ՊՆ-ն համաձայնություն չի էլ կարող տալ, որովհետև մենք նրանց վերահսկողության տակ գտնվող հատվածներում որևէ կառույց չունենք. ՈՄԱ ՌՀԿ

Լուսանկարը՝ ՈՄԱ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու, ՈՄԱ կայքի համակարգող Անգին Խաչատրյանը

– Տիկի՛ն Խաչատրյան, պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ու ի՞նչ է ստացվում, որ ձեր «գմբեթների» ծրագիրը իրականացվում է առանց նախարարության թույլտվությա՞ն:

– Նախ՝ նրանք որևէ համաձայնություն չեն տվել ու չէին էլ կարող տալ, որովհետև մենք նրանց վերահսկողության տակ գտնվող հատվածներում որևէ կառույց չունենք: Խոսքն առաջին գծի մասին է, որը նրանց վերահսկողության տակ է, այո՛, մենք կառույցներ ունենք պաշտպանական երկրորդ և երրորդ գծերում, որոնք նրանց վերահսկողության տակ չեն, այլ ինչ-որ անհատի, գյուղացու սեփականությունը կամ տարածքն են, որից և թույլտվություն ենք վերցրել: Բնականաբար չենք գնացել ու միանգամից գմբեթ կառուցել, մենք թույլտվություն ենք վերցրել գյուղացիներից ու սեփականատերերից, որոնք իրավասու են մեզ թույլատրել: 

Նախարարության մյուս խնդիրն էլ այն է եղել, որ ի պատասխան կայքերից մեկի հարցման, գրել են, թե իրենք դրամահավաքի թույլտվություն ևս չեն տվել, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև ՊՆ-ն չի կարող որևէ հասարակական կազմակերպության թույլատրել կամ արգելել դրամահավաք կազմակերպելու մասով: Աշխարհի բոլոր ծայրերում ՀԿ-ները ֆինանսավորվում են դրամահավաքի միջոցով: 

Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, մենք համագործակցել ենք նախարարության հետ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ՈՄԱ-ի կողմից կամավորագրվածները դարձել են ՊՆ-ի զորամաս ու եղել են Արցախի ամենաթեժ կետերում: Բացի համագործակցության այս տարբերակից՝ ունեցել ենք նաև վերջերս 25-օրյա վարժանքներին մասնակցություն, որին ևս որպես պահեստազորայիններ մասնակցել են ՈՄԱ-ի գումարտակի կամավորները: 

Մենք նաև ունենք մի խնդիր ևս, որ երբ զանգում են ՊՆ-ի թեժ գծին, որպեսզի տեղեկություն իմանան մեր կազմակերպությունից կամ գմբեթներից, նրանք ասում են, թե «խորհուրդ ենք տալիս այնտեղ գումարներ չփոխանցել, քանի որ նրանց նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել», այսինքն՝ մեր ՀԿ-ի: Սա ևս ապատեղեկատվություն է, մենք 2014 թվականից գործում ենք, ու մինչ օրս մեզ նկատմամբ որևէ քրեական վարույթ չկա: 

Մեր դեմ տարբեր քայլեր են ձեռնարկվում ու ձեռնարկվում են այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ հռչակում է ահաբեկչական կազմակերպություն, ու փոխարենը մերոնք մեզ թիկունք լինեն, մի բան էլ ջուր են լցնում թշնամու ջրաղացին: 

– Կարծում եք, որ նախարարությունն այդ կերպ փորձում է խոչընդոտե՞լ ձեր աշխատանքը: 

– Եթե համադրում ենք թշնամի երկրների աշխատանքը մեր դեմ ու մեր երկրի ներսում մեզ ուղղված այս ալիքը, ապա հետևությունները թողնում եմ ընթերցողին: Հիմա ասում են, չէ՞, հայտնիներին՝ տեսաք, թե ինչ եղավ, ակտիվ մասնակցում էիք «Գմբեթի» ծրագրին, կասկածի տակ են առնում, թե այդ գումարները, որոնք փոխանցվել են, իսկապես ծառայե՞լ են բուն նպատակին, մեր առաքելությունն ու ազնվությունն են կասկածի տակ դնում: Այս ամենը ցույց է տալիս, որ մեր դեմ մեծ ալիք է բարձրացել, ինչը թշնամուն շատ-շատ ուրախացնելու է: 

– Մեկ ճշտող հարց՝ ասացիք, որ պաշտպանական առաջին գծում աշխատանքներ չեք իրականացնում, բայց երկրորդ ու երրորդ գծերում իրականացնում եք, չէ՞, բայց նախարարությունը նշում է, որ երկրորդ գծում ևս ձեզ թույլտվություն չի տվել նման աշխատանքի համար: 

– Մենք իրականացնում ենք աշխատանք երկրորդ ու երրորդ գծերում, որոնք ՊՆ-ի վերահսկողության տակ չեն: Մենք դա անում ենք՝ առանց նրանց թույլտվության, որովհետև թույլտվությունը տվել են այդ տարածքի տերերը, որոնք իրավասու են թույլ տալ: Եթե պաշտպանական առաջին գիծը լիներ, այո՛, չէինք կարող անել, որովհետև նրանց թույլտվությունն էր պետք լինելու: Իսկ պաշտպանական երկրորդ ու երրորդ գծերում նրանց թույլտվությունը պետք չէ, դրա համար առանձին տարածքների տերերի, գյուղացիների, համայնքապետարանների հետ ենք համագործակցում:

– Տիկի՛ն Խաչատրյան, դուք էլ ասացիք, որ կասկածի տակ է դրվում ձեր գործունեության արդյունավետությունն արդեն, կխնդրեմ ասեք, թե այդ գմբեթների շնորհիվ որքանո՞վ են ապահովված զինվորի կյանքն ու անվտանգությունը, կա՞ նման վիճակագրություն: 

– Գմբեթը լինելու է աշխարհազորի հիմնական պաշտպանության վայրը ու մեր զինվորի թիկունքը, իսկ մենք բոլորս գիտենք, որ ինչքան ամուր է թիկունքը, այնքան ամուր է սահմանը: Մեր թիկունքը լինելու է գմբեթը, ինչը երկու անգամ փորձարկվել է: Դա, իհարկե, բաց աղբյուրներում չկա, մենք այդ մասին չենք էլ տեղեկացրել, բայց այնտեղ դրված մանեկենը պայթյունի ժամանակ շատ քիչ է տատանվել, այնպես որ, դրանց արդյունավետությունը պատերազմի ժամանակ շատ մեծ է, որովհետև այնտեղ պատսպարվելու ու հետո մարտ են վարելու ոչ միայն զինվորները, այլև մեր գյուղացիները կամ կամավորները: Մեր նպատակը ազգ-բանակն է, ու մեզ ոչինչ չպետք է խանգարի մեր նպատակին հասնելու:

– Իսկ մեկ գմբեթ կառուցելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ, և ովքե՞ր են որոշել արժեքը:

– Որոշվել է փորձագետի հաշվարկների միջոցով՝ հաշվի առնելով և՛ աշխատողների ծախսը, և՛ գմբեթի համար նախատեսված հումքը: Ընդհանուր գումարվել են այդ բոլորը, ու մեկ գմբեթի գումարը կազմել է 930000 ՀՀ դրամ կամ 2300 ԱՄՆ դոլար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am