«ԱԱԾ-ն դառնում է մոնստր կառույց, որը զբաղվում է և՛ կոռուպցիայի հարցերով, և՛ գրառումներով, և՛ խոսքի ազատությունով». իրավապաշտպան

«ԱԱԾ-ն դառնում է մոնստր կառույց, որը զբաղվում է և՛ կոռուպցիայի հարցերով, և՛ գրառումներով, և՛ խոսքի ազատությունով». իրավապաշտպան
«ԱԱԾ-ն դառնում է մոնստր կառույց, որը զբաղվում է և՛ կոռուպցիայի հարցերով, և՛ գրառումներով, և՛ խոսքի ազատությունով». իրավապաշտպան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը խոսքի ազատության ճնշման փորձ է որակում ԱԱԾ-ի կողմից այն գործելաոճը, որ ֆեյսբուքյան գրառման համար հերքում են պահանջում:

«Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այն էր, որ ինչ-որ մեկը չար կատակ է անում: Այդ բովանդակությամբ ու այդ ձևով գրությունը շատ կասկածելի էր, բայց կնիքն ու ստորագրությունը հուշեցին, որ այնուամենայնիվ սա լուրջ է»,- «Մեդիալաբին» ասում է Գարեգին Միսկարյանը:

Նա մայիսի մեկին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ-ից նամակ է ստացել: «Նամակում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը առաջարկում է ինձ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանիս, հերքել 19.04.2019 թ. կատարված գրառումը, որը պարոն Ենգիբարյանը որակում է որպես հոդված և նշում, որ այն չի համապատասխանում իրականությանը»,- գրել էր Միսկարյանը։

ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչը Գարեգին Միսկարյանից պահանջել է հերքել ապրիլի 18-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Միսկարյանի կողմից արված հետևյալ կեսկատակ գրառումը:

«Էն որ Վայեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին, լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր։
Նիկոլ Փաշինյան

Աչքերը չռած սմայլիկ»:

Հատկանշական է այն, որ Միսկարյանի գրառման մեջ ոչ թե «Վանեցյան» է գրված, այլ «Վայեցյան»:

Արթուր Վանեցյանի ներկայացուցչից ստացած նամակը հրապարակելուն կից Գարեգին Միսկարյանը նաև հերքում է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ես` Գարեգին Միսկարյանս, չնայած որ չեմ հանդիսանում լրատվական գործունեություն իրականացնող, այնուամենայնիվ, ընդունում եմ պարոն Ենգիբարյանի առաջարկը և, որպես բարի կամքի դրսևորում, հերքում եմ, որ պարոն Վանեցյանի վերաբերյալ մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերին հավատում եմ, քանի որ, ինչպես նշել է պարոն Վանեցյանի ներկայացուցիչ պարոն Ենգիբարյանը, դրանք չեն համապատասխանում իրականությանը»: Հերքման տեքստին կից Միսկարյանը հրապարակել է նաև «Հետք» կայքի հետաքննական հոդվածների հղումները, որոնք վերաբերում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքին պատկանող բիզնեսներին:

«Եթե հերքման այդ առաջարկը լիներ Նիկոլ Փաշինյանի կողմից, ում անունը գրված է գրառման տակ, ես դա ինչ-որ կերպ կհասկանայի, բայց ամբողջ հարցն այն է, որ գրառման մեջ նույնիսկ Վանեցյան էլ գրված չէ, Վայեցյան է գրված, և նախ պետք է հաստատում պահանջեին՝ արդյոք դա վրիպակ է, Վայեցյանը Վանեցյանն է, թե՞ ոչ, հետո նոր հերքում պահանջեին»,- «Մեդիալաբին» ասում է Միսկարյանը:

«Բայցևայնպես, ես հարցին մոտեցա ոչ որպես կուսակցական և քաղաքական գործիչ, ես ինձ դրեցի պարոն Վանեցյանի տեղը, որպես պարոն Վանեցյանին հարգող մարդ, որոշեցի հերքում տալ: Բայց մի շատ մեծ դժվարության առաջ էի կանգնած՝ ի՞նչը հերքեմ: Տվյալները, որոնք ես էի ներկայացրել, երկու փաստ առնվազն «Հետքի» հոդվածներով հաստատված է: Միայն այն մասը, որ վառարանի վառելիքի անվան տակ ներկրվել է դիզել, դա ես իմացել եմ շատ շուտ, երբ հետաքրքրվում էինք իշխանության մեջ գտնվող մարդկանց բիզնես հետաքրքրություններով: Մի խոսքով՝ չգիտեի ինչը հերքեմ, դրա համար հերքեցի այն, որ հավատում եմ»,- հավելում է նա:

Նա նշում է, որ ԱԱԾ այս գործելաոճը շատ բացասական է գնահատում:
«Այս դեպքում ստացվում է, որ ԱԱԾ-ն միջամտում է քաղաքացիաիրավական հարթության մեջ հայտնված վեճին, որը լավ բաների մասին չի խոսում: Առանց այն էլ կարծում եմ՝ ԱԱԾ-ն շատ մեծ լիազորություններ ունի և գրեթե ամեն ինչով զբաղվում է»,- ասում է նա: Ըստ Միսկարյանի՝ եթե նման դեպքերը չկրկնվեն, խնդիր չի տեսնում, բայց եթե սա պարբերական բնույթ կրի, դառնա առօրյա երևույթ, խոսքի ազատության անմիջական ճնշում կարող է դիտվել:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այս հարցում մի քանի մոտեցում կարող է լինել. առաջին մոտեցումը եվրոպական պրակտիկան է: «Դա հետևյալն է՝ քանի որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ ղեկավարն է, այսինքն՝ հանրային գործիչ է, և որևէ մեկը չի խնդրել, որ նա դառնա հանրային գործիչ, դա իր ընտրությունն է, ապա նա պետք է պատրաստ լինի, որ իր անձնական կյանքը կարող է և լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում մանրամասն լուսաբանվել: Եվ նա այդ ամենի նկատմամբ պետք է հանդուրժող լինի»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Երկրորդ, նրա խոսքով, մի դեպքում Վանեցյանը կարող էր միջամտել, եթե գրված տեքստում զրպարտություն կամ վիրավորանք լիներ: Բայց կարծես թե այս դեպքում վիրավորանքի ու զրպարտության մասին խոսք չկա: Եթե նույնիսկ զրպարտության կամ վիրավորանքի մասին խոսք լիներ, ապա նա ոչ թե պետք է դիմեր այդ մարդուն՝ հերքում պահանջելով, այլ պետք է դիմեր դատարան: «Բայց, իհարկե, պետք է մի բան հաշվի առնել, որ հաճախ մեր պաշտոնյաները չպետք է զավեշտը, կատակը, հումորը շփոթեն վիրավորանքի ու զրպարտանքի հետ»,- ասում է Իշխանյանը:

Իշխանյանի խոսքով՝ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոչ միայն այս հարցում, այլև ընդհանրապես բոլոր բնագավառներում Հայաստանում ազգային անվտանգության ծառայությունը դառնում է մոնստր կառույց: ԱԱԾ-ն զբաղվում է և՛ կոռուպցիայի հարցերով, և՛ գրառումներով, և՛ խոսքի ազատությունով: «ԱԱԾ-ն, դառնալով մոնստր, ես կարծում եմ այս դրվագով նաև մարդկանց ահաբեկում է»,- հավելում է նա: Ըստ Իշխանյանի՝ փաստորեն մնացած իրավապահ մարմինների գործառույթները բոլորը կենտրոնացել են ԱԱԾ-ի ձեռքում: Հետևաբար իրավապաշտպանը հարցադրում է անում. «Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ոստիկանությունը, հատուկ քննչական ծառայությունը, քննչական կոմիտեն, պետական եկամուտների կոմիտեն՝ բոլորը միավորեին ԱԱԾ կառույցում՝ անունը դնելով НКВД»:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am