ԱԱԾ-ն հրպարակել է վարքի կանոններ ահաբեկչության սպառնալիքի դեպքում

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է վարքի կանոններ՝ ահաբեկչության սպառնալիքի դեպքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ-ն լուսանկարների տեսաշար է կազմել, թե ինչ անել ահաբեկչության սպառնալիքի կամ պատանդ ընկնելու դեպքում:

Ըստ ԱԱԾ-ի` պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրերն են մետրոյի և երկաթգծի կայաններ, խանութներ և շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ և տրանսպորտային միջոցներ, կենսապահովման օբյեկտներ, ուսումնական հաստատություններ, բուժհաստատություններ և այլն:

Կասկածելի առարկա հայտնաբերելիս անմիջապես հայտնել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ցանկացած այլ հերթապահ ծառայություն:

Ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել, չտալ ուրիշներին, սպասել մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը:

Պատանդ ընկնելու դեպքում ԱԱԾ-ն հորդորում է հնարավորինս չգրավել հանցագործի ուշադրությունը, փորձել կանխել հիսթերիան և խուճապը, հնարավորինս չդիմադրել, չենթարկվել սադրանքներին, հնարավորինս կատարել հանցագործի պահանջները, չհակադարձել նրան, փորձել սեփական վարքագծով և խոսքով նվազեցնել հանցագործի ագրեսիայի մակարդակը: