Արթուր Սաքունցը հնչեցրել է մարտի 1-ին առնչվող պաշտոնատար անձանց անուններ, որոնք դեռևս ներգրավված չեն գործում

Արթուր Սաքունցը հնչեցրել է մարտի 1-ին առնչվող պաշտոնատար անձանց անուններ, որոնք դեռևս ներգրավված չեն գործում
Արթուր Սաքունցը հնչեցրել է մարտի 1-ին առնչվող պաշտոնատար անձանց անուններ, որոնք դեռևս ներգրավված չեն գործում

«Մարտի 1»-ի գործի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարցաքննել մի շարք հայաստանյան ու ղարաբաղյան բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների ու այդ ժամանակվա բոլոր մարզպետներին, ինչպես նաև իրականացնել հանրային քննություն և տեղեկացնել հանրությանը կատարված աշխատանքների մասին:

«Մարտի 1-ի» գործի քննության վերաբերյալ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հնչեցրեց, իր կարծիքով, հանցագործությանն առնչվող պաշտոնատար անձանց անուններ, որոնք դեռևս ներգրավված չեն գործում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ պետք է հարցաքննվեն ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Հարություն Փամբուկյանը, Մնաց Մնացականյանը, ինչպես նաև այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանն ու այլ անձիք:

Իրավապաշտպանը նշեց, որ առնվազն 30-35 օլիգարխներ իրենց թիկնապահներով ներգրավված են եղել մարտի 1-ին մարդկանց դեմ բռնությունների գործադրման մեջ և Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է գործում ներգրավել հրապարակած ցուցակում ընդգրկված պաշտոնատար անձանց՝ ի շահ «Մարտի 1-ի» հանցագործության բացահայտման:

«Պետք է հարցաքննել մարզպետներին ու պարզել, թե որտեղ են եղել նրանք, ինչ հրահանգներ են ստացել ու ինչ գործողություները են արել: Այդ շարքում առավել հետաքրքիր են Սյունիքի մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի գործողությունները», – մատնանշեց Սաքունցը, հավելելով, որ պետք է հարցաքննվեն բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին տեղյակ լինել ԼՂՀ-ից Հայաստան զինվորական ստորաբաժանումների տեղաշարժի մասին:

«Մարտի մեկին տեղի է ունեցել ոչ թե բախում, այլ պետության զավթում՝ զինված ուժերի ու պետական ապարատի ամբողջ ռեսուրսների գործադրմամբ», – իր դիրքորոշումը 2008թ.-ի մարտի մեկի դեպքերի մասին ասաց Սաքունցը:

Ներկայացնելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծավալած աշխատանքները Մարտի մեկի դեպքերը բացահայտելու համար՝ Արթուր Սաքունցն ընդգծեց. «Մենք գրություն ենք ուղարկել՝ պահանջելով տեղեկություն հետաքննության արդյունքների վերաբերյալ, սակայն Հատուկ քննչական ծառայությունը նպատակահարմար չի գտնում ինֆորմացիայի տրամադրումը, այնինչ՝ ՀՔԾ-ն պարտավոր է տեղեկատվություն տրամադրել մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված գործողությունների մասին» :

Իրավապաշտպանը կարևորեց այն փաստը, որ ՀՀ երրորդ օմբուդսմենն իր զեկույցում անդրադարձել է քննության չկատարման փաստին, սակայն դեռ շարունակում են օրակարգում մնալ ՀՀ երկրորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցում «Մարտի 1»-ի վերաբերյալ բարձրացված հարցերը:

Արթուր Սաքունցը ներկայացրեց նաև «Մարտի մեկի» վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքները, հիշատակելով, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն 2012 թ.-ին հատուկ անդրադարձել է մարտի 1-ի դեպքերին՝ արձանագրելով, որ պետությունը պետք է արագացնի հետաքննությունը՝ 10 հոգու սպանության բացահայտման ուղղությամբ:
Շարունակելով անդրադարձը Մարտի 1-ի դեպքերը ներկայցնող չուսումնասիրված փաստերին՝ իրավապաշտպանը նշեց, որ դեպքերի ժամանակ Ռազմական ոստիկանությունը կատարել է տեսանկարահանումներ, որոնք չեն տրամադրվել ՀՔԾ-ին:

Ամփոփելով իր ասելիքը՝ Արթուր Սաքունցն ընդգծեց, որ 2008թ.-ից հետո փոխվել է քաղաքական իշխանությունը, փոխվել է նաև ՀՔԾ պետը, սակայն կամքը՝ բացահայտելու «մարտի 1»-ը, շարունակում է բացակայել:

Իրավապաշտպանը հայտարարեց, որ Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը շարունակում է մնալ մեր պետության զարգացման հիմնական պայմանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ձևավորել հասարակական պահանջ, քանի որ արդարադատության կարևոր մաս է նաև հանրային մասնակցությունը:

http://www.youtube.com/watch?v=ghw47aJbNw0

«Մեդիա կենտրոն»