Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որում նշվում է․

Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ: Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության:

Վստահ եմ նաև, որ Ձեր շնորհիվ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան՝ էլ ավելի ամրապնդելով երկու ժողովուրդների միջև եղբայրական և բարեկամական կապերը: Ես ինքս պատրաստ եմ դրա համար ներդնել բոլոր ջանքերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակի առթիվ՝ Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, երկար տարիների արգասաբեր աշխատանք, իսկ Բելառուսի ժողովրդին՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: