Քաղցկեղով հիվանդ և տունն ու տեղը կորցրած՝ Թամարա Եգոյանը Արցախի Շահումյան շրջանից՝ Գեղարքունիք․ «Օգնության կարիք ունենք՝ թեկուզ դեղորայքով, սննդով»

58-ամյա Թամարա Եգոյանը քաղցկեղով հիվանդ է, հիվանդությունը երրորդ փուլում է, Արցախյան պատերազմն ու տնից տեղահանումն էլ ավելի են ընկճել նրան։

Թամարա Եգոյանը մինչև Արցախյան պատերազմն ապրել է Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում։ Գյուղից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին։ 

«Պատերազմի օրերին տղաներս երկուսը մնացին էնտեղ, որ հայրենիքը պաշտպանեն։ Մեծ տղաս զինվորական ա, Շուշիում կռվել ա։ Ես տնից դուրս եմ եկել պատերազմի առաջին օրը, գնացել եմ քույրիկիս տուն՝ մտածելով, որ կռիվը կպրծնի, հետ կգանք… Բայց կռիվը պրծավ, ու մեր տունն անցավ ադրբեջանցիներին, հիմա մնացել ենք դրսում»,- հուզմունքով ասում է Թամարան։

Թամարան երկու տղաների հետ այժմ վարձով բնակվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։

Ասում է, որ պետության կողմից տրամադրվող 300 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվել են, սակայն գումարն արդեն վերջանում է, ինքն էլ առողջական խնդիրներ ունի․ մի կողմից՝ ծանր հիվանդությունը, մյուս կողմից՝ ֆինանսական խնդիրները հուսահատության են մատնել։

«Հիվանդ կին եմ, երրորդ կարգի քաղցկեղով հիվանդ եմ, առայժմ կանչում են, որ օպերացիա անեն, ֆինանսապես չունենք աջակցություն, օգնող չունեմ, տղաներս զորամասում էին աշխատում, հիմա աշխատանք չունեն։ Ես վիրահատվել եմ նախկինում, անվճար ա եղել, հիմա գումարի հետ կապված է: Ասել են՝ վիրահատություն պետք ա անեն, դեռ չգիտեմ, մենակ մի քիմիա ստանալը 40 հազար է։

Ստեփանակերտում ես քիմիա ընդունել եմ անվճար, ստեղ մինչև գումար չտաս, քիմիան չեն անի։ Բացի դրանից, վախենում եմ նաև, ճիշտն ասած, ոտքիս ա տվել, վիրահատությունից էլ եմ վախենում՝ ինչ կլինի»,- հուզմունքով նշում է Թամարան։ 

Թամարայի խոսքով՝ պետությունից ստացած դրամական աջակցությունը սպառվում է, ծախսերը շատ են, ջեռուցման գումարն էլ զգալի է: 

«Մենակ 35 հազար լույսի փող ենք տվել, ես էլ ցուրտ տեղ չեմ կարա մնամ, ոտքս որ մրսում ա, ես շուտ հիվանդանում եմ, ավելի վատ եմ զգում։ Օգնության կարիք ունենք՝ թեկուզ դեղորայքով, սննդով»,- նշում է Թամարան։

Թամարա Եգոյանը՝ վատառողջ և տունն ու տեղը կորցրած, չի պատկերացնում ապագան, ասում է, որ այս իրավիճակում Արցախ վերադառնալ չի պատկերացնում: «Արցախ գնալ չեմ ուզում, վախենում եմ, ամեն ինչ տեսել ենք, արդեն վախենում ենք։

Տղաներս այստեղ աշխատանքի տեղ են ման գալիս, զորամաս են ուզում մտնեն, իրանց հարմար ա, իրանց մասնագիտությունն ա, բայց տեղ չկա, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ասում է Թամարա Եգորյանը:

Թամարա Եգորյանի ընտանիքին օգնելու ցանկության դեպքում՝ խնդրում ենք գրել «Մեդիալաբի» Ֆեյսբուքի էջին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am