«Դա խուլիգանակույտ էր, բողոքի ակցիա հնարավոր չէ անվանել, այս աստիճանի ցածրորակ ու փողոցային խումբ ես իմ կյանքում տեսած չկայի». Ստյոպա Սաֆարյան

«Դա խուլիգանակույտ էր, բողոքի ակցիա հնարավոր չէ անվանել, այս աստիճանի ցածրորակ ու փողոցային խումբ ես իմ կյանքում տեսած չկայի». Ստյոպա Սաֆարյան
«Դա խուլիգանակույտ էր, բողոքի ակցիա հնարավոր չէ անվանել, այս աստիճանի ցածրորակ ու փողոցային խումբ ես իմ կյանքում տեսած չկայի». Ստյոպա Սաֆարյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկով սկիզբ է դրվում պատմական ու աննախադեպ դատավարության, քաղաքական ու իրավական գնահատական է տրվում մի ամբողջ դարաշրջանի։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Սա ուղղակի պետք է անվանել Հայաստանի պատմության մեջ իսկապես պատմական դատավարություն, որովհետև սա ըստ էության միայն 10 զոհերի խնդիր չէ։ Այս դատավարությամբ քաղաքական ու իրավական գնահատական է տրվում մի ամբողջ դարաշրջանի, որի մեջ ներքաշեցին Հայաստանը և թուլացրեցին այն։ Սա՝ որպես քաղաքական անցյալ, ուղղակի պետք է մերժվի քաղաքական գնահատականով ու դատավճռով»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանի և մյուսների ամբողջ նպատակն այն էր, որ ժամանակն անցներ, ապացույցները վերանային, և գործի բացահայտումը դժվարանար, ինչպես շատ այլ հանցագործությունների դեպքում։ Բայց այս դեպքում Մարտի մեկի գործով փաստահավաք խմբին չենք կարող շնորհակալություն չասել, որովհետև նրանք ամբողջ տեղեկատվության բազան պահպանեցին, տեղեկությունները փոխանցվեցին հատուկ քննչական ծառայությանը, որն սկսեց քայլ առ քայլ մոտենալ գործի բացահայտմանը։

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

2008 թվականի Մարտի մեկի դեպքերով մեղադրյալի աթոռին են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, այն ժամանակ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և այն ժամանակ պաշտպանության փոխնախարար-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը։ 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, ով այսօր հետախուզման մեջ է։ Բոլոր այս անձանց մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար։

Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է առաջին դատական նիստին։ Դրսում զուգահեռ բողոքի ակցիա են արել նրա կողմնակիցները՝ պահանջելով ազատ արձակել Քոչարյանին։ Ակցիայի մասնակիցները իրենց ագրեսիվ են դրսևորել։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ սա ցույց տվեց, որ Քոչարյանի փաստաբանները դատարանում պաշտպանվելու փաստարկ չունեն։ Եվ միակ հույսն այն է, որ «ամբողջ պրոցեսը ամբոխացվել է»։

«Այն զանգվածը, որը հավաքվել էր դատարանում, հեռու է քաղաքական խմբակ անունը կրելուց։ Նրանց միակ դերը սադրանքներ հրահրելն էր, դատավարության մյուս կողմին վիրավորելն ու հայհոյելը։ Մենք այսօր ականատես եղանք դրան՝ սկսած նրանից, որ բռնություն գործադրվեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ, վերջացրած նրանով, որ դատարանի շենք չէին թողնում փաստաբան Սեդա Սաֆարյանին»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ տեսանելի է, թե ինչ մարտավարություն են որդեգրել Քոչարյանի կողմնակիցները, որի նպատակը քաղհալածյալի կերպարի մեջ մտնելն է։

«Պատկերացրեք, ովքեր իրենց տեսակետները չէին կիսում, բոլորին մոտենում ու զզվացնում էին, բոլորի ուղղությամբ ռեպլիկներ էին բաց թողնում։ Դա խուլիգանակույտ էր, բողոքի ակցիա հնարավոր չէ անվանել։ Այս աստիճանի ցածրորակ ու փողոցային խումբ ես իմ կյանքում տեսած չկայի»,- ասում է քաղաքագետը։

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նաև բռնություն են գործադրել ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ։ Դատավարությանը զուգահեռ դատարանի շենքի մոտ Գասպարին «Ռոբիկ, մարդասպան» կարգախոսով բողոքի ակցիա էր անում։ Նրա ձեռքից Քոչարյանի կողմնակիցները խլել են պաստառը և շշով հարվածել նրա դեմքին։ Մամուլում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Գասպարիին հարվածողը TV5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն է, ով Քոչարյանի մերձավորներից է։

Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ իրավապահներն այս ուղղությամբ հստակ անելիք ունեն։

«Նրանք բավական ոգևորված էին, որ Գասպարիի միջադեպը կուլ են տվել, որովհետև ըստ էության ոստիկանները տեղում միանգամից չգնացին հանցանք կատարողի թևերը ոլորելու ճանապարհով։ Դա մի հրոսակախումբ է, որտեղ կանանցից սկսած տղամարդկանցով վերջացրած ամենախուլիգան վանկարկումներով ու բառապաշարով են գործում։ Այնպես չէ, որ ոստիկաններն իրենց առաջ դրված խնդիրը չէին լուծում։ Բայց, համենայնդեպս, եթե ավելի խիստ լինեին, մի միջադեպից հետո մյուս միջադեպը չէր լինի»,- հավելում է քաղաքագետը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am