Հայաստանի և Ադրբեջանի հասարակական գործիչները հանդիպել են Մոսկվայում

Ադրբեջանի և Հայաստանի հասարակական ներկայացուցիչները Մոսկվայում անցկացրել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների ժողովուրդների միջև լարվածությունը մեղմելու միջոցները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, գրում է Factor.am-ը։

«Դեկտեմբերի 23-ին ու 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային հարցերով համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև լարվածությունը թուլացնելու միջոցները, պայմանավորվել են շարունակել նման շփումները 2022 թվականի սկզբին»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նշենք, որ Միխայիլ Շվիդկոյը ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգի բավական ակտիվ ներկայացուցիչներից է։ Ամիսներ առաջ նա Ադրբեջանում էր, որի ընթացում հանդիպել էր երկրի ղեկավարության հետ, նաև ցանկություն էր հայտնել այցելել Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք։