Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտանի հատվածում խցանումներ են․ Factor.am

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում իրանական բեռնատար մեքենաների խցանումներ են առաջացել, գրում է Factor.am-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Ադրբեջանի ոստիկանությունն այդ հատվածում անցակետ է տեղադրել և իրանական բեռնատարներին թույլատրում է ընթացքը շարունակել միայն համապատասխան զննումներ անցնելուց ու վճարումներ կատարելուց հետո:

«Անցած ուրբաթ օրվանից գործում է այդ անցակետը: Գումարները եթե չեն վճարում, ապա երկրորդ անգամ չեն թողնում, որ անցնեն: Գործարքի համար երեսուն դոլար են վճարում, ճանապարհի համար՝ 130 դոլար, մեծ մեքենաների համար՝ 60 դոլար, իսկ վառելիքային նյութերի տեղափոխման համար 500 դոլար»,- մեզ հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը՝ ընդգծելով, որ քիչ առաջ է վերադարձել նշյալ հատվածից: Ըստ նրա՝ բեռնատարների համար այլընտրանքային ճանապարհ չկա:

«Այլընտրանքային ճանապարհ Տաթևով, որ սարքում են,  մեծ բեռներով պարսկական մեքենաները չեն կարող գնալ»,- ասաց Կարո Քոչարյանը: Այս խնդրի առնչությամբ Factor.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանում Իրանի դեսպանությունից, նաև՝ ԱԱԾ լրատվականից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։