«Ուզում եմ հավատալ, որ այս ընտրություններն իրենց որակով տարբերվելու են  այն այլանդակ ընտրություններից, որ ունեցել ենք նախկինում». Նաիրա Զոհրաբյան

«Ուզում եմ հավատալ, որ այս ընտրություններն իրենց որակով տարբերվելու են  այն այլանդակ ընտրություններից, որ ունեցել ենք նախկինում». Նաիրա Զոհրաբյան
«Ուզում եմ հավատալ, որ այս ընտրություններն իրենց որակով տարբերվելու են  այն այլանդակ ընտրություններից, որ ունեցել ենք նախկինում». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկի՛ն Զոհրաբյան, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մեծաթիվ ուժեր են մասնակցում: Հաշվի առնելով այս գործոնը՝ ի՞նչ ընտրապայքար է սպասվում:

– Կարծում եմ՝ ընտրապայքարը լինելու է դասական, ինչպես նախկինում: Հի՞նգ քաղաքական ուժ կմասնակցի, տա՞սը, թե՞ քսան՝ դրանից խոշոր հաշվով ոչինչ չի փոխվում: Ինձ համար կարևորը ոչ թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քանակն է, այլ շատ կարևոր է, թե վերջապես ի՛նչ որակի ընտրություն ենք մենք ունենալու: Գոնե ես ուզում եմ հավատալ, որ այս ընտրություններն իրենց որակով ակնհայտորեն տարբերվելու են այն այլանդակ ընտրություններից, որոնք ունեցել ենք նախկինում: Այն, ինչ ես տեսել եմ թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ, ընտրություններ չէին, ընտրությունների հանդեպ արհամարհանք էր: Ուզում եմ շատ մեծ հավատ ունենալ, որ այս ընտրություններում որևէ վարչական ռեսուրս չի կիրառվելու, ընտրողի կամքի վրա ճնշում չի գործադրվելու:

Բայց դեռևս կան ցնցող դեպքեր. ընդամենը օրեր առաջ զրուցում էի մի պաշտոնյայի հետ, ում հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել: Հարցրեցի՝ ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք պատրաստվում ընտրություններին, ասաց՝ գիտես, դեռ հրահանգ չենք ստացել: Սա զարհուրելի է, այսինքն՝ դեռ կան պաշտոնյաներ, ովքեր ներքին իներցիայով, իրենց մեջ նստած ստրուկի բնազդով սպասում են, որ այս իշխանությունը ևս իրենց պետք է հրահանգի: Այս մարդիկ փաստորեն սովոր չեն ուրիշ կերպ մտածելու և աշխատելու, այս մարդկանցից օր առաջ պետք է ազատվել:

Այնպես որ, թեկնածուների թիվը երկու կամ երեք կլինի, թե տասը, ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում ընտրությունը չվերածել կենաց-մահու պայքարի: Ես չեմ կասկածում, որ բոլոր քաղաքական ուժերի նպատակը բարի է, բոլորն ուզում են քաղաքում բարեփոխումներ անել: Երևանի խնդիրները նոր չեն, մենք նոր չենք հայտնաբերելու այդ խնդիրները, երևանցին այդ խնդիրները մեզանից լավ գիտի: Մենք երկու բան պիտի առաջարկենք՝ լուծում և ռեսուրսների ճանապարհ, թե ինչպե՛ս է հնարավոր այդ խնդիրները լուծել: Մենք կառաջարկենք, կորոշի երևանցին, թե ո՛ւմ է տալիս իր վստահության քվեն:

– Թվում է, թե կա մրցակցություն, բայց մյուս կողմից՝ մենք լավ գիտենք, որ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը, և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առավելություն է ստանում: Այսինքն՝ արդար մրցակցությունը չի՞ խաթարվում:

– Եթե հանրության վերաբերմունքը պետք է լինի իր օբյեկտիվ վերաբերմունքը, դա արդար է: Ինձ համար միգուցե ինչ-որ բաներ ընկալելի չեն: Օրերս ես կարդում էի իմ լավ ընկեր Արարատ Զուրաբյանի հարցազրույցը: Նույնաբովանդակ հարցին նա շատ լավ պատասխան էր տվել, ասել էր՝ երբ մենք հիվանդ ենք, գնում ենք հիվանդանոց, չենք ասում՝ թող մեզ բուժի նա, ով Նիկոլ Փաշինյանի հետ մոտ է: Ասում ենք՝ թող մեզ բուժի նա, ով կարող է: Հիմա՝ եթե երևանցին այդ մոտիվացիայով է առաջնորդվելու, և դա լինելու է իր արդար մոտեցումը, որևէ խնդիր չկա: Պարզապես ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է իմ հարգարժան ընկեր ու բարեկամ Նիկոլ Փաշինյանն աշխատել և՛ վարչապետ, և՛ նախարար, և՛ քաղաքապետ: Այդպես չի լինում, բայց միգուցե իսկապես նրանց թեկնածուն, որի կազմակերպչական ունակություններին ես բացարձակապես ծանոթ չեմ, քարոզարշավի ընթացքում այնպիսի ծրագիր ներկայացնի, դեբատների ժամանակ այնպես հիմնավորի, որ մենք համոզվենք՝ մարդիկ ունեն Երևանը կառավարելու ունակություններ: Իսկ դեբատներ, ես կարծում եմ, անպայման պետք է լինեն առաջին դեմքերի միջև:

Այնպես որ, եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Շատ կարևոր է նաև քաղաքական ուժի հանդեպ վստահությունը: Դու չես կարող ասել, որ քաղաքական ուժի հանդեպ վստահությունը կարևոր չէ, բայց շատ ավելի կարևոր է թեկնածուն, որովհետև, կրկնում եմ՝ մի մարդը չի կարող բոլոր պաշտոններում աշխատել և բոլորի փոխարեն աշխատել: Ես հիմա չեմ ցանկանում նշել նախարարների անուններ, որոնց փոխարեն ևս, իմ տպավորությամբ, աշխատում է վարչապետը: Ամեն մեկը պետք է անի իր գործը, բայց եթե երևանցին այդ մոտիվացիայով է կատարելու իր ընտրությունը, բայց կատարելու է իր ազատ կամարտահայտությամբ, այդ կամարտահայտությունը մեզ համար ևս ընդունելի կլինի:

– Քարոզարշավի ժամանակահատվածն այս անգամ կարճ է լինելու՝ 11 օր, դա բավարա՞ր է ծրագրերն ու ասելիքը լիարժեք ներկայացնելու համար:

– Ես կարծում եմ՝ այո՛: Գիտեք, հանրությունը ճանաչում է քաղաքական ուժերին, ճանաչում է այն թեկնածուներին, որոնք ֆավորիտ թեկնածուներ են: Եվ 11-12 օրը, ես կարծում եմ, լիովին բավարար է, որ ամեն քաղաքական ուժ Երևանի զարգացման իր ծրագիրը ներկայացնի:

– Ձեր ծրագիրն արդեն պատրա՞ստ է:

– Ծրագիրը պատրաստ է, վերջին շտկումներն են անում: Այսօր ես հանդիպելու եմ նաև մտավորականների հետ, որովհետև ամենակարևոր կոմպոնենտը մենք միշտ բաց ենք թողնում: Երևանը պետք է դառնա եվրոպական մշակութային և տուրիստական կենտրոններից մեկը: Հայտնի խոսք կա՝ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ: Երևանը Հռոմից 29 տարով մեծ քաղաք է, մենք այնպես պետք է անենք, որ մի օր էլ ասեն՝ բոլոր ճանապարհները տանում են Երևան: Դրա համար մենք Երևանը պետք է տուրիստական ու մշակութային եվրոպական կենտրոն դարձնելու հայեցակարգ ունենանք: Մենք արդեն մոտ 10 հանդիպում ենք ունեցել տարբեր արվեստագետների ու մտավորականների հետ, հիմա վերջին շտկումները կփորձենք անել, ծրագրի մնացած հատվածներն արդեն պատրաստ են, և առաջիկա օրերին արդեն այն կուղարկվի տպարան:

– Որո՞նք են այն կարևոր անելիքները, որոնք դրել եք ձեր ծրագրի հիմքում, Երևանում ի՞նչ խնդիրներ պետք է առաջնահերթ լուծվեն:

– Մենք գնալու ենք կանաչ և խելացի քաղաքի հայեցակարգը կյանքի կոչելու ճանապարհով: Ես մի քանի խնդիր կառանձնացնեմ, որոնցից առաջինը Երևանի կանաչապատման խնդիրն է: Էկոլոգիական աղետ է այն, ինչ այսօր Երևանում կատարվում է: Մայրաքաղաքի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը պետք է լիներ 28,8 քմ, բայց այսօր այդ թիվն ընդամենը 4,5 քմ է: Սա էկոլոգիական աղետ է, ինչն իր հետ բերում է հիվանդությունների, այդ թվում՝ չարորակ նորագոյացությունների աճ:

Աղբահանությունը ևս կարևոր խնդիր է: Որքան էլ մենք քաղաքացիների հետ փորձենք բարիկադներ կազմել, ինչպես այս օրերին անում ենք Սիլիկյան թաղամասում, որպեսզի ինքնաբուխ բացված աղբավայրերը փակվեն, միևնույն է, դա հարցի լուծում չէ: Երևանում աղբահանության ցիկլը չի ավարտվում, այդ ցիկլը կարող է ավարտվել միայն աղբի վերամշակման գործարան կառուցելով, ինչի համար ներդրողի հետ արդեն 20 օր է՝ մենք բանակցություններ ենք վարում:

Երրորդ կարևոր խնդիրը տրանսպորտի խնդիրն է, հատկապես էկոտրանսպորտը պետք է զարգացնել: Հիմա կոնկրետ բանակցություններ ենք վարում խոշոր ընկերության հետ, որը Չինաստանում և Ֆրանսիայում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ծրագիր է ներդրել: Ես փակագծեր չեմ բացում, ներդրողներն իրենք կգան ու կներկայացնեն իրենց ներդրումային ծրագրերը:

Մյուս կարևոր խնդիրը վերելակային տնտեսության արդիականացումն է: Այսօր Երևանում շահագործվում է 4739 վերելակ, որից հունիսի 10-ի դրությամբ փորձաքննություն են անցել ընդամենը 1352-ը: Պատահական չէր, որ ես օրերս դրանք անվանեցի մահվան վերելակներ: Այդ խնդիրներն անպայման պետք է լուծվեն: Բայց, կրկնում եմ, Երևանում խնդիրները շատ են: Քանի որ Երևանի բյուջեն ընդամենը 80 մլրդ դրամ է, դա բավարար չէ այս համալիր խնդիրները լուծելու համար: Մենք ներկայացնելու ենք, թե ինչպես է հնարավոր լեգիտիմ ճանապարհով Երևանի բյուջեն մեծացնել և փորձել այս խնդիրները լուծել՝ ներգրավելով օտարերկրյա ներդրողների, որոնցից մի քանիսի հետ արդեն տևական ժամանակ է՝ մենք բանակցություններ ենք վարում:

– Այդ ներդրողները, անկախ ընտրությունների արդյունքից, գալո՞ւ են Երևան, թե՞ նրանց պայմանն այն է, որ ԲՀԿ-ն պետք է ղեկավարի Երևանը:

– Դա արդեն կախված կլինի ներդրողներից, որովհետև մենք չենք կարող ներդրողին պարտադրել: Այսօր ներդրողը բանակցությունները վարում է՝ վստահելով «Բարգավաճ Հայաստանին» ու Գագիկ Ծառուկյանին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am