Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Փետրվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին։

Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։


Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ: Առանձին անդրադարձ է կատարվել այն հարցին, որ բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք:


Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը: