Ինչո՞ւ է քաղաքական հարձակումների ենթարկվում հենց կրթության ոլորտը. ԿԳՄՍ նախարարի խորհրդականը մանրամասնում է

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական, կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը

– Պարո՛ն Կարաբեկյան, կրթության ոլորտի բարեփոխումները սուր քննադատության են ենթարկվում։ Ավելին, այս հարցում կարծես մանիպուլյացիաներ են արվում, հասարակության համար զգայուն տարբեր թեմաներ են արծարծվում, ընդհուպ որոշ շրջանակներ տարիներ առաջ սեռական դաստիարակության մասին հրապարակված գիրքը ներկայացնում են որպես դպրոցական դասագիրք։

Ո՞րն է այս տեղեկատվական հոսքի պատճառը, արդյոք բավարար քայլեր կատարվո՞ւմ են՝ այս քարոզչությանը հակազդելու համար։

– Ես փիլիսոփայորեն եմ վերաբերվում այդ ամենին։ Ինչո՞ւ, եկեք երեք կարևոր արձանագրում անենք։ Առաջինը՝ եկեք փաստենք հանրահայտ մի ճշմարտություն՝ կրթության բովանդակությունը բարդ նյութ է, և դրանում անգամ մակերեսայնորեն կողմնորոշվելու համար զգալի պատրաստվածություն է պետք։

Ազգային ժողովում նախարարի հրաժարականի մասին խղճալի հարցապնդումը հենց դրա ցցուն վկայությունն էր։ Նունը կարելի է ասել նախարար Հարությունյանի ասուլիսի մասին։ Այն բոլոր թեզերը, որոնք նախարարն առաջադրեց իր ելույթում, վերաբերում էին բովանդակությանը։ Եվ ենթադրվում էր, որ լրագրողական հանրությունը պետք է այս կամ այն կերպ անդրադառնար դրանց, հարցեր ուղղեր, գուցե նաև քննադատեր։ Բայց հարցերը բոլորովին այլ բաների էին վերաբերում։

Երկրորդ արձանագրումը կրթության չափորոշիչների մասին է։ Հիմնական տեղեկատվական աղմուկը վերաբերում էր հայ գրականությանը և հայոց պատմությանը։ Մի քանի ամիս առաջ նույն աղմուկը բարձրացել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում։

Սա մի կողմից ունի օբյեկտիվ պատճառներ, որովհետև զգայուն նյութ է, կապված է էթնոմշակութային խնդիրների հետ, որոնք շատ նուրբ են։ Մյուս կողմից, վերադառնալով առաջին արձանագրմանը, այստեղ նույնպես ունենք բավական տխուր իրավիճակ։

Երկար տարիներ, հատկապես վերջին տասնամյակում, մեր հումանիտար ոլորտն աստիճանական անկում է ապրել։

Բանասիրությունը շատ դեպքերում վերածվել է ասմունքափղձկային հեծկլտանքի, պատմությունը, հետահայաց տեղեկատվությունը վերլուծելով, արդիական խնդիրներն իմաստավորելու և լուծելու կարևոր գործիք լինելու փոխարեն վերածվել է անցյալի մասին ըղձական եղանակով շարադրված նկարագրությունների։

Եվ այս պայմաններում որևէ բովանդակային քիչ թե շատ օգտակար բանավեճ դժվար է ակնկալել։ Ցանկացած գործ, մտավոր արտադրանք միշտ կարիք ունի կողմնակի հայացքի, գործընկերային քննարկման, նաև քննադատության։ Սա շատ բնական պրոցես է, բայց միայն այն դեպքում, եթե դու խոսում ես դրան պատրաստ մարդկանց հետ։ 

Երրորդ արձանագրումն արդեն վերաբերում է ձեր նշած մանիպուլյացիոն տարբեր հնարքների գործադրմանը։

Որքան էլ դա առաջին հայացքից անտրամաբանական թվա, այնուամենայնիվ, ցավոք սրտի, դա մեդիաաշխարհի աննախադեպ ընդլայնման պայմաններում դարձել է սովորական բան։

Եկեք հասկանանք՝ եթե կա, օրինակ՝ 10 ինֆորմացիոն առիթ, և կա այդ ինֆորմացիոն առիթները սպասարկող 200 լրատվամիջոց, ակնհայտ է, որ դժվար է ակնկալել որևէ լուրջ մրցակցություն բովանդակային տեսանկյունից։ Դուք նկատել եք, որ բավական հայտնի կայքեր, թերթեր միմյանցից նյութ են արտատպում։ Սա բնական պրոցես է։

Նման մի պրոցես, ի դեպ, տեղի ունեցավ բարձրագույն կրթության ոլորտում, երբ մոտավորապես վերջին 30-40 տարվա ընթացքում աննախադեպ աճ եղավ բարձրագույն կրթական հաստատությունների աշխարհում։

Բարձրագույն կրթության զանգվածայնության պայմաններում առաջացավ որակի հավաստման խնդիր։ Եվ մշակվեցին կրթության որակի կառավարման և հավաստման մեխանիզմներ, որոնք թույլ էին տալիս դիմորդին կողմնորոշվել՝ արդյոք այս կամ այն բուհը կամ բուհի ծրագիրը որակական որոշակի չափանիշների համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։

Այսինքն՝ ստեղծվեցին տարբեր տեսակի մեխանիզմներ, որոնք թույլ էին տալիս ընտրություն կատարելիս հենվել որոշակի հավաստի տեղեկատվության վրա։ Հիմա շատ է խոսվում և՛ մեդիագրագիտության, և՛ նման այլ բաների մասին։ Ես կարծում եմ, որ նման մի որակի հավաստման գործիք պետք է անպայման ներդրվի մեդիա ոլորտում։

– Որպեսզի այդ ինֆորմացիոն հոսքերը կառավարվեն ու զսպվե՞ն։

– Ո՛չ, պետք չէ կառավարել։ Խոսքը դրանք վերահսկելու ու կառավարելու մասին չէ, որովհետև տեղեկատվության ազատությունը բարձրագույն արժեք է։ Բայց, ինչպեսև ցանկացած արժեք, այն կարող է էութենազրկվել՝ դառնալով դատարկ մի թեզ։ Խոսքը ոչ թե վերահսկելու մասին է, այլ ավելի շուտ մեդիա դաշտում այնպիսի ընթացակարգեր մշակելու, որոնք նվազագույնի կհասցնեն էժանագին ձեռնածությունները։

Առաջին քայլը պիտի լինի այս կամ այն բնագավառում մասնագիտացած լրագրողներ պատրաստելու խնդրի լուծումը, կրթության, գիտության, մշակույթի հարցերով պետք է հանդես գան այդ ոլորտների մասնագիտական խնդրացանկին հաղորդակից լրագրողներ։

Սրանք օբյեկտիվ գործոններն են, բնականաբար, բազմաթիվ այլ գործոններ էլ կան։ Այստեղ կան նաև պարզունակ քաղաքական և նյութական շահեր, դրանց մասին շատ է խոսվում։

– Ամեն դեպքում՝ արդյոք այսօր անհրաժեշտ ռեսուրսներ կիրառվո՞ւմ են՝ այդ տեղեկատվությանը հակազդելու համար։ Կրթության ոլորտի խնդիրները շահարկելով՝ որոշ ուժեր կարծես քաղաքական խնդիր են փորձում լուծել։

– Բնականաբար, այստեղ էլ կա երկու ասպեկտ։ Ես չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվել, բայց բանավեճի նշաձողն այնպիսին է, որ երբեմն շատ դժվար է հակադարձել, որովհետև հակադարձելով՝ կարծես թե ակամա հայտնվում ես այդ նշաձողի մակարդակին։

Երկրորդ՝ պարզ է, որ այսպիսի զանգվածային քաղաքական հարձակումների պայմաններում շատ դժվար է և՛ աշխատել, և՛ հակադարձել նույն ծավալով։

Բայց, ի վերջո, այս ամենի մեջ, որքան էլ զարմանալի թվա, ես նաև լավ ազդանշան եմ տեսնում։ Երբ փորձում ես հասկանալ, թե ինչո՛ւ է հենց կրթության, գիտության և մշակույթի ոլորտը թիրախավորվում այդ տարբեր խմբերի կողմից, գալիս ես այն եզրակացության, որ որքան էլ դրանք խոսեն այս ոլորտներում փոփոխությունների բացակայության մասին, իրենք իսկ հասկանում, իսկ երբեմն նաև՝ ուղիղ խոստովանում են, որ իրականում ոլորտում ընթանում են շատ լուրջ փոփոխություններ, որոնք միանգամից կարող են չերևալ, բայց իրական վտանգ են ներկայացնում նրանց համար, քանի որ դա պահանջելու է բոլորովին այլ մակարդակի պատրաստվածություն՝ այդ համակարգում տեղ գրավելու, այդ համակարգում գործելու համար։

Դրանք վախեր են, որոնք, ըստ էության, բացատրելի են, բնազդն է խոսում այստեղ։ 

Մյուս կողմից՝ բնականաբար, այդ ամենում կան նաև մեր բացթողումները։ Այս փորձառությունն ինձ ստիպեց հասկանալ, որ հանրային հաղորդակցության ավելի բազմազան գործիքների կարիք ունենք մենք։ Տարիներ շարունակ մենք դրա ավանդույթը չենք ունեցել, ըստ էության բացակայել է խնդիրները համատեղ քննարկելու և լուծելու մշակույթը։

Բայց շատ կարևոր է խոսքդ «թարգմանել» հանրայնորեն ընկալելի լեզվի, և ես կարծում եմ, որ մենք այդ առումով դեռ շատ ասելիք ունենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am