Հայաստանի իշխանություններն իրենց ապաշնորհությամբ, իրենց ներկայությամբ շարունակում են օգնել Ադրբեջանին. Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը արդեն մեկ օրից ավելի է՝ խախտված է, ադրբեջանցիները եկել և հաստատվել են մեր տարածքում: Ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ, ինչի՞ հետևանքով նման իրավիճակ ստեղծվեց:

– Մտածում եմ, որ Հայաստանը իր ապաշնորհ իշխանավորների մեղքով ներքաշվեց պատերազմի մեջ, կրեց ջախջախիչ պարտություն, որից հետո հակառակորդը, օգտվելով առիթից, փորձում է շարունակել այդ պարտությունը, շարունակել մեզ պարտության մատնել: Սա է խնդիրը: Նրանք խնդիր ունեն Հայաստանին ոչ թե աշխարհագրորեն ոչնչացնելու, այլ մեզ հոգեբանորեն ջախջախելու:

– Վերջնականապես…

– Այո՛, վերջնականապես, որպեսզի մենք այս տարածաշրջանում ապրելով հանդերձ, չունենանք որևէ դերակատարում, և մեր իշխանություններն իրենց ապաշնորհությամբ կամ, ավելի ճիշտ՝ իրենց ներկայությամբ շարունակում են օգնել Ադրբեջանին:

– Ինչո՞ւ հայկական կողմը չի դիմադրել: Չի դիմադրել, որովհետև թո՞ւյլ էր, թե՞ բացթողում է եղել սահմանը պաշտպանելիս: 

– Մենք այսօրվա դրությամբ դիմադրելու մեծ ռեսուրսներ իհարկե չունենք, իսկ նախկինում, երբ բավականին հզոր էինք ու ամուր կանգնած մեր ոտքերի վրա, կարող էինք մեր հարևանի հետ, որը վերջնականապես թշնամի չէր դարձել, համաձայնության գնալ և վերջակետ դնել հակամարտությանը, թշնամությանը, նաև՝ պատերազմի հնարավորությանը, մենք դա չարեցինք:

Դա 2000-ականների սկզբին էր: Դրանից հետո արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնալով հզորանալու է, իսկ Հայաստանը՝ թուլանալու, մի պարզ պատճառով՝ Ադրբեջանը շրջափակում չունի, ունի տնտեսական մեծ հնարավորություններ՝ նավթ, գազ և այլն, իսկ Հայաստանը չունի նման ռեսուրսներ և շրջափակված է:

Բալանսը խախտվեց հօգուտ Ադրբեջանի, և եկավ մի պահ, որ, այո՛, Ադրբեջանը կարող էր իր բանակի վրա մեծ ներդրումներ կատարել, իր ռազմական բյուջեն ավելացնել: Մենք այդ հնարավորությունը ունենալ չէինք կարող: Միայն կույրը դա չէր կարող տեսնել, և այսօր քաղում ենք դրա պտուղները:

Իսկ այսօրվա իշխանությունները, ուղղակի շարունակելով նախկինների քաղաքականությունը, չկարողացան բեկում մտցնել այն իներցիայի մեջ, որ ներկաներին քսան տարի շարունակ հաղորդել էին նախկինները, և առնչվեցին այն պատերազմին ու պարտությանը, որը պետք է լիներ:

– Պարո՛ն Հարությունյան, այսօր Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքը պետք է մնա ու լինի անձեռնմխելի: Ինչո՞ւ է նա նման հայտարարություն այն դեպքում, երբ օրուկես է՝ օտար երկրի զինված ուժերը Հայաստանի տարածքում են: Ու՞մ է նա սա ասում, ինչո՞ւ է ասում: 

– Ես ուզում եմ ձեզ և ձեր ընթերցողներին հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ, երբ նրան ՀՀ սահմանների մասին հարց ուղղեցին, ԱԺ ամբիոնից նա շատ վրդովվեց ու բորբոքվեց ու հայտարարեց, որ ՀՀ սահմանը պաշտպանում է Ռուսաստանը:

Նա դա ուղղակի ասաց, բայց չասաց, որ ՀՀ սահմանը պաշտպանում է Հայաստանի բանակը: Նա չասաց, թե Հայաստանի սահմանը պետք է պաշտպանի այն բանակը, որը պետք է կազմակերպի հենց այս իշխանությունը, նա ասաց՝ մեր ամբողջ հույսը Ռուսաստանի վրա է:

Այն վարչապետը, որը մի քանի օր առաջ հույս էր կապում Ռուսաստանի հետ, չգիտես ինչու, այսօր վրդովված է և զայրացած, որ հակառակորդը խորացել է մեր տարածք: 

– Դուք ակնկարկում եք, որ Ռուսաստանի թողտվությա՞մբ է եղել այդ ամենը:

– Ո՛չ, ես Ռուսաստանին ընդհանրապես չեմ մեղադրում: Ռուսաստանը այստեղ ոչ մի մեղք չունի: Ես մեղադրում եմ մեզ, որ մենք պաշտպանվելու, դիրքեր ամրակայելու, սահմաններին լինելու փոխարեն, նույնիսկ պատերազմից հետո մեր հույսը կապել ենք ռուսների հետ՝ մտածելով, հա, լավ, իրանք Զանգեզուրում են:

Բայց հիմա խնդիր է առաջացել: Թե ռուսները ինչ պարտավորություններ ունեն Զանգեզուրի նկատմամբ, ինձ քիչ է հետաքրքրում, որովհետև ես պատմությունից գիտեմ, որ ռուսները մեր նկատմամբ իրենց պարտավորված չեն զգացել, չեն զգում, չեն էլ զգալու:

Իսկ մենք պետք է ունենանք իշխանություն, կամ գոնե վարչապետի աշխատասենյակում պետք է նստած լինի մարդ, որը պետք է մտահոգ լինի Հայաստանի ապագայով և Հայաստանով ավելին, քան իր սեփական ապագայով: 

– Բայց նրանք վստահեցնում են, որ ապագա կա Հայաստանում: Իրենց նախընտրական կարգախոսն է:

– Ես չգիտեմ՝ ի՛նչ ապագայի մասին են խոսում: Ապագա ընդհանրապես, կա, դա օբյեկտիվ իրականություն է, դա միշտ կա, բայց ինչպիսի՞ն է այդ ապագան: Սա է կարևոր: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am