«Միսս Հայաստան 2012»-ի հաղթո՜ղ է ճանաչվում. մեծ աղմուկի արժանացած մրցույթը՝ «դժվար ու բարդ ընտրությամբ»

«Միսս Հայաստան 2012»-ի հաղթո՜ղ է ճանաչվում.  մեծ աղմուկի արժանացած  մրցույթը՝ «դժվար ու բարդ ընտրությամբ»
«Միսս Հայաստան 2012»-ի հաղթո՜ղ է ճանաչվում. մեծ աղմուկի արժանացած մրցույթը՝ «դժվար ու բարդ ընտրությամբ»

«Ճաշակին ընկեր չկա» կարգախոսով հայ աղջիկներն այս տարի վերջապես հնարավորություն ունեցան 4 տարվա դադարից հետո ներկայանալու եւ ի ցույց դնելու իրենց ողջ գեղեցկությունը «Միսս Հայաստան 2012» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի նախընտրական փուլին:
Մրցույթը Հայաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել եւ սոցիալական ցանցերում եւ Youtub-ում քննարկման ու քննադատությունների առիթ դարձել՝ կապված որոշ մասնակիցների մեղմ ասած գեղեցկության մրցույթին անհամապատասխան արտաքին տվյալների հետ:
Հանրապետության տարբեր մարզերի ավելի քան 200 մասնակիցներից՝ արժանի-անարժան լինելը այնուամենայնիվ որոշել են ոչ թե քննադատություններն ու մեկնաբանություններն, այլեւ ժյուրին, եզրափակիչ փուլ անցկացնելով ընդամենը 18-աղջիկներին:

Նրանք ապրիլի 10-ին՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կպայքարեն «Միսս Հայաստան 2012» տիտղոսի համար:

Կազմակերպիչների հավաստմամբ, մրցույթի ընտրության չափանիշները եղել են 90-60-90 համամասնությունները, հասակը սկսած 1.70 սմ-ն, տարիքը՝ 17-24: Տեղեկացնենք, որ մրցույթը կազմակերպվում է «Միսս Հայաստան» ազգային գործակալություն ՀԿ-ի կողմից:

«Մեզ համար ընտրությունը բավականին դժվար ու բարդ էր անցկացնել, թեեւ դիմորդների թիվը համեմատած նախկինում անցկացրած մրցույթների, այդքան էլ շատ չէր: Հայաստանում նաեւ խնդիր կա բարձր հասակի, ու մասնակիցներ եղան, որոնց հասակը 1,68 սմ էր, բայց քանի որ մյուս չափանիշներին համապատասխանում էին, ընտրեցինք»,- «Մեդիալաբին» ասում է մրցույթի կազմկոմիտեի պատասխանատու Մամիկոն Դանիելյանը:

Մասնակիցները ժյուրիի հավանության են արժանացել ցուցադրելով ինչպես իրենց նրբագեղությունն ու հմայքը, այնպես էլ պատասխանելով տարբեր հիմնականում նման մրցույթների համար սովորական հարցերի՝ «խելքն է կարեւոր, թե գեղեցկությունը» եւ այլն: Սակայն ընդհանուր առմամբ մրցույթի մասնակիցները, համացանցով տարածված տեսանյութերի համաձայն, աչքի են ընկել ոչ միայն մեծ մասամբ համեստ արտաքին տվյալներով, այլեւ չափազանց նմանօրինակ եւ պարզունակ պատասխաններով:

«Դժվարին եւ բարդ» ընտրության արդյունքում ընտրված 18 աղջիկներից 5-ը՝ Արարատի, Արամավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզից մարզերից են, իսկ 13-ը` Երեւանից, որոնք հետ ինչպես հավաստում է Դանիելյանը պարապմունքներ են անցկացվում՝ դեֆիլե, շեյփինգ:

«Աղջիկները հաճախում են մարզասրահ, լողավազան: Նրանց հետ աշխատում են դիետոլոգներն ու դիզայներները»,- ասում է Մամիկոն Դանիելյանը:

«Մենք նախատեսում ենք, որ «Միսս Հայաստան 2012»-ի հաղթողն այս տարի մասնակցի «Միսս Աշխարհ» միջազգային գեղեցկության մրցույթին»,- «Մեդիալաբին» ասում է Մամիկոն Դանիելյանը՝հավելելով, որ կարեւոր է մրցույթն անցկացնել «ամեն տարի»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am