«Ես հղի եմ»․ պատերազմում որդուն կորցրած Ստելլան ասում է՝ «Ապրում եմ էն հույսով, որ նորից իմ Վահեն պիտի վերածնվի»

«Տղուս ամեն մի բառը հիշում եմ, ամեն անգամ զանգելուց արտասովոր ասում էր՝ ալոոո՜, ասում էի՝ ջանեեե՜։ Ասում էր՝ ի՞նչ կա, մամեսնյակ, երբեք էդ բառը չեմ մոռանա՝ մամեսնյակ»,- պատմում է 44-ամյա Ստելլա Բաղդասարյանը և հուզվում։

Ստելլան 44-օրյա պատերազմի երրորդ օրը կորցրել է որդուն՝ 20-ամյա Վահե Բաղդասարյանին։

Վահեն 2019-ին էր զորակոչվել բանակ, երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտի և տուն վերադառնա։ Վեց ամիս Մատաղիսում է ծառայել, այնուհետև տեղափոխվել է Թալիշ, որտեղ էլ սեպտեմբերի 30-ին զոհվել է։

«Ինքը պոստին կանգնած է եղել, հարվածել են, ականի պայթյունից, թե ԱԹՍ-ից, երեկոյան ժամ է եղել, տղերքն արդեն չեն ջոկել, ասում են՝ հանկարծակի լուսավորվեց, ու մեր մոտ պայթյուն առաջացավ։

Շատ վիրավոր ընկերներ են ունեցել, վիրավոր ընկերներին օգնելու ժամանակ հարվածից ինքն է վիրավորվել։ Սկզբում վիրավորվել է ոտքերից, հետո ընկերները սկսել են իրան օգնել, առաջին վիրավորումից մի քանի րոպե չանցած՝ արդեն երկրորդ հարվածը գլխին է եղել։ Մեզ ընկերները պատմեցին, տղաս գնդացիր էր, իր օգնականը պատմեց, էդ ընկերը վիրավորվել էր, իսկ ինքը՝ զոհվել»,- կսկիծով ասում է Ստելլան։

Ստելլա Բաղդասարյանը որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Մայրը հիշում է, որ վերջին անգամ որդու հետ խոսել է պատերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին։ Ցավով ընդգծում է՝ ուղիղ մեկ տարի է, որ որդու ձայնը չի լսել․ «Ինքը նոր էր պոստից իջել, զանգեց, մոտ մի ժամ խոսեցինք։ Մեր վերջին զանգն էր․․․»

Որդու զոհվելու մասին ընտանիքը տեղեկացել է հոկտեմբերի 4-ին, իսկ երեք օր անց զոհվածների ցուցակում եղել է նաև անուն, ազգանունը։

«Իմ կյանքը կտրուկ 90 աստիճանով փոխվեց։ Թե էդ ժամանակ 40 տարեկան էի, միանգամից դարձա 60 տարեկան՝ սպիտակած մազերով, ծանր հոգեկան վիճակով»։

Նոյեմբերի 30-ին որդու մարմինը գտնվում է, և հուղարկավորում են: Մայրը պատմում է, որ որդու մարմինը չեն տեսել, քանի որ դագաղը փակ է եղել: Հողին հանձնելուց 40 օր անց տեղեկանում են, որ ԴՆԹ-ն հաստատվել է։

«Պարզվեց, որ տղայիս գլուխը չի եղել, ԴՆԹ-ի պահով փորձաքննության տեղն է եղել, հետո մեզ հանձնեցին: 

Մի քիչ հանդարտվել էինք հուղարկավորությունից հետո, հետո նորից ԴՆԹ-ի զանգը, նորից հուղարկավորություն, նորից նույն ապրումները, նորից նույն վիշտը։ Ուղիղ մի տարի կործանվեցինք դաժան ձևով»։

Վահե Բաղդասարյանը սովորել է Արթիկի Վարդաքար գյուղի դպրոցում։ Մայրն ասում է՝ շատ խելոք էր, շնորհքով, հարգված։

«Շատ համեստ էր, հոգատար, խղճով, նորակոչիկների նկատմամբ շատ համբերատար էր: Վահեն ընկերասեր էր, մարդամոտ։ Կարող ա իրան վատ լիներ, մի քիչ իրան նեղ լիներ, բայց դիմացինի համար լայն լիներ, որ ինքը հանգիստ լիներ, սաղին հասնող էր։ Մեծ սեր ուներ համակարգչի հետ, ֆուտբոլի հետ էլ սեր ուներ»,- ասում է մայրն ու կրկին հուզվում։

Ստելլան ասում է՝ շատ ծանր է որդու զոհվելուց հետո ապրելը, բայց հիմա մի հույս ու լույս ունի, որ նորից Վահեն կվերածնվի։

«Ես հղի եմ։ Ապրում եմ էն հույսով, որ նորից իմ Վահեն պիտի վերածնվի, դեկտեմբերին իրեն պիտի գրկեմ։ Տղայիս իր հերոս եղբոր անունն եմ դնելու»,- ասում է 44-ամյա Ստելլան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am