ՀՀԿ-ն վստահեցնում է, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում մտադիր չէ սեփական թեկնածուին առաջադրել

ՀՀԿ-ն վստահեցնում է, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում մտադիր չէ սեփական թեկնածուին առաջադրել
ՀՀԿ-ն վստահեցնում է, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում մտադիր չէ սեփական թեկնածուին առաջադրել

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ՀՀԿ-ն մտադիր չէ վարչապետի սեփական թեկնածուին առաջադրել և անցկացնել Ազգային ժողովում: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտավախությանը, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է թաքուն վարչապետի թեկնածու առաջադրել ու անցկացնել իր թեկնածուին:

«Ես առաջին անգամ այդ նոր մոտեցումը լսեցի հանրահավաքում. նախկինում բազմաթիվ հանդիպումների ժամանակ նման մտավախություն չի եղել»,- ասել է Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը, միաժամանակ, նշել է, որ վարչապետի հրաժարականի իմաստ չի տեսնում:

«Ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Որովհետեւ աշխատում է եւ պետք է հնարավորություն ունենա իր աշխատանքով ապացուցել ամեն ինչ: Մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին եւ պետք է աջակցենք: Չեմ կարծում, որ Փաշինյանի հրաժարականի առիթ կա»,- ասել է Բաղդասարյանը:

Բաղդասարյանն այժմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն նույնպես չի տեսնում:

«Այս խորհրդարանն իր բնական հունով աշխատում է, ու մենք խորհրդարանի աշխատանքը կարողանում ենք բնական ձևով ապահովել: Չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս ԱԺ-ն: Մենք որդեգրել ենք, որ պետք է գնանք կուսակցությունների խոշորացման սկզբունքով: Սակայն այն առաջարկները, որ ընտրական օրենսգրքում բերում են, դրանով գնում ենք կուսակցությունների տրոհման, այսինքն՝  մարդ-կուսակցությունների ստեղծման ճանապարհով: Ես չգիտեմ, թե որքանով է դա քաղաքական եւ որքանով կարող է արդյունավետ Ազգային ժողով ստեղծվել»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ անբնական է, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժը չի ձեւավորել կառավարություն, հետեւաբար անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ, Բաղդասարյանն ասել է. «Կարելի է նաեւ հակառակը պնդել, բայց իրոք, այդ երեւույթն անբնական է, բայց առայժմ խոչընդոտներ չկան։ Բնականաբար, քաղաքական դաշտի հետաքրքրությունը հենց այդ անբնական երեւույթներն են։ Հայերը սիրում են անբնական երեւույթներով առաջ շարժվել: Մենք էլ ենք փորձում»: