Թեժ պայքար է ընթանալու, ինչի արդյունքում Ազգային ժողովում կհայտնվի 5-6 քաղաքական ուժ. սոցիոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանում ակտիվ քաղաքական եռուզեռ է, ուժերը պատրաստվում են ընտրություններին: Ընտրություններից մեկ ամիս առաջ արդեն հայտնի է ընդհանուր պատկերը՝ որ ուժերն են մասնակցում, ինչ կազմով: Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ կանխատեսումներ ունեք, ի՞նչ պայքար է ընթանալու:

– Ասեմ ձեզ, հատուկ ուսումնասիրություն չենք կատարել, բայց ես հետևում եմ, և, իմ պատկերացումներով, ավելի ակտիվ մասնակցություն կլինի ընտրություններին, և շատ կուսակցություններ կընդգրկվեն ապագա Ազգային ժողովում: Այսինքն՝ ոչ թե երեքը կլինեն, այլ 5-6-ը: 

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Որովհետև նախ՝ արդեն մասնակիցները շատ են, և հետո՝ բևեռներն են շատ տարբեր: Ամեն մեկն իր ծրագրերն ու մոտեցումներն ունի, և այնպես են տրամադրված, որ կարծես թե ոչ մեկը չի ցանկանում դաշտը զիջել: Կարծում եմ՝ բավականին թեժ նախընտրական պայքար կգնա, և, համոզված եմ՝ կուսակցությունների թիվն ավելին կլինի, քան 3-ը:

– Իսկ ինչո՞ւ նման իրավիճակ ստեղծվեց, պարո՛ն Պողոսյան: Դուք նախորդ բոլոր ընտրություններում ուսումնասիրություններ եք կատարել, ի՞նչն է տարբերությունը:

– Շատ մեծ է, անկեղծ ասած, ուղղակի կարող ենք ասել՝ աննախադեպ իրավիճակ է, որովհետև նախ՝ պատերազմ, պատերազմում պարտություն, պարտությունից հետո այսպիսի անկայուն իրավիճակ, կային մեծ ուժեր, որոնք իշխանությունների հրաժարականն էին պահանջում: Նման իրավիճակ շատ քիչ է եղել մեր պատմության մեջ: Եվ վերջապես, ընտրությունները արտահերթ են: Բազմաթիվ պարագաներ կան՝ հուշում են, որ սա իրոք տարբերվելու է մնացած բոլոր ընտրություններից:

– Քաղաքական ուժերի պատրաստվելու համար նաև ժամանակահատվածն էր քիչ…

– Այո՛, պատրաստված չեն: Նախ՝ կուսակցությունները պատրաստված չեն իրենց նախընտրական արշավներով, բուկլետներով, պաստառներով ավելի քիչ են պատրաստված: Դա միանշանակ է: Եվ, բացի այդ, ընտրազանգվածն էլ պատրաստ չէ, նրանք էլ կողմնորոշված չեն: Քաղաքական ուժերը չեն հասցնելու ընտրազանգվածի հետ աշխատել, սովորաբար երկու-երեք ամիս ժամանակ էին ունենում: Հիմա ընտրողը ընտրությունների նախօրեին պարզապես որոշելու է, թե ում տա իր ձայնը: Տեսնելու է 6-8 կուսակցություն և ինչ-որ ներքին մղումներից ելնելով… Սովորաբար մեր ընտրողն անձերի նկատմամբ կողմնորոշում ունի՝ ընտրելով կուսակցություն՝ ընտրում է առաջին նշված անձին: 

– Կա տեսակետ, որ ընտրապայքարն ընթանում է Փաշինյանի և Քոչարյանի միջև: Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս:

– Ես համաձայն եմ, նման իրավիճակ կա. ընտրության բևեռները այդ երկուսն են՝ Փաշինյան, թե Քոչարյան, որովհետև այդ ազգանունների տակ կանգնած է մի ամբողջ աշխարհայացք: Իհարկե թեժ պայքար է գնալու նաև մյուս կուսակցությունների միջև, բայց եթե սիմվոլիկ ասենք, այսպես է՝ երկու բևեռը այս ընտրություններում լինելու են՝ Փաշինյա՞ն, թե՞ Քոչարյան:

– Դուք ասում եք՝ նոր խորհրդարանում լինելու են 5-6 ուժեր, ո՞ր ուժերին նկատի ունեք:

– Ես կարծում եմ՝ մեծ կուսակցությունները, դաշինքները անպայման իրենց տեղը կգտնեն նոր խորհրդարանում: Ասենք՝ «Բարգավաճ Հայաստանը» իր կայուն 10-15 տոկոսը կունենա, որովհետև ունեն տարիներ շարունակ ձևավորված ընտրազանգված, որի միջոցով ընտրվել են:

Քոչարյանի դաշինքը Դաշնակցության հետ որոշակի շանսեր ունի, բավական զգալի շանսեր՝ որպես միակ լուրջ ընդդիմադիր, դե, Փաշինյանը ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսով և ոչ միայն, նույնպես տեղ կունենա խորհրդարանում: Կարծում եմ՝ Վանեցյանի միավորումը ևս շանսեր ունի, և միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը նույնպես անցնի խորհրդարան: Կարծում եմ, որ այս ուժերը կհաղթահարեն Ընտրական օրենսգրքով սահմանվող անցողիկ շեմը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am