Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել.Factor

Ռուսաստանի և  Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կարևորվել է երկրում կայունության և քաղաքացիական խաղաղության ապահովումը, կարգուկանոնի և օրինականության խիստ պահպանումը:

Շեշտադրվել է ահաբեկչության և թմրավաճառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը։ Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմանի համակարգումն աֆղանական թեմատիկայի հարցում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցությանը, առաջին հերթին` էներգետիկայի ոլորտում:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» շարժման գրոհայինները արագ հարձակում են ծավալել ամբողջ երկրում և գրավել բոլոր սահմանային անցակետերը, իսկ օգոստոսի 15-ին մտել Քաբուլ եւ վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը, որպեսզի, նրա խոսքերով, «կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: