«Դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ չի անում, որ մեռնի, այլ անում է, որ իր ձայնը լսելի դառնա». իրավապաշտպան

«Դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ չի անում, որ մեռնի, այլ անում է, որ իր ձայնը լսելի դառնա». իրավապաշտպան
«Դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ չի անում, որ մեռնի, այլ անում է, որ իր ձայնը լսելի դառնա». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Դուք ահազանգել եք, որ արդեն 19 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալ Արկադի Պապյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա պարբերաբար կորցնում է գիտակցությունը, չի կարողանում տեղաշարժվել և կյանքին վտանգ է սպառնում։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և դրա հանդեպ պատկան մարմինների արձագանքը։

– Արկադի Պապյանն անցյալ տարի էլ էր հացադուլ հայտարարել։ Նա դատապարտյալ է, պատժաժամկետը լրանում է, և արդեն պետք է լքեր ազատազրկման վայրը, բայց նրան դեռ հեղափոխությունից առաջ նոր՝ կաշառք տալու մեղադրանք են ներկայացրել։ Ինքը շատ վճռական հացադուլ էր հայտարարել, 40 օր մնացել էր հացադուլի մեջ։ Դատախազությունից եկել էին, ասել, որ մեղադրանքը կհանվի։ Բայց հիմա գործը դատարանում է, և նորից նրա անունն է շոշափվում։

Կալանավայրերի վարչության մի պատասխանատուի հետ կապված քրեական գործ է, ապացուցում են, որ իբր կաշառք է տվել Արկադի Պապյանը, իսկ նա հերքում է։ Ես այսօր կալանավայր էի գնացել, բայց նախապես նրան տեսակցելու թույլտվություն չէի վերցրել։ Այստեղ հետաքրքրվեցի և հասկացա, որ վիճակը շատ վատ է, քանի որ ջրից էլ է հրաժարվել։ Սա անմարդկային վերաբերմունք է հացադուլավորների նկատմամբ։

Գիտեք, որ Մհեր Եղիազարյանի դեպքից հետո Արտակ Զեյնալյանն ասաց, որ մարդը մեռնելու իրավունք ունի, և դա իր իրավունքն է։ Բայց մարդը հացադուլ չի անում, որ մեռնի, այլ անում է, որ իր ձայնը լսելի դառնա, նա բողոքում է անօրինականության դեմ։ Փոխանակ այդ անօրինականությունը վերացնեն, այդ մարդուն զոհ են տալիս՝ ասելով, որ մարդը մեռնելու իրավունք ունի։ Սա խայտառակություն է, անմարդկային վարքագիծ։

– Իսկ ընդհանուր առմամբ, պատշաճ վերաբերմունք չլինելն ինչի՞ հետևանք է։ Հեղափոխությունից հետո էլ դատախազության աշխատանքում փոփոխություն չկա՞։

– Դատախազությունը երբեք չի հրաժարվի իր մոտեցումներից։ Դուք գիտեք, որ դատախազությունը միշտ կեղծիքի վրա հենված կառույց է եղել, որը միգուցե փորձում են փոխել, բայց պետք է մենք այդ փոխվելը տեսնենք։ Պետք է լուծում տան հարցերին։ Նրանց համար շատ դժվար է հրաժարվել կեղծ մեղադրանքների պրակտիկայից։ Մեր փաստաբանը ևս պնդում է, որ նրանք Պապյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, նաև նրա վճռականությունն է ցույց տալիս, որ մեղադրանքն ապօրինի է։

Նա իր կյանքի գնով է պայքարում այդ ապօրինության դեմ։ Ասում են՝ այսօր նորից ուշագնաց է եղել։ Անտարբերությունը շատ մեծ է այստեղ։ Մհեր Եղիազարյանի դեպքից հետո դուք տեսաք, որ միջազգային կառույցները պահանջեցին, որ օբյեկտիվ քննություն կատարվի, և մեղավորները պատժվեն։

Բայց նրանք հիմա չպետք է թույլ տան, որ մարդը հասնի այնպիսի անտանելի վիճակի, որ բոլորիս աչքի առաջ մահանա։ Նրանք պետք է վերանայեն մեղադրանքը, պետք է գնան բանակցեն նրա հետ, պետք է իրենց մեջ ուժ ունենան ու հրաժարվեն այդ մեղադրանքից։ Այդ մարդը 10 տարի բանտում է, ինչո՞ւ եք նոր մեղադրանք «կարում»։ Դատախազությունը պետք է հրաժարվի մեղադրանքից, ոչ թե ապացուցի, որ ինքը ճիշտ է, և այդ մարդը մահանա, բայց դուրս գա, որ ինքը իբր ճիշտ է։

– Կարծում եք՝ դատախազությունը կվերանայի՞ իր մոտեցումը նման դեպքերին։

– Եթե դատախազությունը կարծում է, որ ինքը դրանով հեղինակություն է ձեռք բերում, ապա չարաչար սխալվում է։ Այնպես չէ, որ դատախազությունը արդար քննություններ է կատարում, տեսել ենք մեր ամբողջ կյանքում, և այդ առումով ոչինչ չի փոխվել։ Դատախազությունը հեղինակություն ձեռք կբերի, եթե իրոք հրաժարվի այդ մեղադրանքից, քանի որ փաստաբանն էլ է պնդում, որ դա կեղծ մեղադրանք է։

Մենք շատ ենք դատախազությունից լսել շաբլոն հայտարարություններ, որ մեղքն ապացուցվում է դատարանում։ Դատախազության դեպքում դա իրականությանը չի համապատասխանում։ Ես շատ վատ եմ զգում, ոչ թե որովհետև իրավապաշտպան եմ, այլ վատ եմ զգում որպես մարդ, որ չեմ կարողանում օգնել, որ այդ մարդը մեր աչքի առաջ չմահանա։ Հիմա բոլորով պետք է նայենք, մինչև նա մահանա՞։ Ես կարծում եմ, որ բոլորով պետք է պայքարենք մի մարդու կյանքի համար, որ մեր աչքի առաջ մարդը զոհ չդառնա։

Ես առաջին հերթին իշխանություններին եմ կոչ անում, որ ամեն մի քաղաքացու համար պետք է պայքարել, նրա կողքին լինել։ Եվ իրավապահ մարմինները պետք է համախմբվեն, պայքարեն, որ նա չմահանա։ Ես չեմ կարող տանել, թե ինչպես ենք բոլորս լուռ հետևում, թե ինչպես է մարդը մահանում, որովհետև շատ ծանր վիճակում է, արդեն 5 օր ջուր էլ չի խմել։ Պետք է պայքարենք, որ այս մարդը զոհ չդառնա։

Մանե Հարությունյան

MediaLab.am