Ղարաբաղը` За бортом. «Եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, կունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք մինչեւ 88 թվականը»

Ղարաբաղը` За бортом.  «Եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, կունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք մինչեւ 88 թվականը»
Ղարաբաղը` За бортом. «Եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, կունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք մինչեւ 88 թվականը»

Սահմանին հնչած վերջին կրակոցներով Ադրբեջանը Հայաստանին հասկացնում է, որ իրականում Հայաստանը դաշնակից չունի,-անդրադառնալով հունիսի 5-ին  Երասխ գյուղին հարող հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի միջադեպին` «Մեդիալաբին» ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Ադրբեջանը հստակ հասկացնում է՝ եղբայր, դուք դաշնակից չունեք, ձեր դաշնակիցն իմ դաշնակիցն է: Հիշենք Ռուսաստանի վերջին  ուղերձը՝ ուղղված Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը գնահատվեց որպես ստրատեգիական գործընկեր: Վլադիմիրի Պուտինը  մայիսի 28-ին շնորհավորեց Ադրբեջանին, բայց չշնորհավորեց Հայաստանին` Հանրապետության օրվա առիթով: Ադրբեջանը հասկանում է, որ եթե ռուսն իրեն զենք է ծախում,  մեր դաշնակիցը չէ» ,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

Ըստ վերլուծաբանի, որքան ավելանում է Ադրբեջանի զենքն ու տնտեսական հզորությունը, այնքան նրա ինքնավստահությունը մեծանում է:

Մյուս կողմից, ըստ Արա Պապյանի, Ռուսաստանը, որը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա:

«Ադրբեջանը հարձակումներ գործեց նաեւ Տավուշի  մարզի վրա, գնդակոծեց Ոսկեպարը, որը ՀՀ մաս է,  երեք զինծառայող սպանվեց Հայաստանի տարածքում: Հայ-ռուսական համաձայնագրով այդ սահմանը պետք է պաշտպանվեր նաեւ ռուսների կողմից, բայց Ռուսաստանը ոչ միայն  որեւէ քայլ չարեց, այլեւ անգամ չարտահայտվեց, հետեւաբար Ադրբեջանը ղարաբաղյան ճակատից հարվածը տեղափոխում է այս ուղղությամբ, դրանով իսկ  պատերազմի մեսիջ հղելով Հայաստանին»,-նշում է Արա  Պապյանը` հավելելով, որ Ռուսաստանի խաղն անազնիվ է նաեւ ԵՏՄ հարցում: 

Քաղաքագետի խոսքով, այսօր  Ռուսաստանը մի կողմից շահագրգռելով Հայաստանին մտնել Եվրասիական տնտեսական միություն՝ քաջ գիտակցելով, որ մեզ համար  հիմնական գործոնը Ղարաբաղի անվտանգությունն է, մյուս կողմից հրավեր ուղարկելով Ադրբեջանին՝           դրանով  իսկ չեզոքացնելով եւ վատթարացնելով  այդ հարցը:

Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսին Ռուսասատանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը:

«Ինտեգրման բոլոր ձևերը քննարկման ենթակա են: Այստեղ որևէ արգելք գոյություն չունի: Կարծում եմ, որ տրամաբանական կլիներԱդրբեջանի անդամակցությունն այդ համաձայնագրերում»,- ասել էր  նա:

«Մեզ համոզում էին, որ սա բխում է Ղարաբաղի անվտանգությունից, որ մենք Ղարաբաղի հետ ընդհանուր դաշտի մեջ ենք, դա ասվել է պաշտոնապես, բայց հիմա պարզվում է, որ Ղարաբաղը մնալու է ռուսների ասած՝ За бортом: Ստացվում է  մենք դուրս եկանք ԽՍՀՄ-ից, որտեղ ավելի լավ կարգավիճակ ունեինք , որ մտնենք  բոլոր պարամետրերով ավելի վատ միություն »,-նշում է Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին Ղազախստանի նախագահ Նազարբաեւն ընթերցել էր Ադրբեջանի նախագահի նամակը, որի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նազարբաեւի հայտարարությանն արձագանքել էր օրեր անց՝ Երեւանում՝ հայտարարելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում որեւէ խոչընդոտ չկա: 

 «Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է:Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,-ասել էր Հայաստանի նախագահը:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ,  «գործընկերներ» Պուտինը եւ Լուկաշենկոն առնվազն դեմ չէին Նազարբաեւի հայտարարությանը, ինչը նշանակում է, որ եվրասիական եռյակում այս հարցում կոնսենսուս կա:

«Նրանք դրանով փորձում են սիրաշահել Ադրբեջանին՝ վարելով բլիթի քաղաքականություն Ադրբեջանի եւ մտրակի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ՝ Հայաստանին օգտագործելով նաեւ որպես խայծ (Кнут и пряник)»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը: 

Ըստ փորձագետի, եթե Ադրբեջանն անդամակցի այս միությանը, այդ անդամակցությունը կլինի Հայաստանի շահերի հաշվին:

«Հայաստանը տարիներ շարունակ իրեն զրկելով իմունիտետից, հնարավորություն է տալիս, որ Կրեմլն իր շահերի համար օգտագործիՀայաստանը»,-վստահ է քաղաքագետը:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, Ռուբեն Մեհրաբյանը համոզմունք է հայտնում, որ Թուրքիան, տնտեսական ֆորմատով  չի անդամակցի ռուսական նախագծին, քանի որ ներկայումս  Եվրոպական մաքսային տարածքի մաս է կազմում եւ  դրանով եվրոպական շուկայի առաջ իր դռները կփակի: Սակայն այլ է քաղաքական հարթությունը, որտեղ ըստ  Ռուբեն Մեհրաբյանի «ռուսական մուրճի համար Թուրքիան միշտ եղել է որպես զնդան:

Նշենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացվածանդամ:

Արա Պապյանի կարծիքով, Ադրբեջանը միայնակ՝ առանց Թուրքիայի չի անդամակցի Եվրասիական միությանը, ուստի Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը նաեւ Թուրքիային հրավեր ուղարկեց: Մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի՝ Թուրքիային արված հրավերը :

Ըստ քաղաքագետի,  Նազարբաեւն ուզում է հասկացնել, որ եթե աշխարհի տասնհինգերորդ տնտեսությունն ունեցողԹուրքիան դառնա Եվրասիական միության անդամ, Եվրասիական միությունը կդառնա թուրքական միություն եւ իրենք այնտեղ վճռորոշ դեր կարող են ունենալ:

Արա Պապյանի խոսքով, զուտ տեսականորեն, եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, ապա մենք կունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք մինչեւ  1988 թվականը:

«Ժամանակին մենք Ադրբեջանի հետ նույն միության անդամ էինք, Ղարաբաղն ուներ որոշակի ինքնավարություն`Ադրբեջանի ենթակայության ներքո: Այս ամբողջը կկրկնվի՝ ավելի վատ տարբերակով: Նախ այն պատճառով, որ այսօր Մոսկվայի վերահսկողությունը Բաքվի նկատմամբ ավելի թույլ է, Ադրբեջանում ընդդեմ հայերի հսկայական ատելություն է կուտակված, բացի այդ, երբ Ղարաբաղը դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ, եւ թվապես եւ ազդեցությամբ  հայերը շատ ավելին էին, քան այսօր», -«Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am