«Թիկնապահն իրավունք չունի վիճաբանության ժամանակ մարդ ծեծելու». ըստ օրենսդիրների, շուտով թիկնապահները միայն օրենքով են լինելու

«Թիկնապահն իրավունք չունի վիճաբանության ժամանակ մարդ ծեծելու». ըստ օրենսդիրների, շուտով թիկնապահները միայն օրենքով են լինելու
«Թիկնապահն իրավունք չունի վիճաբանության ժամանակ մարդ ծեծելու». ըստ օրենսդիրների, շուտով թիկնապահները միայն օրենքով են լինելու

Գալիք տարվանից թե’ օլիգարխների թիկնապահները, թե’ տարաբնույթ շինությունների անվտանգության աշխատակիցները շարժվելու ու իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու են օրենքի տառին համապատասխան:
Այս մասին, առնվազն հայտարարում են իշխող՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ հղում անելով «Մասնավոր թիկնազորային գործունեության մասին» օրենքին:
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին ծեծելու դեպքը եւ 12 օր հետո ծեծված Վահե Ավետյանի մահը թեժացրել են այդ օրենքի ընդունմանը վերաբերող քննարկումները:
«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանն, օրինակ, միանշանակ այն համոզման է, որ թիկնապահն իրավունք չունի վիճաբանության ժամանակ մարդ ծեծելու.
«Մենք միշտ մեզ մոտ սովորող թիկնապահներին ասում ենք, որ թիկնապահը պետք է կանխի վիճաբանությունը, հարթի այն կամ, ըստ օրենքի, կանչի ոստիկանություն»,-«Մեդիալաբին» ասում է Դավթյանը:

Դավթյանը կարծում է, որ ռեստորանների ու հյուրանոցների մոտ, օրինակ, որտեղ նման ծեծերն ու կռիվները հաճախ են լինում, պետք է ոստիկաններ լինեն:

«Այսօր շատ աշխատակիցներ կան, որ նույնիսկ վիճում են հաճախորդի հետ, հետո կանչում անվտանգության աշխատակցին, որ հարցեր պարզաբանի, մեղքն էլ գցելով վերջում անվտանգության աշխատակցի վրա: Բայց նա իրավունք չունի կռիվ սկսելու կամ ծեծելու՝ անգամ պաշտպանելով աշխատակցին, նա հակառակը պետք է հարթի աշխատակցի ու հաճախորդի միջեւ վիճաբանությունը կամ ոստիկանություն կանչի»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Թիկնապահական դպրոցի ղեկավարը ցավով նշում է, որ այսօր դաշտում գործող ամեն թիկնապահ չէ, որ կարող է թիկնապահ կոչվել. «Թիկնապահը առաջին երթին պետք է կրթություն ստացած լինի, վկայագիր ունենա, պատրաստված ու կայուն լինի: Ծեծել ու ծեծելով մարդ սպանելը թիկնապահին բնորոշ չպետք է լինի»:

Ըստ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի՝ «Մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության մասին» օրենքը, որը կկիրառվի 2013-ի հունվարի 1-ից, միտված է ամբողջությամբ կարգավորելու դաշտն ու նաեւ կանխելու Հարսնաքարի միջադեպի նման դեպքերը.

«Ըստ այդ օրենքի՝ ընդհանրապես յուրաքանչյուր պատահական մարդ, ֆիզիկական եւ արտաքին նման տվյալներ ունեցող անձ չի կարող աշխատել թիկնապահ: Դրա համար անհրաժեշտ են գիտելիքներ, մտավոր ունակություններ, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ: Այս օրենքի կիրառումը կկանխարգելի, քրեական պատիժ կսահմանի եւ ուղղված կլինի չեզոքացնելուն Հարսնաքարում տեղի ունեցած նմանատիպ երեւույթները»,-«Մեդիալաբին» բացատրում է նա:

Ավետյանի գործի կապակցությամբ ձերբակալվել է 7 հոգի՝ ռեստորանային համալիրի անվտանգության 5 ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող: Ըստ մամուլի հրապարակումների, անվտանգության աշխատակիցներից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից էր: Չնայած պատգամավորը հերքում է իր ուղիղ կապը դաժան ծեծի կազմակերպիչների հետ, այնուամենայնիվ որոշ տեսանյութերում Ռուբեն Հայրապետյանի կողքին ձերբակալվածներից մեկն է ՝ Գարիկ Մարգարյանը:

Թիկնապահների գործունեության կարգավորմանը միտված օրենքի նախագիծը դեռ 8 տարի առաջ ԱԺ էր ներկայացրել Հայ հեղափոխական կուսակցությունը (ՀՅԴ), սակայն այն Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ համատեղ սկսել են լրամշակել 2010-ից:

«Այս օրենքը ուշ ընդունվեց, որովհետեւ բավական քննարկումներ էին գնում, բացի այդ տարաձայնություններ կային ՀՅԴ-ի հետ զենքի կիրառման առումով: Կառավարությանը նույնպես ժամանակ էր պետք, որ կարողանար 2-3 տասնյակից ավելի որոշումները կիրառել,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:- Սա համալիր նախագիծ է, որտեղ բարդ լիցենզավորումից, զենքի տրամադրումից, կիրառումից, դասընթացների անցկացումից սկսած ամեն ինչ կարգավորվելու է»:

Մինչ այդ, չափորոշիչների բացակայության պատճառով գործող թիկնապահներն ու նրանց ղեկավարները անսում էին իրենց տեսած ֆիլմերին ու լսած խոսակցություններին:

«Կերպարները ձեւավորվում են ֆիլմերից,- «Մեդիալաբին» ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:- Դրանք կիսադեբիլատիպ համբալներ են, հատուկ ձեւավորված կիսամոնստրային կերպարներ, որոնց, եթե մոտեցար «կսպանեն»:

«Հը, շեֆ պատժե՞մ»,-հայկական բազմաթիվ սերիալներից մեկում հարցնում է ինտելեկտից ամբողջությամբ զուրկ բութ դեմքով թիկնապահը օլիգարխին՝ նկատի ունենալով դաժան ծեծը կամ սպանելը:

Ըստ հայկական սերիալների եւ մարդկանց շրջանում ձեւավորված կարծրատիպերի՝ հենց այսպիսին են թիկնապահները, հատկապես օլիգարխներին կցվածները, որոնք հանուն իրենց «շեֆի» պատրաստ են նրանց ամեն մի հրահանգն ի կատար ածել:

2001 թվականի սեպտեմբերի 25-ին թիկնապահի՝ «շեֆին» անվերապահորեն ծառայելու հետեւանքով սպանվեց նաեւ Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը: «Առագաստ» սրճարանում այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, սպանեց Պողոսյանին՝ Քոչարյանի կուրսեցուն, որը ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, բացականչել էր՝ «Պրիվետ, Ռոբ»:

Սպանությունից մի քանի օր հետո, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե «Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար»: Կուկուն՝ մարմնեղ, դաժան աչքերով թիկնապահը, դատապարտվեց երկու տարի պայմանական ազատազրկման, ըստ մամուլի հրապարակումների մնալով ազատության մեջ եւ բիզնես գործունեություն ծավալելով:

© Medialab.am