Ալցհայմերով հիվանդների աճի միտում է գրանցվում նաև Հայաստանում

Ալցհայմերի հիվանդության իրազեկման միջազգային օրվան նվիրված միամսյակը․ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արդեն 10-ը տարի շարունակ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհում մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ` իրազեկելու հասարակությանը Ալցհայմերի հիվանդության մասին և հաղթահարելու առկա մարտահրավերները: Այս տարի Հայաստանը ևս միացել է Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրվան, և մեկ ամիս շարունակ կիրականացվեն տարբեր միջոցառումներ:

Ի՞նչ է Ալցհայմերի հիվանդությունը: Այն ծերունական թուլամտության` դեմենցիայի հիմնական պատճառն է և դրսևորվում է հիշողության վատթարացմամբ և ուղեղի գործառույթների խանգարումներով։ Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհայմերը 1906 թվականին, որի անունով էլ կոչվում է հիվանդությունը:

Հիվանդության առաջին ախտանշաններից է հիշողության կորուստը, որը մեծ մասամբ ի հայտ է գալիս 65 և ավելի բարձր տարիքի անձանց մոտ: Սկզբում վնասվում է կարճատև հիշողությունը. հիվանդը չի հիշում՝ երեկ ինչ է արել: Հիվանդության խորացման հետ դիտվում է նաև երկարաժամկետ հիշողություն կորուստ: Ախտորոշումից հետո հիվանդների կյանքի միջին տևողությունը 7 տարի է, 3%-ից քիչ հիվանդների մոտ այն կարող է հասնել մինչև 14 տարի:

2006 թվականի տվյալներով` աշխարհում Ալցհայմերով հիվանդների թիվը 26,6 մլն է, իսկ մինչև 2050թվականին թիվը կարող է աճել մոտ չորս անգամ: Աճի միտում է գրանցվում նաև Հայաստանում:

2017 թվականին ծերաբույժ Ջեյնը հիմնադրել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել կայուն ծրագրեր ու ծառայություններ հիշողության կորուստ ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։

Մասնավորապես` հիշողության ակումբներ են հիմնվել «Նորքի տուն-ինտերնատում», «Օրրանի» Վանաձորի կենտրոնում, «Առաքելություն Հայաստանի» գրասենյակում, որտեղ այցելուները շփվում են, մարզում են ուղեղը` կանխարգելելով Ալցհայմերի հիվանդության արագ զարգացումը։ Մեկամսյակի շրջանակում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ նախատեսվում է Երևանում ևս Հիշողության ակումբ ստեղծել։

Նորքի տուն-ինտերնատում կիրառության է դրվել ռոբոտ Ռոբինը, որն աջակցում է այնտեղ ապրող տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքների բավարարմանը: Փորձ է արվում ռոբոտի միջոցով բարձրացնել տարեցների տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները:

Առաքելություն Հայաստանի ջանքերով` աջակցության հեռախոսային ծառայություն է ներդրվել, որին միանալով` խնամատարներն ու ընտանիքի անդամները կարող են ստանալ խորհրդատվական աջակցություն ամենաբազմազան հարցերով։