«Գնդակը Երևանի դաշտում է». Զախարովան՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին: Նա ասել է, որ «գնդակը Երևանի դաշտում է»:

Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությամբ: Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Եվ Ռուսաստանը, և մյուս դաշնակիցները պատրաստ են դրան։

«Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում ու հաստատվում են բարձր մակարդակով։ Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին»,–ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ գնդակը Երևանի կիսադաշտում է։