Լեւոն Զուրաբյան. վաղվա հանդիպումը կլինի լիարժեք բանակցություն առաջին ռաունդը

Վաղը ժամը 12-ին կառավարության ընդունելությունների տանը կկայանա երկխոսության համար ձեւավորված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության եւ իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
Ընդդիմության խոսքով, ինչպես «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Կոնգրեսի համակարգող եւ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այս հանդիպումը լինելու է լիարժեք բանակցությունների առաջին հանդիպումը, «որովհետեւ հուլիսի 18-ի հանդիպումը այդպիսին չի կարելի համարել, քանի որ դա ընդամենը հանդիպում էր, որը վեր ածվեց լիազորությունների ճշտման»:

«Մեզ առաջին հանդիպման ժամանակ պետք էր հասկանալ, թե ինչպես պետք է կառաւցվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը, ինչը հնարավոր կլիներ միայն, երբ պարզ դառնար, որ իշխանությունների պատվիրակությունը ունի լիազորություններ` անձամբ Սերժ Սարգսյանից եւ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը»,- նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, այդ հարցով իրենք բոլոր անհրաժեշտ հավաստիացումները ստացել են, երբ իշխանությունների կողմից ձեւավորված աշխատանքային խմբի կողմից արվեցին համապատասխան հայտարարություններ, ուստի դրանից հետո ընդդիմությունը արձագանքեց` հայտարարելով, որ ձեւաչափի հարցը լուծված է եւ իրենք արդեն կարող են սկսել լիարժեք բանակցություններ:

«Այս հանդիպումը կլինի նման լիարժեք բանակցություն առաջին ռաունդը:

Մեր ակնկալիքն այն է, որ մենք բանակցությունների միջոցով լուծենք Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրը, քանի որ մենք մտածում ենք, որ դա Հայաստանում առաջացած խորը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման միակ միջոնցն է»,- նշեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբում են Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը` ՀՀԿ-ից, Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Բոստանջյանը` ԲՀԿ-ից, Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը` ՕԵԿ-ից:

Ընդդիմության պատվիրակության կազմում են Լեւոն Զուրաբյանը, Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը` ՀԺԿ-ից եւ Սամվել Աբրահամյանը` ՀՀՇ-ից:

© Medialab.am