Սխալ է ադրբեջանական կեղծ քարտեզներով գնալ բանակցությունների, պետք է վերադառնալ եղած քարտեզներին. Ռուբեն Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը 

– Պարո՛ն Գալիչյան, Նիկոլ Փաշինյանի խոսքով` Լաչինի միջանցքի փոփոխությամբ պայմանավորված, «սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»: Իսկապե՞ս քարտեզների տարընթերցման հիմքեր կան, որոնք, ասենք, թույլ են տվել ադրբեջանցիներին առաջանալ Սյունիքի մարզի Տեղ գյուղում։

– Սահմանին որևէ անճշտություն գոյություն չի ունեցել, քանի որ 1991-ին թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ընդունել են Խորհրդային Միության գլխավոր շտաբի պատրաստած մանրակրկիտ քարտեզները, որտեղ նշված է սահմանը։ Այդ քարտեզները, չնայած գաղտնի են, բայց ինչ-որ մեկը տարածել է համացանցում, և դրանք բոլորին հասանելի են, այդ քարտեզներում մանրակրկիտ նշված է, թե սահմանը որտեղով է անցնում։ 

Անճշտությունն այն դեպքում է առաջանում, երբ Ադրբեջանը ոտնատակ է անում հին քարտեզը ու պատրաստում նորը, Սև լճի շրջանում արել են դա, բայց մեր ՊՆ-ն ունի 91 թվականի քարտեզները, դրանից առաջ էլ՝ 69-70 թվականներին նույնպես երկկողմ հաստատված էին այդ սահմանները, որոնք չփոխվեցին մինչև 1991 թվականը, ու այդ քարտեզում անճշտություն չկա։ Տեղ գյուղի հյուսիսում, որ դրանք առաջ են եկել, մեր տարածքում է ու վտանգավոր է գյուղացիների համար, որովհետև մարդիկ չեն կարող իրենց դաշտեր գնալ, ներս են մտել ՀՀ սուվերեն տարածք, ինչպես մյուս տեղերում են արել մինչև հիմա, ու մենք ոչինչ չենք արել դրա դեմն առնելու համար, քանի որ «չենք ցանկացել, որ էսկալացիա լինի»։ 

Նոր ճանապարհը, որ գնում է Տեղ գյուղից մինչև Կոռնիձոր, նոր չէ, հին ճանապարհն է, որը լայնացվել է։ Կոռնիձորից մինչև սահմանը գնացող, որտեղ Ադրբեջանը կամուրջ է կառուցել, այդ նոր ճանապարհն է, որը Ադրբեջանի սահմանից հեռու է, մոտ չէ, այդտեղ ոչ մի առաջխաղացում չկա, ճանապարհը գործում է։ 

– Հիմա, երբ իշխանությունը հայտարարում է, թե էսկալացիայից խուսափելու համար Ադրբեջանի հետ բանակցում ենք՝ տարընթերցումները շտկելու համար, որքանո՞վ է ճիշտ բանակցել Ադրբեջանի հետ, եթե կան հստակ քարտեզներ՝ երկուսի կողմից էլ ճանաչված։

– Բանակցելու խնդիր չկա, մենք ունենք ռուս խաղաղապահ, որը սահմանը գիտի, ինքն է գծել, ադրբեջանցուն պետք է ասի՝ գնա, քո սահմանին կանգնի, ոչ թե Հայաստանի տարածք ներխուժի, բայց, դե, ռուսները դա չեն անում։ ՀԱՊԿ-ն ասում է՝ դիտորդ կուղարկենք, դրա փոխարեն նախ ձեր պարտավորությունները կատարեք, որոնք ամրագրել եք փաստաթղթերով, բայց չեք անում։

 – Հայաստանի իշխանությունն ի՞նչ պետք է անի։

– Պետք է ՀԱՊԿ-ից պահանջի այդ գործն անել։

– Ադրբեջանի ուզածը, ըստ էության, ի՞նչ է, իր հնարած քարտեզներով նոր սահմա՞ն գծել, պարո՛ն Գալիչյան։

– Ադրբեջանը վերջին 60 տարվա ընթացքում անընդհատ Հայաստանից հող է ցանկացել պոկել, ինչպես 20-30-ական թվականներին վերցրեցին Հայաստանից հող, հիմա էլ նույնն են ուզում։ Մինչև Ադրբեջանի առաջ մենք դուրս չգանք, նրանց չկանգնեցնենք, նրանք կշարունակեն այս գործը։ Եթե մենք չկարողացանք պաշտպանել մեր սահմանը, ուրիշը, ինչպես տեսնում եք, չի պաշտպանելու։ Ոչ ոք մեզ չի օգնի։

– Խաղաղության պայմանագրի մասով երբ խոսում էին, ՀՀ վարչապետը մշտապես շեշտում էր 29800 քառակուսի կիլոմետրը՝ որպես ՀՀ տարածք։ Ադրբեջանական այս առաջխաղացումներից հետո այդ թիվը փոփոխվե՞լ է։

– Իհարկե փոփոխվել է՝ նվազել է, որովհետև նրանք մտել են նաև այդտեղ, շուրջ 150-240 քառակուսի կիլոմետր գրավել են, այսինքն՝ 29800-ից պակասեցրել են։

– Իսկ այդ բանակցությունները, որ հայկական կողմը վարում է, ի՞նչ արդյունք կապահովեն։

– Ի՞նչ բանակցություններ․ գնում ասում են՝ քարտեզը սա է, պետք է վերադառնաք ձեր հողի վրա, նրանք էլ ասում են՝ այո, բայց չեն անում։ Միայն ուժը կհաղթի դրանց կամ էլ օտարների պատժամիջոցները, որ չեն անում ու չեն էլ անելու, հավանաբար։ Այդ տեսանկյունից մեկ բարեկամ ունենք՝ Իրանը։ Ադրբեջանն ասել է, չէ՞, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է։ Նրանք 1919 թվականին Ազգերի լիգային քարտեզ են ներկայացրել, որը տարածվում էր Բաքվից մինչև Սև ծով, իհարկե Ազգերի լիգան դա մերժեց, բայց նրանց նկրտումները պարզ են։ 

– Այսինքն՝ ադրբեջանական կեղծ քարտեզներով գնալ բանակցության անկարելի՞ է։

– Իհարկե, մենք պետք է վերադառնանք այն քարտեզներին, որն ունեցել ենք նախքան այս պատերազմի ավարտը, ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում առկա որևէ կետ Ադրբեջանը չի կատարել։ Եթե չէ՝ պետք է ուժով կարգավորել հարցը։ Պետք է մեր բանակի ներուժն ու կարողություններն ավելացնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am