, ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում:

Հայաստանի զինված ուժերում առկա իրավիճակը Սաքունցը «հիվանդ վիճակ» է բնորոշում: Երբ բանակում իրական խնդիրները թաքցնում են, նրա խոսքով` հիվանդության թարախները պարբերաբար դուրս են գալիս՝ մարդկային ցավալի կորուստներով:

«Այն հավաստիացումները, որ պաշտպանության գերատեսչության ղեկավարները ներկայացնում են, թե իբր միջոցներ են ձեռնարկվում, որ իրավիճակը փոխվի, ըստ էության արդյունք չեն տալիս: Խնդիրն այստեղ միայն առանձին դեպքերի հետ կապված մտահոգությունները չեն, եթե բոլոր դեպքերը ամփոփում ենք, ապա կարգապահության խիստ ցածր մակարդակի մասին է վկայում: Երկրորդը` սպայական կազմի ոչ պատշաճ մակարդակն է, և, բնականաբար, ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը: Դա խոսում է այն մասին, որ զինված ուժերում, ցավոք, չգրված կանոնները շատ ավելի մեծ նշանակություն են ունենում, և դրանք են որոշիչը և ոչ թե կարգապահական կանոնագիրքը»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանը հիշեցնում է, որ բանակում հերթական դեպքն է գրանցվել. մայիսի 17-ին հոսանքահարվել է զինծառայող Արմեն Ղուդաբաշյանը: Նրա խոսքով՝ մահացության դեպքերի այս շարանը վկայում է, որ ոչ մի կարգուկանոն չի գործում բանակում:

«Ինչո՞ւ պետք է զինվորը հոսանքահարվեր»,- հարցնում է Սաքունցը:

Նա արձանագրում է, որ մահացության դեպքերի պատշաճ քննություն չի իրականացվում, իրական պատասխանատուները, հատկապես հրամանատարները, պատասխանատվության չեն ենթարկվում, մեղավոր են ճանաչվում կոնկրետ գործողություն կատարողները, և այդ անպատժելիությունը հետագայում հանգեցնում է նման «դժբախտ պատահարների»:

«Միանշանակ մեկ գնահատական կարելի է տալ` պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը, մասնավորապես, զինված ուժերի գլխավոր շտաբը, որն անմիջականորեն զինվորական ծառայության համար է պատասխանատու, չի տիրապետում կամ ունակ չէ տիրապետելու իրավիճակին: Նման մոտեցումն ու նման իրավիճակն այլևս անհանդուրժելի են»,- ընդգծեց Սաքունցը:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե բանակում արձանագրվող դժբախտ դեպքերը հիմնականում միջանձնային հարաբերությունների հետևանք են, ինչը միշտ չէ, որ հնարավոր է վերահսկել, Սաքունցն ասում է, որ առաջինը պետք է անդրադառնալ բանակի սպայական կազմի միջանձնային հարաբերություններին, որոնք էլ արտացոլվում են զինվորների միջանձնային հարաբերությունների վրա:

«Եթե սպաների միջև միջանձնային հարաբերությունը նորմալ լինի, և ծառայության նկատմամբ վերաբերմունքը լուրջ լինի, ապա դա այլ ազդեցություն կունենա: Բայց պաշտպանության նախարարը թող առաջին հերթին մտածի հենց իրենց միջանձնային հարաբերությունների մասին: Ես որպես դրա օրինակ եմ վկայակոչում հատկապես միջին և կրտսեր սպայական կազմի առանձին ներկայացուցիչների դիմումները՝ զինվորական ծառայությունից հեռանալու մասին: Այսինքն՝ սպաներն են արդեն հեռանում զինվորական ծառայությունից, ուրեմն բարոյահոգեբանական մթնոլորտը զինված ուժերում պատշաճ մակարդակի վրա չէ»,- ընդգծեց նա:

Սաքունցը հիշեցնում է, որ զինվորական կարգապահության ապահովումը հրամանատարների ուղղակի պատասխանատվության հարցն է: Իրավապաշտպանը նշում է, որ նման պայմաններում պաշտպանության գերատեսչության ղեկավարն ինքը պետք է առնվազն հրաժարական տա:

Սեյրան Օհանյանը չի պատրաստվում հրաժարական տալու, սակայն Սևան-Երևան մայրուղում սպանվածի հարազատների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Նոյեմբերյանի զորամասի հրամանատարական կազմից ոմանք պաշտոնանկ են արվել, իսկ քրեական գործով քննության ընթացքում կպատժվեն դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք: Նախարարը նաև հայտարարեց, որ Նոյեմբերյանի զորամասն աչքի է ընկնում իր կարգապահությամբ, և սա այս տարվա ընթացում առաջին դեպքն էր, որ զինվոր է սպանվում զորամասում:

Ըստ Սեյրան Օհանյանի ներկայացրած պատմության՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զինծառայողների միջև վիճաբանությունը ծագել է «պզուկ» բառից: Նախարարի խոսքով՝ պզուկի վերաբերյալ զինծառայողները ծաղրել են միմյանց, ինչի հետևանքով պահակատան դիմաց զինված հերթափոխ իրականացրած Դավիթ Խաչատրյանը կրակ է բացել Լյուքս Ստեփանյանի ու Հրաչյա Սարգսյանի ուղղությամբ:

Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում վիրավորում է ստացել:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել, իսկ մահացած զինծառայողների ծնողները ասում են, որ անձամբ վրեժ են լուծելու իրենց որդուն սպանողից:

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում, ըստ զինվորական դատախազության, այսօր որոշվել է Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:

Լուսանկարում` Արթուր Սաքունցը

 © Medialab.am