Ո՞ւմ եք փառաբանում, հետո զարմանում ենք, որ իրական հերոսների մասին չեն խոսում, չեն գնահատում նրանց. Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Երևանում ծանրամարտի ԵԱ բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի՝ Ադրբեջանի դրոշն այրելու փորձը ու դրան հետևած հակասական արձագանքները։

– Իհարկե, հերոսական ակտ էր, ինքնազոհաբերություն, Երևանի կենտրոնում նման գործողություն կատարելը պահանջում է շատ մեծ կամքի ուժ ու հայրենասիրություն, Թուրքիայում կամ Ադրբեջանում դա կարող է անել ցանկացած պատահական մարդ, բայց Հայաստանում դա շատ բարդ է։ Առավելևս, կարծում եմ, շատ լավ, հրաշալի օրինակ է տալիս մեր հասարակությանը, որ պետք չէ զբաղվել գիտությամբ, կրթությամբ, մշակույթով, տնտեսությամբ, առողջապահությամբ, բանակով, կարելի է այրել ադրբեջանական կամ թուրքական դրոշ, և դու դառնում ես ազգի հերոս։ Ես կառաջարկեի յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել նման մի դրոշ ու ամեն մի դրոշի այրումից սկսել նման ոգևորություն, որովհետև դրանից ավելի մեծ հայրենասիրություն դժվար է պատկերացնել։ 

– Իսկ եթե լո՞ւրջ։

– Սա էլ էր շատ լուրջ, իմիջիայլոց։ Ես կարծում եմ, որ գնալով ուրվագծվում է մեր ամենամեծ խնդիրը, իսկ մեր ամենամեծ խնդիրը հետևյալն է․ մենք ուզում ենք պետությու՞ն, թե՞ գաղութ լինել, որովհետև պետությունն ունի իր որոշակի օրենքները, ու եթե դու արհամարհում ես դրանք ու առաջ բերում այն, ինչը միշտ քեզ հրապուրել է ու թույլատրվել է գաղութում, միանշանակ ասում ես, որ չես ուզում պետություն ունենալ։ Այն գործողությունները, որ հիմա կատարվում են, շատ տգեղ ու վատ հետևանքներ ունեցող են, նկատի ունեմ Հայաստանում հետագայում անցկացվելիք միջազգային մրցումները, բայց սա բոլոր դեպքերում ինչ-որ էպիզոդ է: 

Կարծում եմ՝ որոշ ուժերի առաջ ավելի մեծ խնդիր է դրված՝ դարձնել Հայաստանն իզգոյ երկիր։ Երկիր, որն արհամարհված կլինի միջազգային հանրության կողմից, քանի որ արհամարհում է քաղաքակիրթ ապրելու բոլոր ձևերը, ու այդ իզգոյ վիճակում, երբ բոլորը դեմքները կթեքեն Հայաստանից, Հայաստանը կկրկնի Բելառուսի ճանապարհը, որը նույն ձևով դարձավ իզգոյ ու տեղափոխվեց որոշակի դաշտ, որտեղ կարելի է անել ամեն ինչ․ վառել դրոշներ, դրանցով գնդակ խաղալ և այլն ու չկրել որևէ պատասխանատվություն, որովհետև պետություն՝ որպես այդպիսին դու չունես։ 

Մենք շատ երկար ենք խոսում ազգից, ժողովրդից և շատ քիչ ենք խոսում հասարակությունից ու պետությունից։ Մենք շատ քիչ ենք օգտագործում «հայաստանցի» բառը, որը պարտավորեցնող է ի պաշտոնե, ըստ նրա, որ դու այս երկրի քաղաքացին ես, ու անկախ նրանից՝ քեզ դուր է գալիս իշխանությունը, դուր չի գալիս, ու դա բնական է, որ պետք է դուր չգա, բայց սա քո պետությունն է, ու եթե դու պարզապես էլեմենտար ձևով քո պետության հեղինակության հետ ես խաղում, և, ինչպես պարզվում է, այդ քայլն ունի շատ համախոհներ, ես կարծում եմ, այստեղ ամեն ինչ ասված է։ 

Ամեն ինչ ասված է նաև այդ ակտը կատարողի հայտարարության մեջ, որ նա «պաշտպանեց իր՝ տղամարդու թասիբը», ես կուզեի սա ընդգծել։ Սա պատվի, արժանապատվության հետ որևէ կապ չունի, սա թասիբ է․ նայեք՝ ինչպես է թուրքերենից թարգմանվում «թասիբ» բառը, ու դուք ամեն ինչ կհասկանաք։

 – Պարո՛ն Բաբայան, մարդիկ, որոնք կողմ են այս արարքին, դեմ արտահայտվողներին հակադարձում են հետևյալով, որ «նրանք մեր տղաներին են սպանում, մեր երկիր են մտել, ինչպես կարելի է թողնել, որ գան Հայաստան, լավ է արել Նիկոլյանը» և այլն։ Հիմնավոր չե՞ն այս խոսքեր,, ու մտավախություն չունե՞ք, որ ձեզ ևս քննադատելու են։

– Իհարկե, հիմնավոր չեմ համարում, որովհետև կա սպորտ, կա արվեստ, կա գիտություն, ու կան ռազմական գործողություններ, կան դիվանագիտություն, քաղաքականություն, ու չի կարելի բոլորը խառնել ու լցնել մի ափսեի մեջ։ Եթե մենք միջազգային միջոցառում ենք անցկացնում, պետք է ենթարկվենք այդ օրենքներին, հակառակ դեպքում կարելի է դա չանել, դառնալ իզգոյ երկիր։ 

Երբեք որևէ միջազգային կառույց, լինի մարզական, գիտական, երբեք հաշվի չի նստի այդ մոտեցման հետ, որովհետև բոլոր արդարացումներն ու շատ հիմնավորված, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ, պատերազմից հետո՝ Ադրբեջանի ագրեսիվ, անմարդկային պահվածքի ու էության վերաբերյալ, մեզ ասում են՝ դուք ազգայնամոլ եք։ Երբ դու փորձում ես ամբողջ ազգին պիտակավորել, նրա վրա բարդել մեղքը, դա շատ էլեմենտար ձևով կոչվում է ազգայնամոլություն, ուրիշ ոչ մի իմաստ դա չունի։ 

Երբ մենք դա հաճախակի ու արդարացիորեն քննադատում ենք և բերում ենք օրինակներ, թե ինչպես է Ադրբեջանում սերմանվում հայատյացությունը, մենք պետք է պարզապես կարողանանք մեկ-մեկ հայելու մեջ էլ նայենք, թե մենք ինչպիսին ենք։ Սա շատ կարևոր է։ Աշխարհի առջև մենք սկսում ենք ընկալվել որպես երկու բարբարոս ցեղ, որոնք իրար հետ չեն կիսել որոշակի բաներ՝ հիմնականում հող, ու շարունակում են իրար մորթել, ծեծել, վառել և այլն, ո՞նց անենք, որ այս երկու վայրի ցեղը կարողանան մեզ չխանգարել։ Ուզո՞ւմ ենք մենք այդ դաշտում լինել, ուրեմն պետք է շարունակենք նույն ձևով, ինչպես հիմա ենք անում։ Ընտրությունը մերն է, ոչ ոք մեր փոխարեն չի ընտրելու։

– Իսկ ինչո՞ւ է մեզ մինչև հիմա թվում, թե նման քայլերով՝ դրոշ վառելով ու նմանատիպ գործողություններով, մենք ինչ-որ արդյունք ենք ապահովում։

– Հովհաննես Թումանյանը դեռ 1907 թվականին գրել է հետևյալը․ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են… Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը, թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․ Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողովուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»: 

Շատ-շատ կարևոր բաներ է ասում․ ժողովրդի անունից մշտապես խոսելով բարձրանում ես, նրա անունից մի երկու խոսք ասում, թամաշա սիրող ժողովուրդն էլ քեզ ծափահարում է։ Եկեք անկեղծ խոսենք․ քանի՞ հերոս ենք մենք տվել վերջին պատերազմի ժամանակ, ճանաչո՞ւմ է հանրությունն նրանց այնպես, ինչպես այս մարդուն։ Ի՞նչ արժեքների մեջ ենք ապրում, ուրեմն մարդկանց, որոնք զոհվում են թշնամու փամփուշտից կամ ռումբից, որոնք մեր հայրենիքն են պաշտպանում, մենք չենք ճանաչում, իսկ դրոշ այրողներին՝ «ապրես, իսկական հայ ես, մեր դեմքը պարզ պահեցիր, ա՛յ հերոսն այսպես է լինում», ինքներդ էլ կարդացել եք վստահաբար այդ փառաբանման տողերը։ 

Ի՞նչն եք փառաբանում, ո՞ւմ եք փառաբանում, հետո զարմանում ենք, որ իրական հերոսների մասին չեն խոսում, չեն գնահատում նրանց։ Շատ կարևոր է՝ ինչ արժեքներով ենք մենք ապրում, դաստիարակում մեր սերնդին։ Իսկ այն, որ հիմա կսկսեն ինձ քարկոծել, գիտեք, որ սովոր եմ դրան։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am