Հայտարարություն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը»:

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Բելառուսի ժողովուրդը ոտքի է ելել ընդդեմ բռնապետության և ընտրակեղծարարության: Ի պատասխան խաղաղ հավաքների՝ ցուցարարների նկատմամբ կիրառվում են բռնություններ, առևանգումներ, խոշտանգումներ, հալածանքներ և սպանություններ: Բելառուսի վարչախումբն արհամարհում ու մերժում է միջազգային կառույցների կոչերը՝ դադարեցնելու բռնությունը և իրականացնելու մարդու իրավունքների ոտնահարումների պատշաճ քննություն:

Բելառուսի քաղաքացիական հասարակությունը և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ կոչ են անում հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ՝ քննության առնելու երկրում ստեղծված վիճակը:

Բելառուսի քաղաքացիների ընդվզումը նման է Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը, երկու տասնամյակից ավել առերեսվելով ահագնացող ու անպատիժ ընտրակեղծարարությանը և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին, ունենալով բազմաթիվ զոհեր, քաղաքական բանտարկյալներ, խոշտանգվածներ և բռնադատվածներ, դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը:

Համարում ենք, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

Հայաստանի դերը ստեղծված իրավիճակում վճռորոշ է:

Հորդորում ենք Հայաստանի կառավարությանը անսալ միջազգային հանրության կոչին և սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը:

Հայաստանի իշխանությունները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամի բարձր կարգավիճակում պարտավոր են վերահաստատել իրենց նվիրումը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին՝ ազատ ընտրություններին, բռնություններից և հալածանքներից զերծ լինելու իրավունքին, մարդու այլ հիմնարար ազատությունների անբեկանելիությանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն
Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ
Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ
Գլոբալիզացիայի և Տարածաշրջանային Համագործակցության Վերլուծական Կենտրոն ՀԿ
Հելսինկյան Ասոցիացիա Իրավապաշտպան ՀԿ
Իրավունքի եւ Ազատության Կենտրոն
Բոլորը Հանուն Հավասար Իրավունքների Հիմնադրամ
Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն ՀԿ
Ընդդեմ Խոշտանգումների Համաշխարհային Կազմակերպություն
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ
Մեղրու Կանանց Ռեսուրս Կենտրոն ՀԿ
Մարտունու Կանանց Համայնքային Խորհուրդ ՀԿ
Մ­տա­վոր Սե­փա­կա­նութ­յան Ազ­գա­յին Խոր­հուրդ ՀԿ
Քաղաքականության Հետազոտական Կենտրոն
Մարդու Իրավունքների Հետազոտությունների Կենտրոն
Հանրային Լրագրության Ակումբ