«Էրդողանն ու Ալիևը շատ գեղեցիկ, ականջահաճո բառերի ներքո Հայաստանին ուղղված իրական սպառնալիքներ են հնչեցնում». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, որ առաջիկայում սկսվելու է առևտուրը, ու Հայաստանի հետ խնդիրները հաղթահարվելու են: Սրան զուգահեռ Ադրբեջանի ղեկավարն էլ դարձյալ խոսել է խաղաղության պայմանագրի մասին՝ ընդգծելով, որ այն պետք է հիմքում ունենա իրենց առաջարկած հինգ կետերը: Եթե ընդհանուր դիտարկենք երկու ղեկավարների հայտարարությունները, ո՞րն է նրանց բուն ասելիքը:

– Ընդհանուր առմամբ, երկուսն էլ շատ գեղեցիկ, ականջահաճո բառերի ներքո Հայաստանին ուղղված իրական սպառնալիքներ են հնչեցնում: Ալիևի ծավալուն ելույթում մի քանի թեզեր կան, որոնք կարևոր եմ համարում: Նախ՝ նա սպառնում է, որ եթե Հայաստանը ոտքի կանգնի, հզորանա, ապա դա իրենք դիտելու են որպես մարտահրավեր, ու սպառնում է, որ Հայաստանը կդադարի պետականություն ունենալուց:

Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե ինքը չնչին կերպով անգամ հակված լիներ խաղաղության, նման ելույթներ չէր ունենա, ավելին՝ ամեն անգամ դա ասելուց հետո ընդգծում է, որ իրենք զբաղված են բանակի հզորացմամբ:

Նա նաև նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակներում քարտեզներ են ներկայացվել, որտեղ, իր խոսքով, հստակ պատմական փաստերով ցույց են տալիս, որ Զանգեզուրը կամ նույն Սյունիքը եղել է Ադրբեջանինը, և պետք է այդ բոլոր հարցերը քննարկվեն:

Սա նոր բովանդակություն է, եթե մինչ այդ միայն խոսում էր դրա մասին, այժմ ակնարկում է դա քննարկման առարկա դարձնել: Բնականաբար, Ալիևի ախորժակը գնալով բացվում է, ու օգտվում է այն իրավիճակից, որ առկա է Հայաստանում, ու նորանոր խնդիրներ է ստեղծում:

Համարժեք արձագանքների բացակայության հետևանքն է սա: Հասկանալի է, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է, բայց, հաստատ, եթե անհրաժեշտ կամքն ու ցանկությունը լինեին, վստահեցնում եմ, որ շատ բան ավելի հաղթահարելի կլիներ:

Այս համատեքստում, երբ Ալիևի պատկերացրած խաղաղությունը պարզ է, իսկ Հայաստանի իշխանությունն էլ նշում է, որ խաղաղության օրակարգն իրենց առաջնահերթություններից է, իրենք պատրաստ են դրան գնալու, ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը:

– Բազմիցս ասել եմ, որ դա խաղաղության պայմանագիր չէ, դա կապիտուլյացիա է, որն Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, պարտադրում է Հայաստանին: Ալիևն իր բազմաթիվ ելույթներում նշել է, որ Հայաստանի ժողովուրդը հավերժ կապրի պարտվածի, իսկ իրենք՝ հաղթողի հոգեբանությամբ, այս տրամաբանությամբ խաղաղություն չեն կառուցում:

Եթե Հայաստանն ունենար նորմալ ծրագիր, այսինքն՝ նույն խաղաղություն ասվածի տակ դրված լիներ բովանդակություն, լինեին հստակ կարմիր գծեր, ապա ամեն բան այլ կլիներ:

Ալիևն իր ամեն հայտարարությամբ խաղաթուղթ է տալիս հայկական կողմին՝ ցույց տալու, որ այս երկիրը չի գնում իրական խաղաղության ճանապարհով: Հայաստանը պետք է միջնորդներից պահանջի չեզոքություն, օրինակ՝ նույն Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի այն խոսքերը, որոնք բուռն տրամադրություններ են ստեղծում Հայաստանի ու Արցախի ներսում, ապա ինչո՞ւ որևէ քննադատական խոսք չի ասում Ալիևի բացահայտ սպառնալիքների մասին, եթե իրենք իրոք անկեղծ են իրենց միջնորդական առաքելության մեջ:

Գուցե դրա՞ համար է Ալիևն ասում, որ իր համար վստահելի միջնորդ է Եվրամիությունը, ու ինքը ողջունում է վերջինիս միջամտությունը գործընթացին:

– Վստահ եմ, որ պատահական չի ասում դա, ու նույն խաղաղության պայմանագիրն իրապես Եվրամիության միջնորդությամբ է առաջ մղվում: Նրանք էլ իրենց նպատակներն ունեն, ինչը չի համապատասխանում իրենց արած հայտարարություններին: Նրանց նպատակը Ռուսաստանի դուրսբերումն է տարածաշրջանից, ինչը նաև Բաքվի շահերից է բխում:

Եթե ուշադրություն դարձնեք՝ Փաշինյանի բառամթերքը որոշակի փոփոխությունների է ենթարկվել Մոսկվայից վերադառնալուց հետո, ինչը պատահական չեմ համարում: Այդուհանդերձ, մտավախություն ունեմ, որ դրան զուգահեռ, նա շարունակելու է հակասական գործընթացների գնալ, այսինքն՝ այն խոստումները, որ ինքը տալիս է տարբեր ուժային կենտրոններին, գտնվում են հակասության մեջ ու իհարկե դրանք վնասելու են երկրին, ինչը շատ վտանգավոր է:

Ինչպես ներհայաստանյան տիրույթում Փաշինյանն անկեղծ ու ազնիվ չէ իր խոսքերում, շարունակ ստում կամ մանիպուլացնում է, նույնկերպ ազնիվ չէ միջազգային գործընկերների հետ, և դա վաղ թե ուշ իր հետևանքներն է ունենալու երկրի համար:

– «Արցախահայությունը ողջունում է ու ընդունում խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա». Արցախի Հանրապետության նախագահն է այսօր ասել Հայաստանի ու Արցախի կառավարության անդամների հետ հանդիպմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը և նաև Հարությունյանի հայտարարությունը, տիկի՛ն Հայրապետյան:

– Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց պետք է հաշվի նստել իրողությունների հետ՝ ո՞ւմ հետ ես այդ խաղաղությունը կառուցում: Հայաստանը երբեք չի ցանկացել պատերազմ, ու դրա մասին տարբեր ձևերով հայտարարվել է, բայց եթե քո խաղաղությունը միակողմանի է, դա որևէ արդյունք չի տալու: Հայաստանը պետք է կարողանա այնպես անել, որ Ադրբեջանը վախենա ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց, իսկ եթե թույլ ես, բնականաբար կհարձակվեն քեզ վրա, ու դու ոչ մի օգնող չես ունենա, որովհետև, ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում՝ «Հաղթողներն ունենում են բարեկամներ, պարտվողները՝ ընդամենը կարեկցողներ»: Ուստի եթե մենք ուզում ենք իսկապես պետություն ու խաղաղություն ունենալ, պետք է ունենանք հզոր բանակ ու հանրային գիտակցություն, որ դրա համար անհրաժեշտ է ջանք թափել, ոչ թե կենաց ասել: Նպատակ չունեցող ժողովրդից ավելի վտանգավոր բան չկա, իսկ այսօր մենք այդ վիճակում ենք:

Եթե Թուրքիան ու Ադրբեջանը չկարողանան հասնել իրենց նպատակին, նրանց հետագա քայլերը որո՞նք կլինեն:

– Այդ ամենը միարժեք չէ, որովհետև, ինչպես ասացի, այսօր Ռուսաստանի շահերից էլ չի բխում թույլ տալ Արևմուտքի միջնորդությամբ այդ գործընթացի իրականացումը, նա ավելի դանդաղ գործընթացի կողմնակից է՝ հասկանալի պատճառներով:

Եթե մենք ուզում ենք դա ճիշտ օգտագործել, պետք է համարժեք աշխատանք տարվի, պետք է հստակ գիտակցել՝ ո՞ր բանակցային սեղանն է առավել բխում քո շահերից, ի՞նչ պայմաններով ու ո՞ւմ հետ պետք է համագործակցել, որպեսզի քո պետության առջև ծառացած խնդիրները լուծես:

Եթե նկատի ունեք պատերազմի սպառանալիքը, ասեմ, որ եթե անգամ այդ պայմանագիրը կնքվի, դա Թուրքիայի ու Ադրբեջանի համար զսպաշապիկ չի լինելու: Եթե ինչ-որ մեկը նման պատրանք ունի, թե այդ պայմանագիրը մեզ կազատի այս պետությունների հարձակումներից, դա սին պատրանք է:

Քրիստինե Աղաբեկյան