Սեյրան Օհանյանն անհրաժեշտ է համարում աշխատել ՌԴ-ի հետ՝ Ադրբեջանի սադրանքները բացառելու համար

Արցախի Հանրապետության ղեկավարությունը պետք է համապատասխան աշխատանք տանի Ռուսաստանի Դաշնության և խաղաղապահների հրամանատարության հետ՝ ադրբեջանական սադրանքները բացառելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին:

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ ճնշումները, հայտարարելով, որ իրենք ներկայացրել են  հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման 5 կետերը և այդ 5 կետերը Հայաստանը պետք է կատարի, եթե, ոչ, իրենք գնալու են իրենց խնդրի կատարմանը՝ մինչև վերջ»,- ասաց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Ադրբեջանի սադրանքներն Արցախում և Արցախի շուրջ, լինելու են նաև հետագայում:

«Եթե հիշում եք, ասում էին, որ այդ ճանապարհով զենք-զինամթերք, ականներ է տեղափոխվում: Մեր գործընկերներից մեկն ասաց, որ սա հիմք է ստեղծում լայն վերահսկողություն իրականացնել այդ միջանցքի նկատմամբ: Մինչդեռ, նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջանցքը պետք է լինի համապատասխան լայնությամբ և պահպանվի կապը Հայաստանի և Արցախի միջև:

Կուլ գնալ Ադրբեջանի ներկայացրած կամ թելադրված խաղաղության կեղծ օրակարգին, միակողմանի գնալ զիջումների, չներկայացնել Հայաստանի շահերը, չապահովել անվտանգությունը, ընդհակառակը՝ բերելու է Ադրբեջանի կողմից սադրանքների, ընդ որում՝ Արցախի շուրջ:

Արցախի Հանրապետության ղեկավարությունը պետք է համապատասխան աշխատանք տանի Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ»,- ընդգծեց Օհանյանը:

Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին  բացելու հարցով:

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր: