«Բացեք տեսանյութերը և տեսեք, թե ովքե՛ր էին ապստամբություն անում Պերմյակովի դեպքի ժամանակ, և ովքե՛ր են հիմա հանգիստ նստած իրենց տեղերում, անգամ ստատուս չեն գրում». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

– Տիկի՛ն Սեդրակյան, Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողը ծեծելով սպանել է գյումրեցի կնոջը։ Մենք հիշում ենք, որ տարիներ առաջ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում հանրության արձագանքը բուռն էր, իսկ այս դեպքում տեղի ունեցածն անարձագանք մնաց թե՛ հանրության, թե՛ իշխանությունների կողմից։

– Դա շատ տխուր և մտահոգիչ փաստ է։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած առիթ ցանկացած ոք օգտագործում է միմիայն իշխանափոխության համար։ Ե՛վ ռուսական ռազմաբազայի զինծառայողի խայտառակ պահվածքը, և՛ ընդհանրապես այդ բազայի առկայությունը մի շարք հանրային ակտիվիստների կողմից այն ժամանակ դառնում էր առիթ՝ բողոք արտահայտելու։ Փաստորեն ստացվում է, որ այդ բողոքն ուղղված էր ոչ թե բուն հարցին, այլ նախկին իշխանություններին։

Դա նորմալ է, որ առիթն օգտագործում ես բողոք արտահայտելու համար։ Բայց սա նշանակում է, որ բոլոր նախորդ պայքարողները այդ թեմայի շուրջ իրականում գաղափարազուրկ էին և իրենց պետք էր միմիայն իշխանափոխություն և ուրիշ ոչինչ։ Մինչդեռ իշխանափոխությունը գործիք է ավելի սկզբունքային, ավելի ազնիվ ու թափանցիկ քաղաքականություն վարելու ճանապարհին, ոչ թե մի անձին փոխարինում ենք մյուսով։

Բայց հիմա ստացվում է, որ մեր «ակտիվիստներին» մի երկու տարի առաջ այդ հարցը անսահման հուզում էր, իսկ հիմա քար լռություն է տիրում այդ հարցի շուրջ։ Սա շատ տխուր բան է։ Ես վախենում եմ, որ քաղաքացիական հասարակությունը, որը զարգացել է շնորհիվ եվրոպական և ամերիկյան հատկացումներց և մոտեցումների, հիմա լիովին մոռացել է իր հիմնական առաքելությունը և չի զբաղվում այն խնդիրներով, որոնք իր անմիջական պարտականությունների շրջանակում է։

Այն է՝ մարդու իրավունքների պաշտպանություն, խնդիրների բարձրաձայնում և այլն։ Ինչ վերաբերում է իշխանության կողմից արձագանքին, դա այլ հարց է, որովհետև իշխանությունը կարող էր անձնավորված արձագանք չտալ դրան, բայց, օրինակ, մտածեր, թե ինչո՛ւ Պերմյակովի նման մարդուն պահում են ռուսական ռազմակայանում, այլ ոչ թե դատում են Հայաստանի դատարանում։ Ամեն ինչ այս սցենարում կրկնվում է, բացի հանրային արձագանքից։

– Գուցե հանրային արձագանքի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ վստահո՞ւմ են գործող իշխանություններին և հավատում են, որ նրանք հետամուտ կլինեն բոլոր խնդիրներին։

– Իշխանություններին հավատալն ի՞նչ կապ ունի, երբ ռազմաբազայի զինծառայողը սպանել է կնոջը և այդ զինծառայողը գտնվում է ռազմաբազայի տարածքում։ Դա նորմալ չէ։ Իշխանություններին հավատալն այստեղ կապ չունի, մանավանդ որ եթե այն իշխանությունը, որին հավատում են, չի իրականացնում իր ծրագիրը, առաջինը հանրությունը պետք է ապստամբի՝ իշխանությանը հասկացնելու համար, որ մոնիթորինգ է գնում։ Սա խնդիր է, որը պետք է բարձրաձայնել։

– Իսկ իշխանությունների լռությո՞ւնն ինչով է պայմանավորված։

– Մեր իշխանությունները երբևէ չեն թաքցրել իրենց ռուսամետ լոյալությունը, և իրենց լռությունը ինձ համար լրիվ հասկանալի է։ Ինձ համար հասկանալի չէ, այսպես կոչված, «սկզբունքայինների» այժմյան լռությունը։ Բացեք տեսանյութերը և տեսեք, թե ովքե՛ր էին ապստամբություն անում Պերմյակովի դեպքի ժամանակ, և ովքե՛ր են հիմա հանգիստ նստած իրենց տեղերում, անգամ ստատուս չեն գրում։

– Ինչպե՞ս եք գնահատում ռուսական ռազմաբազայի առկայության փաստն ինքնին ՀՀ տարածքում։

– Մենք ունեցել ենք հարձակում Հայաստանի սահմանների վրա, մենք ունեցել ենք ներքին կոնֆլիկտներ, մենք ունեցել ենք հրետակոծություն և բազմաթիվ այլ բաներ, որոնցից ռազմաբազան մեզ պետք է իբր պաշտպաներ։ Այդ ռազմաբազան մեզ ոչնչից չի պաշտպանում, Հայաստանի հողի վրա շարունակում է ձրի տեղակայվել և դեռ շարունակում են սպանել մեր խաղաղ բնակչությանը։ Դա մոտեցում չէ։

Մանե Հարությունյան

MediaLab.am