ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին․ Ազատություն

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ, գրում է Ազատությունը։

Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրեր առաջ էր վերադարձրել։ Հայկական կողմը կասկածներ ունի, որ արյունալի մարտերից հետո ևս 31 զինծառայող ադրբեջանական գերության մեջ է։

Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել՝ տեղեկատվություն խնդրելով ադրբեջանական զինուժի կողմից օրերս գերեվարվածների մասին։

Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սպառիչ տեղեկություններ ներկայացնելուց հետո ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում կկայացնի՝ զբաղվելով նրանց իրավունքների պաշտպանությամբ։ Լիպարիտ Դրմեյանը չի բացառում, որ նախորդ փորձերից ելնելով, Ադրբեջանը կամ չարձագանքի Եվրադատարանին, կամ էլ երկար ժամանակ խնդրի տեղեկություններ ներկայացնելու համար։

«Դատարանն այս պահին տեղեկատվություն է պահանջել անձանց վերաբերյալ՝ ինչ վիճակում են պահվում, առողջական վիճակ և այլն: Այդ տեղեկատվությունը ստանալուց հետո դատարանը կորոշի ինչպիսի միջոցներ կիրառել, Ադրբեջանին ինչպիսի ցուցումներ տալ», – ասաց Դրմեյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում