«Երեխեքը գետնին են քնում, լեժանկա էլ չկա»․ Շուշիի Քարինտակի 10 սենյականոց առանձնատնից՝ հուսահատ ու ձեռնունայն դեպի անորոշություն

Լուսանկարում պատերազմի հետեւանքով տեղահանված Արցախի բնակիչները։ Լուսանկարը՝ Անուշ Բաբաջանյան (politico.eu).

Վարդանյանների ընտանիքը Արցախյան պատերազմի հետևանքով Շուշիի շրջանի Քարինտակ գյուղից տեղահանվել է՝ թողնելով տունը, հողամասը, ապրուստի բոլոր միջոցները և ապաստան գտել Արարատի մարզի Բյուրավան գյուղում՝ բարեկամի տանը։

67-ամյա Լարիսա Վարդանյանն ասում է, որ իրենց կյանքը գլխիվայր շուռ է եկել՝ այսօր անգամ մահճակալ չունեն, որ երեխաները գետնին չքնեն։ Տնից դուրս գալիս որևէ իր չեն կարողացել իրենց հետ վերցնել։

«Մեր տունը գտնվում է թուրքերի ձեռքին։ Մեր տունը երկհարկանի տուն է, 10 սենյակ ուներ։ Ունեինք խոզեր, հավեր, անասուններ, ոչխար։ Հացահատիկի դաշտ ունեինք, ցորեն էինք ցանում, բանջարանոցներ ունեինք, մենակ 70 հատ թթի ծառ ունեինք, մեծ ավտո, 500 հատ զակատ էինք արել։ Էդ ամբողջը մնաց էնտեղ։ 

Մենք էնպիսի պահ ենք տեղահանվել, գոնե չենք հասցրել մի նոր շոր հագնենք, դուրս եկանք 5 փոքր անչափահաս թոռնիկիս, հարսիս հետ, բայց տղաներս մնացին գյուղը, պայքարում էին թուրքի դեմ։ Մեր գյուղի անունը դրել էին արյունոտ ձորակ, որովհետև հարյուրավոր թուրքեր էին կոտորվել, իսկ հիմա ի՞նչ եղավ, որ նահանջեցին՝ չգիտենք մինչև էսօր։ Մեր գյուղն ասում էին՝ հերոս գյուղ, այսինքն՝ քարից կարծր, քարից պինդ»,- պատմում է Վարդանյանը։ 

Այժմ բարեկամի 4-սենյականոց տանը, որտեղ ևս երկու ընտանիք է բնակվում, Վարդանյանների 9 անդամից բաղկացած ընտանիքն է նաև ապաստանել:

«Ընդհանուր 16 հոգի միասին ենք էստեղ։ Մեր ընտանիքը՝ 5 անչափահաս երեխաներ, փոքր տղաս, հարսս, ես ու ամուսինս, 9 հոգի ենք, բայց էստեղ 2 ընտանիք միասին են ապրում, իրենք էլ 7 հոգի։ Հեշտ չէ, փոքր երեխաների տեր ենք, դժվար է մեզ համար։ Տեղ չկա, երեխեքը գետնին են գնում, լեժանկա էլ չկա»,- նշում է Լարիսա Վարդանյանը։

Լարիսա Վարդանյանն ընտանիքի հետ

Ասում է, որ պետությունից 300 հազար դրամ որպես փոխհատուցում են ստացել, սնունդ էլ են ստանում, բայց չեն հասցնում, երեխաները շատ են, չեն պատկերացնում, որ կռիվ է եղել, իրենք տաք հագուստ են ուզում, ուտելիք են ուզում:

«Բայց Էլի գոհ ենք, ինչ անենք, եթե էդ էլ չտան, ինչ պիտի անենք»,- ընդգծում է Վարդանյանը։

Ասում է, որ հիմնական խնդիրը տան հարցն է, որևէ տեղեկություն չունեն՝ իրենց տուն կտրամադրվի՞, թե՞ ոչ։ Ընդգծում է, որ կցանկանար Հայաստանում տուն ունենալ, քանի որ չի պատկերացնում՝ անչափահաս թոռների հետ ինչպես է հնարավոր Արցախում ապրել։

«Մեր գյուղը չկա, տունս-տեղս կորցրել եմ, գոնե մի քիչ օգնեին, Հայաստանում տուն առնեինք, երեխաներիս հավաքեի մի տեղ։ 5 երեխա ունեմ, 22 թոռ ու 10 ծոռ, բոլորը Քարինտակում էին ապրում, բոլորը հիմա էստեղ են՝ Հայաստանում, բոլորս ցաք ու ցրիվ եղանք։ Եթե անգամ Արցախում տուն տան, ես ինչպե՞ս գնամ, եթե մի տեղը 90 տոկոսը թուրք լինի, 10 տոկոսը՝ հայ, ես էս փոքրիկ երեխաներին ո՞նց վերցնեմ գնամ Ղարաբաղ։ Ես չեմ կարող, եթե մեր գյուղում թուրք չլինի, նույնիսկ ոտով՝ մեծ ուրախությամբ, կգնամ, հասնեմ մեր գյուղ»,- ասում է Վարդանյանը։

Վարդանյանների ընտանիքը պատերազմի ժամանակ նաև կորուստներ է ունեցել, պատերազմի դաժանությունը անընդհատ աչքների առաջ և մտքում՝ փորձում են ելքեր որոնել՝ ապրելու և նոր կյանք սկսելու համար:

«Թոռս վիրավորվել ա թոքից, ձեռից, քրոջս երկու տղաները զոհվել են, փեսաներ են զոհվել, հարսիս քրոջ ամուսինն ա զոհվել, ընտանիք չկա, որ զոհ չլինի, տեգորս տղան անհետ կորած ա, մեր հայ ազգը էնքան բալիկներ կորցրեց, հայրենիքը կորցրեց, շատ վատ ա։

Հիմա հարսս ու տղաս փորձում են աշխատանք գտնել, պիտի գնան Արտաշատ, ինչ-որ մի տեղ ինչ աշխատանք էլ լինի, պիտի անեն։ Տեսնենք՝ ինչ է լինելու»,- հուզված ասում է Վարդանյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am