«Կառավարությունը չկարողացավ կարգի հրավիրել վարակի վտանգը չգիտակցողներին. պետք է պատրաստվել վատթարագույն սցենարի»․ Սուրեն Պարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Պարո՛ն Պարսյան, կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների բարձրացմանը զուգահեռ վարչապետը պարբերաբար հայտարարում է, որ եթե մարդիկ չպահպանեն անվտանգության կանոնները, կառավարությունը ստիպված դարձյալ խիստ սահմանափակումներ կմտցնի տնտեսությունում։ Որքանո՞վ է արդարացված նորից սահմանափակումների ճանապարհով գնալը։

 – Մարտի 16-ին կառավարության սահմանած արտակարգ դրության ռեժիմն ըստ էության մեծ ազդեցություն չի թողել վարակի կասեցման աշխատանքների վրա, քանի որ կառավարությունն ուղղակի ի վիճակի չեղավ ապահովել կարանտինային ռեժիմ, ինչը թույլ կտար կասեցնել հիվանդության տարածումը։

Այն զոհողությունը, որին ժողովուրդը գնաց, այսինքն՝ մարդիկ նստեցին տանը, չաշխատեցին, բիզնեսները կանգնեցին, անօգուտ էր։ Եվ վարակի տարածումն ավելի ուժեղացավ և դարձավ ավելի անվերահսկելի, ինչը պայմանավորված է հենց կառավարության ոչ պատշաճ վերահսկողությամբ։

Այն անձինք, որոնք ունեն սոցիալական բարձր պատասխանատվություն, նրանք գիտակցում էին։ Եվ անկախ նրանից՝ արտակարգ իրավիճակ է, թե ոչ, այդ մարդիկ անվտանգության պայմանները պահում են։

Արտակարգ իրավիճակն այն մարդկանց համար էր, որոնք չէին գիտակցում։ Իսկ կառավարությունը չկարողացավ այդ չգիտակցող մարդկանց կարգի հրավիրել։

– Բայց նրանց թիվը կարծես շատ է, հատկապես այս իրավիճակը ցույց տվեց, որ վտանգները չգիտակցող մարդկանց թիվը մեծ է Հայաստանում։

– Շատի ու քչի հարց չէ, խնդիրն այն է, որ արտակարգ դրությունը հենց այդ մարդկանց համար էր։ Եվ կառավարությունը պետք է կարողանար կարգի հրավիրել այդ մարդկանց։ Հակառակ դեպքում, ուղղակի կարելի էր արտակարգ դրություն չհայտարարել, և իմանալով, որ հանրությունը բարձր իրավագիտակցություն ու սոցիալական պատասխանատվություն ունի, կարելի էր ասել՝ կանոնները պահեք, և մարդիկ կանոնները կպահեին։

Հիմա կառավարությունը հասկացավ, որ չի կարողանում կարանտինային պայմանները պահել և մեղմեց սահմանափակումները։ Դրա հիմնական դրդապատճառը տնտեսական ակտիվությունը խրախուսելն էր։ Կառավարությունը հասկանում է, որ ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի մեջ է մտնում, այս իրավիճակն ավելի է խորանալու, և մարդկանց սոցիալական խնդիրներն են սրվում։

Մարդիկ կառավարության առաջ հարց են դնում՝ եթե ես տանը նստեցի, ուրեմն պետք է ինձ գումար տաս։ Եվ որպեսզի հաջորդ ամիսների համար գումարի փոխհատուցում չանի, կառավարությունն ասաց՝ լավ, գնացեք աշխատեք։

Բայց դրա հետևանքով համաճարակի տարածումն ընդհանրապես վերահսկողությունից դուրս եկավ։ Այն երկրները, որոնք փորձել էին «և-և»-ի սկզբունքով գնալ, այսինք՝ և՛ կարանտինային ռեժիմ ապահովել, և՛ տնտեսական ակտիվություն, ձախողել են։ Եվ Հայաստանն ըստ էության ձախողման օրինակներից մեկն է այս համաճարակի պայմաններում։

– Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

– Հիմա ստեղծված իրավիճակն այն է, որ կառավարությունը դարձյալ պատասխանատվությունից խուսափում է, դնում է հանրության առաջ։ Կառավարությունն ասում է՝ եթե երկու-երեք օրվա ընթացքում իրավիճակը չկարգավորվի, ես խստացնելու եմ։

Բայց կառավարությունն ինչպես է պատկերացնում՝ ժողովուրդն ինչպե՞ս պետք է դրան արձագանքի, կամ ինչպես են վերահսկելու՝ մարդիկ իրոք այդ կանոնները երկու-երեք օրվա ընթացքում պահպանելո՞ւ են, թե՞ ոչ։

– Հավանաբար վարակի տարածման ցուցանիշներով են գնահատելու՝ իրավիճակը բարելավվո՞ւմ է, թե՞ ոչ։ 

– Թվերի իջնելն ու բարձրանալն այս պահին շատ քիչ նշանակություն ունեն, քանի որ իրավիճակն անվերահսկելի ու անկառավարելի է, մարդիկ կարող են անկախ իրենցից էլ վարակվել, քանի վարակն ամբողջ շրջապատում կա։

Եվ կառավարությունը չի թաքցնում, որ իրական վարակակիրների թիվը կարող է նույնիսկ մի քանի անգամ ավելի լինել։ Այս պայմաններում խոսել, որ հանրությունը պետք է պահի կանոնները, ուղղակի անտրամաբանական է ու իրականությունից կտրված։

– Ի՞նչ վնաս կկրի տնտեսությունը, եթե նորից սահմանափակումներ մտցվեն։

– Մենք դարձյալ ունենալու ենք բավական մեծ կորուստներ տարբեր՝ առևտրի, ծառայությունների, անշարժ գույքի, շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում։

Սրանք են մեր հիմնական կորուստները, որոնք ակնկալվում են։ Կառավարությունն այս պահին չունի անվտանգության բարձիկներ, որ թույլ կտան այս ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարել։

Նրանք վերջին երկու-երեք ամիսների ընթացքում ուղղակի փոշիացրեցին մեծ գումար՝ հակաճգնաժամային միջոցառումների անվան տակ։ Նրանց կարծիքով՝ ճգնաժամը տևելու էր մեկ-երկու ամիս։ Եվ նրանք այդ մեկ-երկու ամսվա ընթացքում փոշիացրեցին այն, ինչը կար, ինչը կարելի էր օգտագործել մեկ տարվա ընթացքում։

Այստեղ ամենակարևոր կետն այն է, որ կառավարությունը պետք է մեկ տարվա համար ռազմավարություն ու քաղաքականություն մշակի։ Իսկ վարչապետը հայտարարում է, որ իրենք իրավիճակով են շարժվում։

Իրոք, խնդիր կա, և այդ խնդիրը պետական կառավարման արդյունավետության մեջ է։ Եվ այստեղ ցանկացած լավ գաղափար, մոտեցում կարող են ուղղակի ձախողվել վատ կառավարման կամ կադրային վատ աշխատանքի հետևանքով։

– Կառավարությունն այս տարի տնտեսության համար 2 տոկոս անկում է կանխատեսել։ Հաշվի առնելով այս իրավիճակը՝ հնարավո՞ր է անկումն ավելի մեծ լինի։

– Վստահաբար այս տարվա անկումն ավելի մեծ է լինելու։ Կառավարությունը -2 տոկոսի կանխատեսումն իրականացրել էր ապրիլ ամսին։ Մենք ունենք նման օրինակ՝ 2008-2009 թվականներին, երբ կանխատեսվում էր ցածր տնտեսական անկում, իրականում եղավ 14,1 տոկոսի չափով անկում։

Այս դեպքում ևս կանխատեսումները լավատեսական չեն, և կառավարությունը միանշանակ հանրությանն ու տնտեսությունը պետք է պատրաստի վատթարագույն սցենարի։ Ցավոք, այդ գիտակցությունը չկա, և հանրությանը սխալ ազդակներ են տրվում։

Կառավարությունն իրականությունից կտրված տնտեսական օրակարգեր է առաջ բերում, որոնք որևէ կերպ չեն օգնելու այս իրավիճակում, հակառակը՝ խանգարելու են։ Դրա լավագույն օրինակը գույքահարկի բարձրացման մասին օրենսդրական նախաձեռնությունն է։

Կառավարությունը պետք է հասկանա, թե այս պահին ինչն է առաջնահերթ և չի վնասի տնտեսությանը։ Բայց կառավարությունը ոչ միայն չի կարողանում քայլեր իրականացնել փրկելու ուղղությամբ, այլ նաև հակառակ քայլերն է անում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am