Պուտինի անձնական ներգրավվածությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գրավականն է. վարչապետ

Հայաստան շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային  հարաբերությունները ու ռազմավարական գործընկերությունը:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մի շարք պայմանագրերի հիման վրա շարունակվում են հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները:

«Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետերը: Հայաստանի Հանրապետության պետական մի շարք սահմանային հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները:

Ռուսաստանի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով:  Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին:

Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր և, իհարկե, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի համար լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և  գործողություններ են արվում:

«Կարծում եմ, ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիներին ազատազրկման դատապարտելու  փաստը նաև  Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ քայլեր են ձեռնրակվելու բարձագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունը էլ ավելի ամրապնդելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ,ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

«Պետք է ընդգծեմ այն առաձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղաղացել և խաղում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև առկա  վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն է»,- եզրափակեց Փաշինյանը: