Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը մանրամասներ է պատմել Խոզնավար գյուղ այցելությունից

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի ու խմբի անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, որտեղ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև:

Նրանք հանդիպել են բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնեց, որ ոլորտային պատասխանատուները զրուցել են բնակիչների հետ, տեղում փորձել հասկանալ իրավիճակը, լսել են բնակիչների հուզող խնդիրները թե անվտանգային միջավայրի, թե ենթակառուցվածքների հետ կապված։

«Տեղ համայնքի Խնածախ գյուղում կայացավ միջգերատեսչական նիստը, որտեղ քննարկվեցին այդ թվում նաև Տեղ համայնքի, մասնավորապես՝ Խոզնավար գյուղին վերաբերվող հարցերը»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե արդյոք բնակիչների շրջանում խուճապային տրամադրություն կա, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իր գնահատմամբ որոշակիորեն կա անհանգստություն, բայց տրամադրությունները խուճապային չեն։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը նաև խոսեց հետագա քայլերի մասին՝ նշելով, որ պարբերաբար նմանատիպ այցելություններ կլինեն Խոզնավար գյուղ։

«Մարզպետի և մարզպետարանի մակարդակով այցելությունները բավականին հաճախ են, ինչպես նաև Սյունիքի հարցերով՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի կողմից»,- ասաց Մարտիրոսյանը։