Աղետալի իրավիճակ. սիգի պաշարները Սևանա լճում կրճատվել են գրեթե 95 տոկոսով, գիտնականները և բնապահպաններն իրավիճակն «աննախադեպ» են որակում

Թեև դեկտեմբերի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով գրեթե մեկուկես ամսով արգելք է դրվել Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների արդյունագործական որսի վրա, սակայն բնապահպաններն ու գիտնականները լավատես չեն, թե ձկնատեսակների քանակի խզման նման «աղետալի» իրավիճակում հնարավոր կլինի շոշափելի արդյունքի հասնել:
«Այդ հրամանները գործնական կիրառություն չունեն և ձևական են: Եթե այդպես չլիներ, այսօր այս վիճակը ստեղծված չէր լինի»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Ըստ գիտական հետազոտությունների, ի տարբերություն 80-ականների սկզբի, Սևանա լճում սիգի ձկնապաշարները ներկայումս կրճատվել են առնվազն 170 անգամ:

Կովկասի ամենամեծ բարձրլեռնային Սևանա լիճը, որը գտնվում է հանրապատության արևելյան մասում, ոչ միայն քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրն է, այլև մարզի բնակիչների գլխավոր «կերակրողը»:

Սակայն վերջին տարիներին հատկապես սիգի պաշարների խզման աննախադեպ իրավիճակը դժվարին կացություն է ստեղծել ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական առումով:

«Սևանա լճի պատմության մեջ նման վատ իրավիճակ` ձկնապաշարների խզման առումով` իր հետ բերած բոլոր խնդիրներով, երբևէ չի եղել,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը: – Ստեղծվել է մի վիճակ, որ պետք է համալիր, ամբողջական մոտեցում` իրավիճակը շտկելու համար»:

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն արդեն ավելի քան 80 տարի գիտական ուսումնասիրություններ է կատարում հանրապետության լճերում, գետերում, ջրամբարներում, որից հետո առաջարկություններ ներկայացնում կառավարություն` այս կամ այն խնդրի լուծման համար:

Բորիս Գաբրիելյանի խոսքով` արդեն իսկ 2000 թվականից նկատվում էր սիգի պաշարների խզում, և առաջարկ էր ներկայացվել կառավարությանը` լճում երկարաժամկետ արգելք սահմանելու վերաբերյալ: Սակայն լուրջ սանկցիաներ այդպես էլ չեն կիրառվել:

«Սևանի ափամերձ շրջանների բնակիչները սոցիալական դժվարին կացության մեջ կհայտնվեն, և առաջին հերթին այդ հարցը պետք է լուծել` երկարատև արգելք սահմանելուց առաջ»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը:

Գեղարքունիքի մարզը, Հայաստանի շատ այլ մարզերի նման, սոցիալական լուրջ դժվարություններ ունի: Հայտնի է, որ մարզում մարդիկ հիմնականում ապրում են Ռուսաստան և Ուկրաինա արտագնա աշխատանքի և սիգի որսի շնորհիվ, որը վերջին տարիներին գրեթե «վերջացել է»:

«Սիգի առավելագույն պաշարը եղել է 80-ական թվականների վերջին, որ կազմել է մոտավորապես 30.000 տ: Սա բարձր ցուցանիշ է ողջ աշխարհի համար, այսօր այդ թիվը մոտավորապես 170 տ է: Այսինքն` այսօր այդ ձուկը որպես արդյունագործական տեսակ գոյություն չունի»,- ասում է Բորիս Գաբրիելյանը:

«Սիգի ու իշխանի բնական վերարտադրողականության ժամանակահատվածում,-նշված է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մակագրած հրամանի պահանջներից մեկում,- Սևանա լճում արգելել ձկան և խեցգետնի որսը»:

Հրամանն ի կատար ածելու համար, ըստ նախարարության, ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների տարբեր օղակների`ոստիկանության, նախարարության և այլ ներկայացուցիչներ: Սակայն, բնապահպաններն ու ոլորտի մասնագետները հոռետեսորեն են վերաբերվում Սևանա լճում սկսված ձկնորսության արգելքին:

«Դժբախտաբար, այդ բոլոր աշխատանքներում հստակությունը քիչ է»,- ասում է Հակոբ Սանասարյանը:

Բնապահպանի խոսքերն ապացուցում են Երևանի շուկաներում անարգել վաճառվող թեև քիչ քանակությամբ, սակայն բարձր գներով սիգը:

Փայտե արկղերի վրա Երևանի Կոմիտասի փողոցում բացեիբաց վաճառվող սիգի մեկ հատը, ի տարբերություն տարիներ առաջվա 100 դրամի, 1500-2000 դրամ է:

Լա~վ ձուկ, լա~վ սիգա` կանչում են ձկնավաճառ կանայք, որոնք մայրաքաղաք են հասել Սևանի ավազանից:

«Ուրիշ ճար չունենք, ի՞նչ անենք,- ի պատասխան սիգի` որսարգելքի հարցի ասում է կանանցից մեկը,- եթե չբռնենք, ապրելու ուրիշ ճար չունենք»:

Հունիսին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանում սոցիալական առումով դժվարին կացություն է:

«Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքի մարզում այլ մարզերի համեմատ մենք ունենք սոցիալ-տնտեսական ավելի վատ ցուցանիշներ, և աղքատության խնդիրն այստեղ ավելի արդիական է»,- ասել է Սարգսյանը` գործազրկության կողքին նշելով նաև Սևանի խնդիրը:

Սակայն Բորիս Գաբրիելյանը նշում է, որ լճում «հավասարակշռություն» չհաստատելու հետևանքով սոցիալական խնդիրներն ավելի կխորանան: Նա աում է, որ սոցիալական ծրագրերին զուգահեռ պետք է առնվազն երեք-չորս տարով լճում արգելել սիգի որսը` ձկների պոպուլյացիան վերականգնելու համար:

«Եթե այդքան ժամանակով դադարեցվի ձկնորսությունը, վերահսկվի որսագողությունը, և բարձրացվի ջրի որակը, ինքնավերարտադրողականությունը կվերականգնվի»,- ասում է Բորիս Գաբրիելյանը:

Արծրուն Պեպանյանն ասում է, որ հիմնվելով գիտնականների առաջարկությունների վրա, բնապահպանության նախարարությունն օրերս առաջարկ է ներկայացրել ՀՀ կառավարություն` ձկնորսության երկարատև արգելք սահմանելու համար:

«Ձկնորսության արգելքը բարդ միջոցառումների շարք է. կառավարությունում պետք է ուսումնասիրեն մեր առաջարկն ու նոր պատասխան տան` հնարավո՞ր է արդյոք այն իրականացնել, թե՞ ոչ,- ասում է Պեպանյանը: – Որպեսզի ձուկ չորսան, պիտի սոցիալական հարցերը լուծվեն, իրավապահները պիտի երաշխավորեն` կարո՞ղ են ապահովել, թե՞ չէ: Բազմաթիվ հարցեր կան»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am